«Հրապարակ». 2018-ից չեմ տեսել մի քայլ, որոշում` էս իշխանության կողմից, որ մեր պետությանն օգտակար լինի

«Հրապարակ». 2018-ից չեմ տեսել մի քայլ, որոշում` էս իշխանության կողմից, որ մեր պետությանն օգտակար լինի

«Հրապարակի» զրուցակիցն Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն է:

- Դուք գրեթե բոլոր բողոքի ակցիաներին, միտինգներին ակտիվ մասնակցություն եք ունենում, Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը նույնպես Ձեզ նկատեցինք: Ի՞նչ եք կարծում` ո՞ւր է հասել շարժումը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, ինչո՞ւ է այսպես կառչել իշխանությունից:

- Ես երբեք անձերի դեմ չեմ պայքարել, բայց բանից պարզվում է՝ ամեն ինչ կախված է անձերից ու անձերով է պայմանավորված: Անձից շատ բան է գալիս, եթե անձը հայրենասեր չէ, անում է քայլեր, որոնք պետությանը, պետականությանը դեմ են, ժողովրդին ձեռք չեն տալիս` հակապետական լինելու պատճառով, ո՞նց կարաս հաշտվես դրանց հետ: Եթե դու երկրի համար տանջվել ես, արարել ես, կյանք ես դրել, չես կարա հաշտվես էս ամեն ինչի հետ: Համայնքապետի աշխատանքը ոչ միայն պաշտոն, այլեւ ստեղծագործական աշխատանք է: Հիմա պետության հետ կատարվողը չես հասկանում՝ ուր է մեզ տանում: Բագրատ սրբազանի չափ ոչ մի քաղաքական ուժ չի կարողացել այդքան մարդ հավաքել իր շուրջը:

- Իսկ ինչո՞ւ չհաջողվեց հեռացնել այս իշխանությանը:

- Դուք շատ լավ գիտեք, թե ինչ տեսակի բիրտ` միակողմանի ուժ կիրառվեց, իսկ Բագրատ սրբազանն այն մարդը չէր, որ հանուն աթոռի մարդկանց զոհեր, նա պարզ հայերեն լեզվով ասաց Փաշինյանին` դու սուտ ես խոսում: Եթե ես լինեի պետության ղեկավար, առաջին բանը, որ կանեի, Քրեական օրենսգրքում սուտը քրեականացնելը կլիներ: Սուտ խոսացողը պետք է անպայման պատժվի, հատկապես չինովնիկներն իրավունք չունեն սուտ խոսելու, դա էլ կոռուպցիայի նման անթույլատրելի ու վատ բան է, կոռուպցիայից էլ ավելի վատ:

- Օրինակ` Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը տարածքներ չի հանձնում, այլ բացառիկ կարեւոր գործ է անում` սահմանազատում: Տավուշի Կիրանց գյուղում սպիտակ սյուների տեղադրումը Փաշինյանը համարում է խիստ կարեւոր քայլ, ասում է, որ վերջապես Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահմանագծված պետություն ունեցանք:

- 2018 թվականից մինչ օրս չեմ տեսել մի քայլ, մի որոշում` էս իշխանության կողմից, որ մեր պետության համար օգտակար լինի: Աշխարհում ինձ ոչ մեկը չի կարող համոզի հակառակը: Պետության շահը սրանց համար վերջին տեղում է` արտաքին եւ ներքին քաղաքականության տեսանկյունից: Սահմանների հետ կապված ի՞նչ հարց կարող էր լինել, եթե մարդիկ փաստաթղթերով օրինական տներ ունեն, հիմա ինչի՞ ես գնացել՝ քանդում էդ մարդկանց տները: Ամբողջ աշխարհում սեփականությունը բացառիկ իրավունք է, իսկ այսօր մարդկանց բացահայտ զրկում են իրենց սեփականությունից: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել` շատ մեծ բան ենք արել, որ հանձնել ենք Արցախը:

- Մոտավորապես նման բաներ ասում են, այնպես չէ, որ չեն ասում: Օրինակ, միշտ շեշտում են` Արցախը բեռ էր Հայաստանի Հանրապետության համար, մեծ ֆինանսական միջոցներ էինք հատկացնում ՀՀ բյուջեից:

- Դե հո իրենց ասելով չի, նախկին-ներկա են անում, ես Ձեզ ասեմ, որ նախկիններ կան, որոնց գործերն անուրանալի են, եւ կան նախկիններ, որոնց գործերն աններելի են: Այնպես որ, հերիք է սեւ-սպիտակ, նախկին-ներկա անեն: Սրանք հիմա երիտթուրքեր են, որոնք գրավել են մեր երկիրը` նախագահականն ու կառավարությունը, դրանից վատ բան չի կարող լինել: Խաղաղության մասին են խոսում, բայց խաղաղություն մուրալով խաղաղություն չեն հաստատում, այդպիսի բան չի լինում: Այսօր եթե մեր ժողովուրդը հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին, նշանակում է` կոշիկ է լիզում: Կոշիկ լիզելն ամոթալի բան է: Ալիեւը սրանց ասում է, թե ինչ անեն, պատերազմի ժամանակ զորամասի տեղեր են նշում, նահանջի հրամաններ եւ այլն:

- Թշնամու կրակին պատասխանող հայ զինվորներին են դատում, մեղադրում:

- Դե էլ ի՞նչ ասենք: Դե հիմա Դուք ասեք՝ սրանց ո՞ր մի քայլն ու գործողությունն է ի շահ պետության:

- Ասում են` հաջորդ հանձնվող գյուղը Տիգրանաշենն է լինելու եւ այլ տարածքներ:

- Սա ինչ ուզում, անում է, քանի դեռ ժողովուրդը խորը քնի մեջ քնած է, քանի դեռ իր սեփականությանը չեն հասել, ինչպես Կիրանցում, Արցախում, քանի դեռ իրենց կաշվի վրա չեն զգացել, լռելու են, ու ամեն ինչ էսպես էլ լինելու է: Ես Տիգրանաշենը շատ լավ գիտեմ, անձամբ ես եմ կասեցրել, որ Տիգրանաշենով դեպի Նախիջեւան ճանապարհ բացեն: Դեռ Սովետական Միությունն էր, բայց չթողեցի ձեռք տալ այդ հատվածին, քանի որ արգելոց կար այնտեղ:

- Այժմ եթե Տիգրանաշենն էլ Փաշինյանը հանձնի Ադրբեջանին, ի՞նչ կարող է տեղի ունենալ:

- Տեղի կունենա այն, որ այդ ճանապարհահատվածը կդառնա ադրբեջանական, իսկ այդտեղով անցնող մարդիկ, որպես արցախյան պատերազմի մասնակից կամ պարզապես ՔՊ-ին դեմ մարդիկ, կձերբակալվեն Ադրբեջանի կողմից եւ Բաքու կուղարկվեն, ինչպես արեցին Արցախի նախագահների ու էլի մի քանիսի հետ: Բայց գիտե՞ք՝ ես արդեն սրանց վրա չեմ էլ բարկանում, ես մեղադրում եմ անտարբեր հասարակությանը, դավաճանությունը պարզ է, թե ինչի համար է արվում, բայց, այ, չեմ հասկանում, թե մարդն ինչպես կարող է անտարբեր լինել իր սեփական երկրի, հողի, ջրի, սահմանների հանդեպ: