Իսրայելն ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկվել

Իսրայելն ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկվել

Լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման զինյալներն ավելի քան 60 հրթիռ են արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, հայտնում է The Times of Israel-ը։

Մոտ 20 հրթիռ հարվածել է Կիրյաթ Շմոնա քաղաքին, հարձակման հետևանքով վիրավորվել է 65-ամյա մի տղամարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հրթիռների մեծ մասը ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից:

Հրատարակության տվյալներով՝ հարվածներն առաջինը հասցվել են Կիրյաթ Շմոնային։ Քաղաքում վնասվել են տներ և մեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենա։ 20 հրթիռներից 10-ը հասել են Իսրայելի տարածք, մնացածը խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Հարձակման հետեւանքով քաղաքի մի հատվածում խափանվել է էլեկտրամատակարարումը։

Ավելի ուշ «Հզբոլլահ»-ը 40 հրթիռ է արձակել Լիբանանի հետ սահմանին գտնվող Գալիլեա Փանհանդլ շրջանի վրա։ Իսրայելի տարածքի վրա երկրորդ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ 

Նշվում է, որ իսրայելցի զինվորականները պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին՝ հարվածով Մարկաբա, Թայբահ, Քաֆր Կիլա և Օդաիսա քաղաքների թիրախներին։

Լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը հրապարակել է «Հզբոլլահի» զինյալների հայտարարությունը, որում նրանք ստանձնում են Հյուսիսային Իսրայելի վրա հարձակումների պատասխանատվությունը։ Հաղորդագրության համաձայն՝ հարվածն իրականացվել է ի պատասխան Իսրայելի օդուժի կողմից Մեյս ալ Ջաբալի վրա կատարված հարձակման։