Փաշինյանին պետք է հարցաքննել՝ միացնելով 2008թ. մարտի 1-ի եւ 2024թ. հունիսի 12-ի գործերը

Փաշինյանին պետք է հարցաքննել՝ միացնելով 2008թ. մարտի 1-ի եւ 2024թ. հունիսի 12-ի գործերը

Իսկ ինձ թվում է, որ մարտի 1-ի գործը «ըստ էության, ամբողջությամբ» բացահայտված չէ: Հատկապես Նիկոլ Փաշինյանի պահով բազմաթիվ հարցեր կան, որոնք չեն ստացել իրենց պատասխանները: Օրինակ, այսպիսի հարց՝ ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին միայնակ մնացել Ազատության հրապարակում՝ առանց Նիկոլի: Ո՞ւր էր Նիկոլն այն պահին, երբ ոստիկանները հրապարակը մաքրում էին այնտեղ գտնվող ցուցարարներից: Այլ խոսքով՝ երբ ոստիկանությունը ցրում էր «ապօրինի հավաքը»: Պարզ է, չէ՞, որ եթե Նիկոլը թռած չլիներ, սեփական կյանքի գնով կպաշտպաներ Առաջին նախագահին եւ չէր թողնի, որ նրան տանեն: Իսկ Նիկոլը չկար: Ո՞ւր էր… Ոչ ոք այս հարցը չի տալիս: Բա չիմանա՞նք՝ որտեղ է եղել մեր ապագա վարչապետը 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ մինչեւ Մյասնիկյանի արձան հասնելը: Ի դեպ, այդ օրը ես անցել եմ Մյասնիկյանի արձանի մոտով եւ բացի մեկ տասնյակ «շշկռված» քաղաքացուց, ոչ ոքի չեմ տեսել: Առավել եւս՝ Նիկոլին չեմ տեսել: Նիկոլը չկար նաեւ առաջինը ելույթ ունեցողների մեջ, որոնք խմբված էին հարթակին:

Նշված ժամանակահատվածում քաղաքացի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը չի բացահայտվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հետ ունեցած նրա հեռախոսազրույցից: Այդ զրույցների դրվագներից մեկում Փաշինյանն Արզումանյանից խնդրում է մարդ ուղարկել Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ուր ահագին «ժողովուրդ» կա արդեն: Արզումանյանը պատասխանում է՝ մի հատ նորմալ մարդ գնար ընդեղ, էլի: Այստեղից կարելի է եզրակացնել երկու բան՝ կա՛մ Արզումանյանը Նիկոլին «մարդ» չէր համարում, կա՛մ՝ Նիկոլն իսկապես այնտեղ չէր: Ավելի ուշ Փաշինյանն իր խոսքի մեջ հաստատում է, որ ինքն այդ պահին Ֆրանսիայի դեսպանատան մոտ չէր: «Էսա կգնանք, էլի, թող մի քիչ հավաքվեն, ես կգնամ»,- Արզումանյանին հաղորդում է Նիկոլ Փաշինյանը: Ալեքսանդր Արզումանյանը զայրանում է.
- Դու ո՞ւր ես գնում, դու հլա մի գնա: Փափազ-մափազները հավաքվել են շտաբում, դրանց ղրկի:
- Հա, էսա բան կանեմ,- ասում է Նիկոլը:
- Հա, ինչքան պարապ-մարապ դալբայոբ ունենք, դրանց ուղարկիր, Նիկոլ ջան, մենք անելիք ունենք:
- Լավ:
Եվ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ չէր: Նա ինչ-որ գործ ուներ Արզումանյանի հետ եւ, որքան հասկացանք Արզումանյանի խոսքերից, ավելի կարեւոր ֆիգուր էր, քան «դալբայոբ փափազ-մափազները»: Ի դեպ, շտաբում հավաքվածների ցանկը շատ ավելի մեծ էր՝ Պարոն Շար… (չի լսվում), Երջոն, Արարքցյանը, Վահանը, Զուրաբյան Լյովիկը, Սարգսյան Աշոտը:
«Դե ասա՝ ինչքան դալբայոբ կա, ընդեղ էր»,- իր հաջորդ զրուցակցին ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Նիկոլ Փաշինյանն այնտեղ չէ, նա բավականին ուշ միացավ մարտի 1-ի խժդժություններին: Մինչ այդ ամեն ինչ խաղաղ էր, ոստիկանության հետ բանակցություններ էին ընթանում՝ հավաքն այլ վայր տեղափոխելու շուրջ: Ո՛չ բախում կար, ո՛չ կրակոց, ո՛չ զոհ… Բայց ամեն ինչ փոխվեց նրա հայտնվելով: Թե ինչպես եկավ, որտեղից եկավ, ով բերեց՝ հայտնի չէ: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը հրահանգեց, Արզումանյան Ալի՞կը… Ոչինչ հայտնի չէ: Իսկ երբ Փաշինյանը բարձրացավ հուշարձանի պատվանդանին, այլեւս չիջավ այնտեղից: Այլեւս նա էր «զորահանդեսի» հրամանատարը: Նա կարողացավ այնպես անել, որ ամեն ինչ հասնի իր ամենաանտրամաբանական ավարտին՝ արյունահեղության:
Երբ բանը բանից անցել էր, Փաշինյանը կրկին անհետացավ՝ իր բախտակիցներին թողնելով փողոցում: Ալիկ Արզումանյանն այդ ժամանակ գովասանքներ էր ստանում Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ խմում Լֆիկի կոնյակները.
- Ալիկ ջան, դուխդ տեղն ա՞… Դե լավ է, լավ…

