Նռնակից տուժած քաղաքացուն մաշկի փոխպատվաստում կանեն 

Նռնակից տուժած քաղաքացուն մաշկի փոխպատվաստում կանեն 

Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից հունիսի 12-ին լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով լուրջ վիրավորում ստացած Եսայի Քարամյանին վիրահատել են երկրորդ անգամ: «Հրապարակի» հետ զրույցում Եսային ասաց, որ ընթացքում ցավեր է ունենում, սակայն դա նորմալ է իր վնասվածքների պարագայում: 

«Վերքերը շատ վատն էին՝ շատ դանդաղ են լավանում: Երկու օր առաջ երկրորդ վիրահատությունն արեցին՝ պրոֆիլակտիկ այնտեղ հեռացնելու մասեր կային, մաքրելու: Այս պահին վիճակը կայունացնում են, որ պատրաստեն արդեն երրորդ վիրահատությանը՝ մոտ օրերս կլինի: Երրորդն էլ լինելու է մաշկի փոխպատվաստում, որովհետև ձեռքի այդ հատվածներում վնասված տեղեր կան, որ մաշկ ընդհանրապես չկա, պետք է ոտքից վերցնեն, որ այդ վերքերը կարողանան փակել»,-ասաց Եսային: 

Դուրս գրելու մասին այս պահին դեռևս կոնկրետ բան չեն ասել՝ Եսային կարծում է, որ դա կախված է վերքերի բուժման ընթացքից, վիրահատությունից՝ ամեն դեպքում տասը օրից շուտ դժվար թե դուրս գրեն։ «Ինձ ամենասկզբից ասել էին, որ վերջնական ապաքինումը բոլոր վերքերի փակվելով, ֆիզիթերապիայով և այլ կարգի բուժումներով կարող է մինչև երեք ամիս ձգվի ընթացքը»,-պատմեց ոստիկանության գործողությունների պատճառով տուժած Եսայի Քարամյանը: 

Հարցին, իսկ դատական բժիշկն այցելե՞լ է իրեն, ասաց, որ դեռ չի այցելել և չգիտի էլ՝ ընթացակարգում ինչպես է՝ պիտի այցելի, թե ոչ: Իսկ ակնկալիքներ ունի՞ գործի քննության ընթացքից, որպես տուժող, ասաց, որ հատուկ ակնկալիքներ չունի այս իշխանությունների օրոք՝ պարզապես պետք է գրագետ ընթացակարգով առաջ գնալ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: 

«Բոլորին խաղաղություն, համբերություն ու առողջություն՝ միայն ինձ չէ, տա Աստված, որ նման փորձանքներ չլինեն մեր երկրում։ Պինդ եղեք՝ լավ է լինելու, Աստված միշտ լավ մարդկանց կողքին է»,- իր խոսքը մեզ բոլորիս ուղղեց Եսայի Քարամյանը: 

Հիշեցնենք, որ չնայած իշխանամետ քարոզիչների ու որոշ լրատվականների ջանքերին, որ ծանրագույն վիրավորում ստացած, Արցախյան պատերազմին կամավոր Եսայի Քարամյանին մեղավոր ներկայացնեն, նա գործով տուժող է ճանաչվել: Ոստիկանության անհամաչափ գործողությունների արդյունքում Քարամյանը կորցրել է աջ ձեռքի դաստակը գրեթե ամբողջությամբ, ձախ ձեռքի մատներն են վնասվել և բեկորային վիրավորումներ է ստացել ամբողջ մարմնի վրա, ինչպես նաև այրվածքներ: