Դա ես որակել եմ որպես դիակապտություն, և ես իմ որակմանը տեր եմ

Դա ես որակել եմ որպես դիակապտություն, և ես իմ որակմանը տեր եմ

Այս պահին տնային կալանքի տակ է Ասկերանի քաղաքապետը, բանտային կալանքի տակ են Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետերը, նրանց բոլորին առաջադրված մեղադրանքները նույնաբնույթ են։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նշենք, որ նրանց բոլորին առաջադրված մեղադրանքները կապված են Արցախից իրենց հետ բերված գույքի օտարման գործընթացի հետ, մի հարց, որը Հայաստանի Հանրապետության ու հատկապես ՀՀ իշխանությունների, իրավապահ համակարգի հետ որևէ կապ չունի, ուստի տակը մնում է միայն քաղաքական պատճառ․ բոլոր քաղաքապետերը ընդդիմադիր հայացքներ ունեն, մասնակցել են Բագրատ սրբազանի հետ հանդիպումներին։ Ռուբեն Մելիքյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ քաղաքապետերին կալանավորել են, որպեսզի վերջիններս չկարողանան կազմակերպել արցախցիներին՝ Բագրատ սրբազանի հավաքներին ու անհնազանդության գործողություններին մասնակցելու համար․

«Ոչ թե հնարավոր է, այլ ես հակառակն եմ բացառում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է դեռ հունվար-փետրվար ամիսներին, ժամանակագրությունը շատ հստակ է, թե ինչը երբ է եղել, հունվար- փետրվար ամսիներին կատարված գործարքների համար մեկ էլ հանկարծակի ոստիկանությունը սկսում է հաղորդումներ ներկայացնել Քննչական կոմիտեին, այսինքն՝ նիկոլական մի ձեռքից էստաֆետայի փայտիկը փոխանցվում է մյուս ձեռքին, երկու նիկոլական կառույցներ միմյանց․․․։ հակառակն ուղղակի անտրամաբանական է»,- ասաց Մելիքյանը։ Իրավապաշտպանին հարցրինք նաև՝ նախաքննական մարմիններն ի՞նչ են պատասխանել, երբ իրենց ասվել է, որ իրենք Արցախի հետ պարզապես գործ չունեն և փաստացի օրենք են խախտում․

«Ես այդ փաստարկը ոչ միայն բերել եմ, այլև ես վստահ եմ, որ այդ փաստարկը ուղղակի ինչ-որ մի օր հենց այդ փաստարկն է այս խայտառակության իրավական հանգրվանը լինելու, որովհետև պարզապես ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ ուղղակի որևէ անելիք այստեղ չունի, այստեղ պարզապես տուժող չկա և Հայաստանի Հանրապետությունը դրա հետ ոչ մի կապ չունի։ Մարդիկ իրենց համայնքների գույքն են բերել, ի՞նչ կապ ունի էստեղ Հայաստանը։ Դա ես որակել եմ որպես դիակապտություն և ես իմ որակմանը տեր եմ։ Իրենց կողմից որևէ փաստարկ ես չեմ լսել»,- ասաց Մելիքյանը։