Այս տարի` անցած տարվա համեմատ, 50 տոկոսով պակաս ենք արտահանել

Այս տարի` անցած տարվա համեմատ, 50 տոկոսով պակաս ենք արտահանել

Նախորդ տարի ծիրան մշակող մեր գյուղացիները, ծիրանի արտահանման հետ կապված, լրջագույն խնդիրների առաջ էին կանգնած, ասում էին` բերքը կա, սպառող չկա: Բանն այն էր, որ Ռուսաստանի Դաշնությունում նախորդ տարի ծիրանի սպառման ծավալները կտրուկ նվազել էին, եւ, բացի այդ, գյուղացիները դեռ 2023-ի ամռանը նշում էին, որ ռուբլու փոխարժեքի տատանումները հանգեցրել են նրան, որ հայ գյուղացիներն այլեւս միրգ-բանջարեղեն չարտահանեն, քանի որ մեծ վնասներ էին կրում: Պարզ թվաբանություն. նախորդ տարի ծիրանն արտահանում էին 350 դրամով, նախկին 600-700 դրամի փոխարեն, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր գյուղացուն:

Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Սարգիս Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս տարի էլ վիճակը լավ չէ: Նախորդ տարվա համեմատ ծիրանն արտահանվել է կրկնակի պակաս, քանի որ 2024-ին ծիրանի բերքն Արարատյան դաշտավայրում առատ չէ: Համայնքապետը նշեց, որ չնայած բերքի սակավությանը, գների առումով այս տարի խնդիր չի եղել, արտահանվել է 700-1000 դրամով՝ նախորդ տարվա 350 դրամի փոխարեն. «Ջրաշենում մարդիկ հիմնականում ծիրանի այգիներով են ապրում, բերքահավաքն արդեն ավարտվել է, մեկնարկը տրվել է հունիսի 8-ին, բերքահավաքը նախորդ տարվա համեմատ պակաս է ուղիղ 50 տոկոսով` եղանակային պայմաններով պայմանավորված: Այս տարի փոշոտում չեղավ, ծառերը շատ լավ ծաղկել էին, բայց քանի որ տեղումները չափից շատ էին, իսկ գիշերվա ժամերին բավականին ցուրտ էր եղանակը, ջերմաստիճանը կտրուկ նվազում էր` 8-10 աստիճանը մրգի համար նպաստավոր ջերմաստիճան չէ: Դրան էլ գումարած՝ կարկուտը, որը նույնպես խանգարեց մեզ: Ինչպես բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի արտահանման մեր միակ ելքը Ռուսաստանն է: Տեղի շուկայում սպառումը շատ չնչին է կազմում, հիմնական մասը Ռուսաստանն է վերցնում: Նախորդ տարի մոտ 4000 տոննա ծիրան է արտահանվել, այս տարի՝ դրա ուղիղ կեսը: Մեր համայնքում հիմնականում մարդիկ ծիրանի աճեցմամբ են զբաղվում` 90 տոկոսը գյուղում ծիրան է: Շատ քչերն ունեն դեղձ, բայց չնչին մաս է կազմում»:

Իսկ գյուղացին ինչպե՞ս է կարողանում հոգալ իր ծախսերը, մարել գյուղատնտեսական վարկերը։ «Նախորդ տարիների նման, ամեն տարի մի բան լինում է, մի տարի բերքն է շատ լինում, արտահանումը` վատ, այս տարի էլ բերքը շատ չէ, բայց արտահանումն է լավ: Վարկերը, ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ մեզ մոտ, բերքի սեզոնին կարողանում են մարել»: Իսկ հայկական շուկայում ի՞նչ գնով է գյուղացին ծիրան վաճառում, ի դեպ, շուկայում ծիրանի արժեքն այս տարի 500 դրամից չի իջել։ «Նախ ասեմ, որ Ռուսաստան տարվող ծիրանն ու հայկական շուկային հանձնվող ծիրանը տարբեր են, Ռուսաստան տարվողը չես կարող հայկական շուկայում վաճառել, քանի որ այն կիսախակ է, որ ճանապարհ գնա, չփչանա: Կիսականաչ ծիրան է: Հայկական շուկային հանձնում ենք տարբեր տեսակի ծիրաններ: Երբ ծիրանը դեռ նոր էր հասել` հունիսի սկզբին, շուկային կիլոգրամը 1000 դրամով էլ ենք տվել: Հիմա գյուղացին տանում է ծիրանը Գումի շուկա, 400 դրամով է տալիս, վերավաճառողն այն վաճառում է 800 դրամով: 250 դրամանոցը վաճառում են 500-600 դրամով: Կա ծիրանի տեսակ` աղջանաբադ, որը մանր է, կարմրաթուշ ու շատ քաղցր։ Այն շուկային տալիս են 300 դրամով, երբեմն՝ նաեւ 200 դրամով, կախված է որակից: Դա նաեւ թաղամասերից է կախված, կենտրոնում եւ հարուստ թաղամասերում համեմատաբար վաճառում են ավելի թանկ»,- ասաց Ջրաշենի վարչական ղեկավարը: 

Արմավիրի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում որեւէ էական փոփոխություն չեն նկատել` թե՛ բերքի, թե՛ արտահանման տեսանկյունից։ «Արդեն ահագին ժամանակ է՝ հավաքում ենք, ահագին թեթեւացել ենք, դուրս են տանում, նորմալ է, այս տարի չունենք դժգոհություն: Բերքը չնայած շատ-շատ չէ, բայց նորմալ է: Չենք դժգոհում: Հայկական շուկային տալիս ենք 300-350 դրամով, բայց հիմա քանի որ արդեն վերջն է մոտենում, գները նվազում են, 200-250 դրամով ենք վաճառում: Եկամտի մասով չեմ կարող հստակ բան ասել, որովհետեւ ամեն մեկի եկամուտն անհատական է: Բայց կարծում եմ` հիմնականում իրավիճակը նորմալ է: Ծիրանից բացի, մեր գյուղում կա կեռաս, սալոր, այ, դրանք նախորդ տարվա համեմատ բավականին քիչ են այս տարի, կարծում եմ` եղանակային կլիմայական փոփոխություններով է պայմանավորված, այս տարի փոշոտում չեղավ»,- նշեց Ջանֆիդայի վարչական ղեկավարը: