Մերօրյա «շմայսները»

Մերօրյա «շմայսները»

Ժամանակին ՀՀ Ազգային ժողովում բազմաթիվ «լեդիներ» կամ «շմայսներ» էին առկա, որոնք «զարդարում» էին մեր խորհրդարանը: Բայց նախկիններից հենց Սերժ Սարգսյանի օրոք այդ ավանդույթը սկսեց աստիճանաբար վերանալ: Քանի որ Եվրամիության հետ կապեր հաստատող նախագահը հասկանում էր, որ վերը նշված անձանցով Եվրոպայի հետ հարաբերվելը կնմանվեր ինքնաձեռառնոցիի: Իսկ 2018-ի իշխանափոխության նպատակներից մեկը նաև այն էր, որպեսզի ավանդույթն արմատահան արվեր անմիջապես: Համենայն դեպս, ես այդպես էի ընկալում տեղի ունեցող իրադարձությունների իմաստը: Ենթադրում եմ, որ ժամանակին նույն կարծիքն ուներ նաև ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլը: Ով բազմիցս քննադատում էր Սարգսյանին բազմաթիվ թերացումների և այդ թվում՝ վերը նշված ավանդույթից չձերբազատվելու առումով:

Եվ ինչ, օգտագործե՞ց, արդյոք, Փաշինյանն իրեն ընձեռնված հնարավորությունը՝ խորհրդարանն ազատելու դրանցից և այն վերածելու գրագետ քաղաքական բանավեճի հարթակի: Ինչից պետք է ծնվեին պետության և հասարակության զարգացմանը նպաստող օրենքներ և որոշումներ: Ո՛չ, իհարկե. ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այդ հարցում ևս հասարակության արժանապատիվ, գրագետ ու հայրենասեր հատվածը հասկացավ, որ խաբվել է չարաչար: Որ նախկին «լեդիների ու շմայսների» փոխարեն հայտնվել են քոչարյաններ, մելքոնյաններ ու ալեքսանյաններ: Ընդ որում, դրանց մի մասը որպես ժառանգություն է մնացել նախկիններից: Որոնք ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին՝ ստիպելով մարդկանց հերթական անգամ հայհոյելու կամ անիծելու 2018-ի գարնանային օրերը: Ինչը բնական է, քանի որ մտածող մարդու համար չկա ավելի նվաստացնող հանգամանք, քան իր խաբված լինելն անընդհատ վերհիշելը:   
Ինչևէ, անցում կատարենք նախկիններից Նիկոլին «նվեր» մնացած Մելքոնյան Գագիկի մտքի «գոհարներին»: Եվրոպական դիտորդներն, ըստ այդ քպականի, առավոտից իրիկուն դիտարկում են ու զեկուցում, որ հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներ չեն հնչում: Եվ հենց դրա համար էին ադրբեջանցիները «մղկտում» (մելքոնյանական բառ է), որ դիտորդները չգան, որպեսզի իրենց «ստերը ճշտի տեղ օգատործվեին»: Չբավարարվելով ադրբեջանցիներով՝ քպականը մեջտեղ է բերում նաև ռուսներին՝ չվերծանելով, թե ռուսներին ինչու էր պետք նույն բանն անելը: Իսկ Մելքոնյանի հետ հարցազրույց վարող՝ «Սիվիկ» կոչված լրատվամիջոցի լրագրողի համար էլ ասվածը մեկնաբանելու կարիք չկար:

