Թիրախը փոխոստիկանապետն է

Թիրախը փոխոստիկանապետն է
Հովհաննես Քոչարյան

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի բնակարանից գողություն է կատարվել։ Սա այն Քոչարյանն է, որ 10 օր առաջ հարցազրույց էր տվել եւ դատապարտել լրագրողներին՝ ոստիկանության աշխատանքը թերագնահատելու, չհամագործակցելու համար։ Առիթը news.am-ի խմբագրություն ոստիկանի այցելությունն էր եւ բարձրացած աղմուկը։ Փոխոստիկանապետն իր հարցազրույցում ասել էր․ «Այսօր ոստիկանությունն ունի հանրային վստահության բարձր մակարդակ, որին շատ դժվար ենք հասել, հասարակական վստահությունը մեզ համար շատ թանկ ձեռքբերում է»:

Այս նախադասությունը կարդացողներից շատերը թերեւս հիշեցին «դասականին»՝ «իյա, իրո՞ք»։ Իսկ երբ տեղեկացանք, որ հանրապետությունում քրեածին իրավիճակը «հասել» է նաեւ Քոչարյանին, եւ գողերն անգամ նրա բնակարանը չեն խնայել, հասկացանք, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության շատ «բարձր» մակարդակ են ապահովել այս պաշտոնյաները։

Հարց է ծագում՝ ի՞նչ վստահության եւ պաշտպանվածության մասին կարող է խոսք լինել, երբ անգամ երկրի փոխոստիկանապետի գույքն ու սեփականությունը պաշտպանված չեն մեր երկրում։ Իր գույքի ու անձի անձեռնմխելիությունը պաշտպանել չկարողացող փոխոստիկանապետը փոխարենը դասեր է տալիս լրագրողներին ու լրատվամիջոցներին․ «Իրավապահ մարմնի նկատմամբ հանրային վստահությունը տատանող ցանկացած հրապարակում պետք է մատուցվի լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով ու նրբանկատությամբ, ինչո՞ւ, որովհետեւ իրավապահ մարմնի նկատմամբ տարածվող նեգատիվ տեղեկատվությունը, հատկապես չստուգված ու չհաստատված կամ քաղաքական ու խմբային շահերով երանգավորված, շատ դժվար է դուրս գալիս հանրային գիտակցության շերտերից»: Իսկ գուցե հանրային վստահությունը սասանվում է, երբ փոխոստիկանապետի տո՞ւնն են թալանում։