«Հրապարակ». Որեւէ փաստաթուղթ չի կարող քողարկել Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի հանցագործությունը

«Հրապարակ». Որեւէ փաստաթուղթ չի կարող քողարկել Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի հանցագործությունը

Մինչեւ Հայաստանի ԱԳՆ-ն հերթական հոռետեսական հայտարարությունն է անում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, թե համաձայնագիրը մեկ ամսում ստորագրելու Երեւանի առաջարկին Բաքվից դրական արձագանք չկա, մոտենում է հուլիսի 1-ը։ Սա այն ժամկետն է, որը փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւն էին ֆիքսել՝ ավարտելու իրենց ղեկավարած սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մշակումը։ 2-3 օր է մնացել ժամկետը լրանալուն, բայց որեւէ տեղեկություն չկա՝ մշակվե՞լ է արդյոք կանոնակարգը, ի՞նչ սկզբունքների հիման վրա, ե՞րբ է նախատեսվում մեկնարկել այն վավերացնելու ներպետական գործընթացը։ «Հրապարակ»-ը սրա շուրջ գրավոր հարցումներ է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին եւ ԱԳՆ-ին։ 

Տավուշում միակողմանի հողատվություն գործընթացը Նիկոլ Փաշինյանն անվանել էր «պիլոտային» ու նշել, թե այդ «պոզիտիվ փորձը կդրվի կանոնակարգի հիմքում», մինչդեռ մասնագետները միաբերան պնդում են՝ այն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին։ Կանոնակարգի հաստատումից հետո էլ, նույնիսկ ներպետական ատյաններով անցնելուց հետո, առանց հանրաքվեի ՀՀ տարածքը չի կարող փոխվել։

«Նախորդած գործընթացը կարելի է բնորոշել միայն որպես հակասահմանադրական եւ հակահայկական: Այն հաջողություն է միայն Ադրբեջանի համար, որը, ինչպես Ալիեւն է ասում, առանց կրակոցի ստացել է իր հողերը։ Պարզ ասած, պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանի կառավարությունը հանձնել է դե յուրե ՀՀ-ին պատկանող տարածքները»,- ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը եւ մանրամասն բացատրում, թե ինչու։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ մենք վերարտադրում ենք ԽՍՀՄ սահմանները` նոր սահմաններ չենք գծում։ Այնինչ, նախ պետք է սահմանազատումն իրականացվեր քարտեզի վրա, որոշվեին Ադրբեջանի հետ սահմանները, որից հետո միայն սահմանազատմանը պետք է հաջորդեր սահմանագծումը։ Սահմանազատումը պետք է իրականացվեր հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի համար, այլ ոչ թե միայն մի առանձին հատվածի։ Մինչդեռ 2 երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հետո մայիսի 15-ին տարածված մամլո հաղորդագրությունից մենք տեղեկացանք, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են, եւ որ երկու կողմերի սահմանապահները շուտով կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա: Այս ամբողջ գործընթացը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ մի շարք օրենքներին: Սահմանադրությանը հակասում է, որովհետեւ հանձնվող տարածքները դե յուրե ՀՀ տարածքներ են եւ ամրագրված են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում։ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կատարելու ժամանակ պետք է ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի համաձայն՝ հանրաքվե անցկացվի, իսկ մինչ այդ բազմաթիվ քայլեր կան, որոնք սահմանված են «Պետական սահմանի մասին» եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքներով: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, չեղյալ հայտարարման, փոփոխման եւ գործողության կասեցման ընթացակարգերը։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրերով իրավասու մարմինը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է: Այդ օրենքի 2-րդից մինչեւ 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերի իրականացումից հետո էր միայն հնարավոր Ադրբեջանի հետ կնքել սահմանազատման վերաբերյալ պայմանագիր։ Պայմանագրի կնքումից հետո կառավարությունը պետք է դիմեր Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, եւ դրական որոշման պարագայում դիմեր Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու համար։ 
Մասնագետի խոսքով, սահմանազատման հանձնաժողովն առհասարակ որեւէ իրավասություն չուներ ստորագրելու մայիսի 15-ի արձանագրությունը։ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը ձեւավորվել է վարչապետի որոշմամբ, բայց նա Ադրբեջանի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որը ոչ թե նախնական բնույթ ունի, այլ՝ վերջնական․ «Դրանով ՀՀ սահմանը, պայմանականորեն ասած, Ա կետից տեղափոխվել է Բ կետ՝ ի վնաս ՀՀ-ի, այսինքն՝ առանց ներպետական ընթացակարգերը պահպանելու: Մի հանձնաժողով, որը դրա իրավասությունը չունի, կնքում է բովանդակային առումով մի պայմանագիր, որի արդյունքում փոփոխություններ են տեղի ունենում արդեն գետնի վրա՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»։ 

Որ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը վերազանցել է իր լիազորությունները, պնդում է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու շեշտում՝ հաջորդիվ մշակված որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ նախատեսվող կանոնակարգը, որը միջազգային պայմանագրի բնույթ ունի ու վավերացման փուլեր պիտի անցնի, չի կարող քողարկել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի կատարած հանցագործությունը։ «Փաստ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից հսկայական տարածքներ այս ապօրինի հանձնաժողովի եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարական ու քաղաքական թիմի անունից հանձնվել են թշնամուն։ Դա առանձնապես ծանր հանցագործություն է, եւ որեւէ փաստաթուղթ՝ ներառյալ այդ միջազգային պայմանագիր կոչված կանոնակարգը, չի կարող քողարկել այս խոշորագույն հանցագործությունը»,- ասում է Մինասյանը։

Առաջիկայում նախատեսվող զարգացումները, ըստ նրա, հնարավոր է կանխել միայն հուժկու ընդվզումով՝ բազմահազարանոց հանրահավաքներ, պահանջ դատաիրավական համակարգին՝ զսպելու եւ չեղարկելու քաղաքական իշխանության հակապետական գործողությունները։ «Երբ հարցադրում է հնչում՝ արդյո՞ք ընդդիմությունն այլ գործիքակազմ ունի, պետք է նշեմ, որ այլեւս ընդդիմությունը ոչ միայն խորհրդարանի քաղաքական ուժերն են, այլեւ հանրության ճնշող մեծամասնությունը, եւ այն ինքնաբուխ, լայն ընդվզումը լավագույն պատասխանն է օրվա իշխանություններին եւ բոլոր մարդկանց, ովքեր մտածում էին, թե կարող է այս իշխանություններին հաջողվել հերթական ազգակործան քայլը։ Սա նաեւ պատասխանն է շարժումը մարած լինելու իշխանական ու մերձիշխանական թեզերին, որոնք ջարդելու միջոցը լայն ընդվզումն է սպասվող գործողությունների դեմ։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- նշում է Մինասյանն ու բացատրում՝ ԱԺ գործիքակազմն այնքան հարուստ չէ, որքան թվում է, կամ ինչպիսի պատկերացում է ձեւավորվել։ Ի վերջո, խորհրդարանում որոշումներն ընդունվում են մեծամասնության ցանկությամբ, իսկ նրանց կամքի վրա հնարավոր կլինի ազդել միայն լայն ընդվզման միջոցով, որի բոլոր հիմքերն ու թիրախային նպատակները տվել է սրբազան շարժումը։

ՀԳ․ Այս օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքները մաս-մաս թշնամուն են հանձնվում, ու առաջիկայում այդ գործընթացի հաջորդ արարն է, ակնհայտ է դառնում, թե ինչու էր իշխանությունը ժամանակին զավթում Սահմանադրական դատարանն ու այն լցնում իր սրտի դատավորներով։ Կանոնակարգի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու է ՍԴ-ն։ Դրանից հետո միայն կառավարությունը կարող է դիմել ԱԺ-ին՝ հանրաքվե անցկացնելու որոշման համար։