Իսկ Նիկոլը չկար: Շատ մնացինք, չկար։ Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։ Առավոտ էր` չկար, երեկո էր` չկար, արդեն երեք գիշեր, երեք օր էր` չկար։ Կորել էր ու չկար: Կորե՞լ, ասեղ հո չի՞, ո՞վ է տեսել, ախր, մարդը վերցնի ու կորչի… Վերջը տեղը գտանք՝ ընդհատակ էր անցել: Բարի մարդիկ քիչ չեն մեզանում, հասկանում եք, եւ Նիկոլի ճակատին հո գրված չէ՞ր «դալբայոբ»: Գտնվեց, հանձնվեց, կանգնեց դատարանի առաջ, սրոկ տվեցին: Մի որոշ ժամանակ նստեց եւ ազատ արձակվեց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը «երկխոսեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ խոստացավ հաջորդ խորհրդարանում մի քանի տեղ տալ ՀԱԿ-ին, որից մեկը՝ Նիկոլին:

Նիկոլի պատմությունը, սակայն, սրանով չավարտվեց: Ավելին, նրա պատմությունը սրանով սկսվեց ու ավարտվեց 2018 թվականին, երբ նա դարձավ վարչապետ: «Դալբայոբներն» անհետացան, 2018թ. ապրիլի 23-ին ծնվեց մի Նիկոլ, որ մի քանի տարում մեր կյանքը պետք է վերածեր դժոխքի ու վրեժ լուծեր իր չստացված պատանեկության ու երիտասարդության համար: Նրա առաջին գործերից մեկն էլ մարտի 1-ի բացահայտումը պետք է լիներ, ավելի ճիշտ՝ մարտի 1-ի դեպքերի այն աստիճանի աղավաղումը, որ հետո ոչ ոք գլուխ չհանի, թե ինչպես եղավ, որ Մյասնիկյանի արձանի մոտ հենց իր հայտնվելուց հետո սկսվեցին անկարգություններն ու կրակոցները, խանութների թալանն ու գրոհները պետական շենքերի վրա:

Այսօր Փաշինյանի Քննչական կոմիտեն հերթական «մարտի 1»-ի գործ է բստրել եւ գրեթե նույն մեղադրանքներն է առաջադրել սրբազան շարժման մասնակիցներին, որոնք 2024թ. հունիսի 12-ին փորձում էին մուտք գործել Դեմիրճյան փողոց: Չգիտես ինչու, Նիկոլը, ՔԿ-ն, ԱԺ ՔՊ մեծամասնությունը որոշել էին, որ ցուցարարներն ուզում են մտնել Ազգային ժողովի շենք, որտեղ ընթանում էր արտահերթ նիստ՝ Նիկոլի հրաժարականի պրոցեդուրան սկսելու հարցով: Թե բա՝ ցուցարարները ոստիկանների վրա շշեր ու այլ առարկաներ էին նետում: Շատ ներողություն, իսկ ինչո՞ւ էր ոստիկանությունը փակել Դեմիրճյան փողոցն ու խոչընդոտում ցուցարարների ազատ տեղաշարժը, ինչո՞ւ էին ոստիկաններն էլ իրենց հերթին շշեր ու այլ առարկաներ նետում քաղաքացիների ուղղությամբ, ինչո՞ւ, երբ ոստիկանների շշերն ու այլ առարկաները վերջացան, նրանք սկսեցին կրակել ու հաշմանդամ դարձնել մարդկանց: Ո՞վ հրաման տվեց, ո՞վ ոստիկաններին ասաց, որ ցուցարարներն ուզում են գրոհով վերցնել ԱԺ շենքը:

Այս տեսակ բաների ամենահմուտ մասնագետը մեզանում Նիկոլ Փաշինյանն է, այնպես չէ՞: Հետեւաբար, հենց Նիկոլ Փաշինյանին պետք է հարցաքննել առաջին հերթին՝ միացնելով 2008թ. մարտի 1-ի եւ 2024թ. հունիսի 12-ի գործերը: Թող պատմի սկզբից՝ որտեղ էր ինքը 2008-ի մարտի 1-ի առավոտյան, ինչու էր Լեւոն Տեր-Պետրոսյանը մենակ մնացել, ինչպես միացավ մարտի 1-ի խժդժություններին, ինչու ԱԺ-ին եւ ոստիկանությանը գցեց թյուրիմացության մեջ եւ նոր արյունահեղություն կազմակերպեց Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Մի հարց էլ իմ կողմից տվեք՝ դու հիմա վարչապե՞տ ես, թե՞ 2008 թվի «դալբայոբներից» մեկը: