Գերմանուհին խնդրել էր իրեն թաղել հայկական եկեղեցում՝ հայկական կարգով

Գերմանուհին խնդրել էր իրեն թաղել հայկական եկեղեցում՝ հայկական կարգով

Ռուբեն Սևակի մասին բոլորդ գիտեք՝ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ 1915 թ. Օգոստոսի 25-ին իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը, Սիամանթոն), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով,  խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը։ Նա տեսել է, թե ինչպես են մահանում իր աչքի առաջ հոգեկից ու գրչակից ընկերները… Բայց ես այդ մասին չեմ խոսելու, նրա կնոջ մասին եմ պատմելու, որն ազգությամբ գերմանուհի էր։  

1915 թվականի ապրիլի 24-ին ամուսնու աքսորից հետո կինը՝ Յաննի Ապել Սևակը մեկնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ ամուսնուն ձերբակալելու հարցով։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու նրա խնդրանքին․ 
- Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել։

Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին.
- Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար։
Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Ապել Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթության է տալիս։ Պատմում են, որ ամուսնու մահից հետո կինն արգելել է երեխաներին գերմաներեն խոսել և պահանջել է հետևել հայկական ավանդույթներին ու ծեսերին:

Յաննին մահանում է Նիցցայում 1967 թվականի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։ Իսկ նրա դուստր Շամիրամը կյանքից հեռացել է 2016 թվին, 102 տարեկանում, Նիցում: Երբ նրան հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր. 
-Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն էր: