Թացը չորից զատենք

Թացը չորից զատենք

Ընդամենը 2 օր առաջ Հանրային ռադիոյի աշխատակազմից մի հայտարարություն տարածվեց, որն ավանդական պատկերացմամբ՝ անստորագիր էր։ Բայց «Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ» ստորագրված գրության մեջ բազմաթիվ փաստեր էին մատնանշված՝ է՛լ անհավասար վարձատրություն, երբ մի խումբ մարդիկ բազմանիշ գումարներ են ստանում, չարքաշ գործ անողները՝ 70-100 հազար դրամ։ Է՛լ բանիմաց աշխատակիցներին անփորձ յուրայիններով փոխարինելու մեղադրանք։ Է՛լ արտոնյալների «փակ աշխատասենյակներ», երբ հիմնական աշխատակազմը նստելու տեղ չունի։ Է՛լ Հանրային խորհրդի անդամներին ապօրինի վարձատրություններ՝ կեղծ ազգանունների տակ։

Ծանր մեղադրանքներ, որոնց մի մասը, ճանաչելով Մարկ Գրիգորյանին, վստահ ենք՝ իրականությունից հեռու են։ Բայց մի բան պարզ է, որ հանրային միջոցներից սնվող հիմնարկում խորը դժգոհություն է առաջացել, որոնք նոր չեն, եւ դրանց անմիջական պատասխանատուներից մեկը նաեւ տնօրեն Մարկ Գրիգորյանն է։ Երեկ Մարկ Գրիգորյանն այս բողոքի արդյունքում հրաժարական տվեց։ Դժվար է ասել՝ կոլեկտիվը հաջորդ տնօրենից գո՞հ է լինելու, թե՞ ոչ։ Որեւէ կոլեկտիվի, առավել եւս՝ բազմամարդ եւ տարիներով կարծրացած, ինչպիսին Հանրային ռադիոյի աշխատակազմն է, բավարարելը հեշտ բան չէ։ Իսկ հեղափոխությունից հետո սկսված իշխանափոխության ալիքը հերթով թակում է բոլոր կառույցների դռները։ Բայց այս «տնօրինափոխության» ալիքի տակ կարող են նաեւ լավ, բանիմաց կադրեր ընկնել։

Ի վերջո, բոլոր կառույցներում կան հաստիքով «դժգոհներ», ինտրիգաններ, խառնակիչներ, որոնք կարող են բողոքի ալիք հրահրել եւ լավ, խիստ, անկաշառ ղեկավարներին դուրս մղել ասպարեզից։ Ամեն դեպքում, բողոքելն ու ավերելը չպետք է դառնան կյանքի նորմ։ Եվ անցյալում աշխատած ամեն պաշտոնյա չէ, որ արժանի է հեռացման։