Հայաստանի տարեկան գաղութային բեռը 2,5 միլիարդ դոլար է, յուրաքանչյուր քաղաքացունը` 1000 դոլար

Հայաստանի տարեկան գաղութային բեռը 2,5 միլիարդ դոլար է, յուրաքանչյուր քաղաքացունը` 1000 դոլար

Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում: Վերցնում է, որովհետեւ չի կարող չվերցնել: Աշխարհում գաղութատիրության ձեւերն ու մեթոդները փոխվում են, բայց էությունը մնում է նույնը` գաղութային երկրների ռեսուրսների եւ բնակչության շահագործում, նրանց աշխատանքի արդյունքի յուրացում: Արեւմուտքի, այդ թվում՝ Ֆրանսիայի համար Հայաստանը տիպիկ գաղութային երկիր է, որի բնակչությանն ու բնական հարստությունները պետք է հնարավորինս շահագործել եւ հարստանալ: Ֆրանսիան հայտնի է գաղութատիրության իր բազմադարյա փորձով․ կորցնելով աֆրիկյան մայրցամաքում ունեցած իր գաղութները՝ Ֆրանսիան դիվերսիֆիկացնում է իր գաղութային տիրապետությունը` նախապատվությունը տալով ավելի կանխատեսելի, ավելի հնազանդ երկրներին: Հարավարեւելյան Ասիայի կամ Աֆրիկայի երկրների ժողովուրդներն ընդվզում եւ պայքարում են ֆրանսիացի գաղութարարների դեմ, մինչդեռ մենք Ֆրանսիան եւ ֆրանսիացիներին ընդունում ենք որպես բարեկամ եւ դաշնակից: 

Հունիսի 26-ին լուր տարածվեց այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման մասին: Այս վարկային միջոցներով Հայաստանում ոչինչ չի կառուցվի, ոչ մի ավելացված արժեք չի ստեղծվի: Հայտարարել են, որ ծրագրի նպատակը Հայաստանի կառավարությանն աջակցելն է՝ բարձրացնելու հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը եւ կայունությունը՝ ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում: Պարզ ասած, փուչիկ` լցված օդով: Երբ այս վարկի միջոցները ծախսվեն, արդյունքում կմնան միայն Հայաստանի վզին ավելացած 75 միլիոն եվրո վարկը եւ դրա տոկոսադրույքները, ուրիշ ոչ մի տեսանելի եւ չափելի արդյունք: Ո՞վ կարող է ասել, թե որքանով բարձրացավ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը կամ բարելավվեց ֆինանսական ոլորտի կայունությունը: 

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Հայաստանի պարտքային բեռն աճում է անհամեմատ ավելի արագ, քան նրա պաշտոնավարմանը նախորդած տարիներին: Միայն այս տարի Հայաստանի արտաքին պարտքը կավելանա մոտ 1 միլիարդ դոլարով, իսկ Հայաստանի կողմից ընդհանուր պարտքի սպասարկման վրա կծախսվի 803 միլիարդ դրամից ավելի գումար` 2 միլիարդ դոլարից ավելի: Դրանից մոտ 643 միլիարդն արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվող գումարն է: Բայց նույնիսկ Հայաստանի ներքին պարտքը կամ դրա զգալի մասը դարձյալ արտաքին պարտք է․ Հայաստանի ներքին պարտքը բանկերի կողմից Հայաստանի կառավարությունից ձեռք բերված պարտատոմսերն են, իսկ քանի որ Հայաստանի բանկերի կապիտալի մեծ մասն օտարերկրյա ծագման է, ստացվում է, որ ներքին պարտքն էլ իրականում այնքան էլ ներքին չէ:

Ըստ Հայաստանի կառավարության կանխատեսումների, 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կկազմի 5,083 մլրդ դրամ կամ, դոլարով հաշվարկած՝ 11,892 միլիարդ դոլար: 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 10,910 միլիարդ դոլար, ինչպես նշեցինք, պարտքը մեկ տարվա ընթացքում ավելանալու է մոտ մեկ միլիարդ դոլարով: Հասկանալի է, որ ավելանալու է նաեւ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից հատկացվող գումարի չափը․ եթե 2024 թվականին այն գերազանցում է 2 միլիարդ դոլարը, ապա 2025-ի բյուջեով կարող է նախատեսվել 2,5 միլիարդ դոլար` պետական պարտքի սպասարկման համար: 

Հայաստանի քաղաքացիներն ամեն տարի 2-2,5 միլիարդ դոլար պետական պարտք են վճարում, որը, ըստ էության, մեր գաղութային կախվածության գինն է։ Սա այն գումարն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում են գաղութարարներին` որպես հարկ: Եթե հաշվենք, որ Հայաստանում ապրում է 2,5 միլիոն մարդ, իսկ մեր գաղութային բեռը տարեկան կազմում է 2,5 միլիարդ դոլար, ապա կստացվի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան վճարում է 1000 դոլար գաղութային հարկ, մեր յուրաքանչյուրիս վրա դրված է 1000 դոլար գաղութային բեռ: Սա իսկապես ահռելի մեծ թիվ է, բայց գաղութարարները մեզ պարտադրում են վերցնել նորանոր վարկեր՝ էլ ավելի մեծացնելով գաղութային բեռը, մեծացնելով յուրաքանչյուր քաղաքացու կողմից վճարվող գաղութային հարկը: Մի՞թե նման գաղութային բեռ ունեցող երկիրը կարող է զարգանալ, մի՞թե նման գաղութային բեռ ունեցող երկրի քաղաքացիները կարող են լինել հարուստ կամ ապրել բարեկեցիկ: Պատասխանելը նույնիսկ իմաստ չունի: Դեռ չհաշված այն հարստությունները, որ օտարերկրյա գաղութարարները տանում են Հայաստանի ընդերքից՝ արդյունահանելով եւ տանելով Հայաստանի հանքային հարստությունները, որոնք մեծ թիվ են կազմում:

Եվ այսքանից հետո ֆրանսիացի, ամերիկացի կամ անգլիացի գաղութարարները ստիպում են, որ մենք նրանց համարենք մեզ բարեկամ կամ դաշնակից: Աֆրիկայի կամ Հարավային Ամերիկայի, Հարավարեւելյան Ասիայի բազմաթիվ գաղութացված երկրների ժողովուրդներ վաղուց հասկացել են, թե իրենց համար ինչ է արժենում արեւմտյան երկրների բարեկամությունը, ու տարիներ շարունակ համառ ու արյունալի պայքար են մղում նրանց բարեկամությունից ազատագրվելու համար եւ ունեն տեսանելի արդյունքներ: Մինչդեռ հայ հասարակությունը երջանկացած է նրանց բարեկամությունից ու շարունակում է լուռ ու հնազանդ աշխատել ի բարօրություն գաղութարարների:

Ավետիս Բաբաջանյան