Միացյալ Նահանգներում 9 բալանոց երկրաշարժ են կանխատեսում․ ահազանգ

Միացյալ Նահանգներում 9 բալանոց երկրաշարժ են կանխատեսում․ ահազանգ

Գիտնականները մտավախություն ունեն, որ Միացյալ Նահանգների արեւմտյան ափագծով անցնող խզվածքը կարող է ինը բալանոց երկրաշարժի պատճառ դառնալ, ինչը աղետալի կլինի ողջ երկրի համար, գերազանցելով Կալիֆորնիայի «Մեծ երկրաշարժի» աղետաբերությանը։ Համաձայն առկա տեղեկությունների, գիտնականները նման եզրակացության եկել են, իրականացնելով ստորջրյա քարտեզագրման աշխատանքներ Կանադայի հարավից մինչեւ Կալիֆորնիայի հյուսիս ափամերձ խզվածքի շրջանում, որը ձգվում է 965 կմ։ Հետազոտությունները պարզել են, որ խզվածքը ունի չորս սեգմենտ, եւ միատարր համատարած գիծ չէ, ինչպես որ լինում է խզվածքների մեծ մասի պարագայում։

Գիտնականները նշում են, որ նման կառուցվածք ունեցող խզվածքները կարող են ավելի աղետալի հետեւանքներ ունեցող երեւույթներ հարուցել, քանի որ տեկտոնական սալերը կարող են սահել մեկը մյուսի տակ, ստեղծելով մեծ ճնշում եւ հետեւաբար նաեւ՝ ավելի մեծ ուժգնության երկրաշարժ։ Ըստ այս հետազոտությունների, մասնագետները կարծում են, որ առաջանալիք երկրաշարժը կարող է լինել 9 բալ եւ ավելի ուժգնության։

Գիտնականները ահազանգում են նաեւ, որ եթե նման ուժգնության երկրաշարժ տեղի ունենա ԱՄՆ արեւմտյան աձամերձ հատվածում, կարող է 30 եւ ավելի մետր բարձրության ցունամի առաջանալ, որի հետեւանքով առնվազն կզոհվի 10 հազար մարդ, իսկ միայն Օրեգոն եւ Վաշինգտոն նահանգներին կպատճառվի 80 միլիարդ դոլարի վնաս։ Նման ուժգնության երկրաշարժը կարող է բերել նաեւ համաճարակներ, որոնք կարող են հավելյալ աղետաբերություն եւ մահաբերություն հաղորդել առանց այն էլ կատաստրոֆիկ իրավիճակին, ամփոփում են գիտնականները։