Քանի որ թեման խիստ նիկոլական էր ու «սիվիկական»՝ տրվում է հաջորդ հարցը. եթե ՀԱՊԿ-ի դիտորդներ լինեին, ապա Ադրբեջանը, ստեր տարածելով, կարող էր, չէ՞, գործողության դիմել: Կարծես թե հիմա էլ նույնը չի կարող անել: Ժամանակին գեներալական ուսադիրներ կրող անձը պատասխանում է՝ այո, քանի որ ՀԱՊԿ-ը ՀՀ սահմանները չէր ճանաչել՝ ասելով, որ դրանք սահմանագծված չեն: Ու, ըստ այդմ, իրենք չգիտեին, թե որտեղ էին տեղակայվելու ՀԱՊԿ դիտորդները. գուցե Էջմիածնում: Ի դեպ, ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ սահմաններ ճանաչելը Հայաստանի խնդիրն է: Իսկ թե որտեղ էին կանգնելու ՀԱՊԿ դիտորդները՝ դա նրանց ցույց պետք է տար, ասենք, նախկին գեներալը: Թե՞ նախկին գեներալ չի լինում: Ինչևէ, այսուհետ կարող ենք հանգիստ լինել, քանի որ «մերոնք տիրապետում են իրավիճակին և նույնն անում են եվրոդիտորդները»: Ամերիկայից էլ զանգել են Ալիևին՝ ասելով, որ «խելոք մնա»: Բա՜… 
Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և ըստ այդմ՝ ՀԱՊԿ-ում մնալու հարցին գեներալը պատասխանում է. «Մենք գիտեինք դրա մասին, իսկ երբ Բելառուսի նախագահը հայտարարեց՝ բոլորն իմացան դրա մասին»: Մի փոքր անց շարունակում է. «Երբ որ էտ հայտարարեցին՝ մենք վերցրեցինք ի գիտություն»: Փաստորեն, 10-ական թվականներից մենք գիտեինք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Ավելի ուշ էլ իմացանք, որ Բելառուսն էլ է նույնն անում: Բայց պետք է Բելառուսի նախագահը դա հայտարարեր, որ «մենք վերցնեինք ի գիտություն: Ռուսը կասեր՝ «Ну, ты даёшь!»:

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին էլ հարցին պատասխանում է, որ սառեցրել ենք և ժամանակը հենց կգա՝ դուրս կգանք դրանից: Դե, զրուցակիցը սրբազանը չէր, որ «Սիվիկ»-ի լրագրողը հարցներ՝ «Բայց չէ՞ որ եկեղեցու… ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ չկա դրույթ սառեցնելու մասին»: Ենթադրում եմ, որ այդքանն արդեն իմացել է, բայց այդ հարցը տալու լիազորություն չի ունեցել: Հարցազրույցի զարմանալի մասն ամենավերջում էր՝ Մելքոնյանը չհաստատեց, որ Հայաստանը դեպի Եվրոպա է գնում: Ընդամենն ասաց, որ գործող իշխանությունը Հայաստանի շահն է պաշտպանելու: Բայց ամենազարմանալին Սպարապետի և Նիկոլի նկարներն էին պատին: Ընդ որում, Նիկոլինն ավելի փոքր էր, չնայած հենց դրոշին կից էր, իսկ Սպարապետինն ավելի մեծադիր էր: Ենթադրում եմ, որ Նիկոլի նկարի չափը պաշտոնապես հաստատված է, իսկ Սպարապետինը՝ իր նախաձեռնությունը: Ով որ ծանոթ է Նիկոլի նկատմամբ Սպարապետի վերաբերմունքին՝ երբևէ չէր պատկերացնի նման հարևանություն: 

Այնուամենայնիվ, պարզվում է, որ մենք հանգիստ լինել չենք կարող: Ինչի վկայությունը սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձի, իսկ այնուհետև նրա աշխատակազմի՝ Ադրբեջանի ղեկավարին և նրա աշխատակազմին հղված առաջարկն էր հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու վերաբերյալ: Իլհամն, իհարկե, բանի տեղ չէր դրել այդ առաջարկը: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյան Արմենն էլ լրագրողներին բացատրել էր, որ «ԵՄ-ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմը իրար չեն հակասում, քանի որ ԵՄ-ն հետաքննման լիազորություն չունի: Եվ եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն»: Փաստորեն, Իլհամը պետք է համաձայնի հետաքննել սեփական ստերը: Չնայած, ի՞նչ իմանաս, կարող է նաև համաձայնել դրան՝ Նիկոլի իշխանությանն աջակցելու նպատակով: