Նոր «նշաձող»

Նոր «նշաձող»

Նիկոլ Փաշինյանը «նշաձողն» իջեցնելու հարցում աննախադեպ հաջողություններ է գրանցել այս տարիներին: Եվ խոսքը ոչ միայն Արցախի հարցում «նշաձող» իջեցնելու մասին է, ինչպես տարիներ առաջ նա հորդորում էր ԱԺ ամբիոնից, այլ՝ ամենատարբեր հարցերում: Իրականում` մեր հանդուրժողականության նշաձողն է իջեցրել, մեզ հաշտեցրել անհաշտելի իրողությունների հետ, փոխել մեր աշխարհայացքը, ստիպել, որ վերանայենք ազգային արժանապատվության, ավանդական արժեքների, հայ լինելու, պետություն ունենալու մասին մեր հին պատկերացումները: Առաջ մենք դավաճան էինք համարում բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանից գրավված 5 շրջանները ոչ թե ազատագրված էին անվանում, այլ «օկուպացված», հիմա ողջ Արցախն են նրանք օկուպացրել, եւ դա մեզ մոտ ընդվզում գրեթե չի առաջացնում:

Առաջ մենք դժգոհում էինք, որ աշխարհի ինչ-որ երկրներ դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիմա մենք համաձայն ենք մոռանալ ցեղասպանությունը եւ խաղաղ ենք վերաբերվում, երբ մեր երկրի ղեկավարը զանգում` մեզ ցեղասպանության ենթարկած պետության ղեկավարի «Կուրբան-Բայրամն» է շնորհավորում: Հիշում եմ՝ 1994 թվականին կրթության նախարարի կոչը, թե` տարրական դպրոցների երեխաների մասնակցությամբ ապրիլի 24-ին նվիրված հանդեսներ մի կազմակերպեք, ուղղակի ցնցել էր մեր հանրությանը: Հանրային պարսավանքի ու անարգանքի շքահանդես էր երկրով մեկ` ուղղված նախարարին: Հիմա պատմության դասագրքերն են նորովի «վերաշարադրվում», հայերին եկվոր են անվանում, կոչ են անում մոռանալ Արեւմտյան Հայաստանն ու Հայ դատը: Հայ մարդու նոր «նշաձող» է սահմանել երկրի ղեկավարը` ուտել-խմել-ապրել` չմաքառել-չպայքարել-չկռվել: Իջեցված «նշաձողով» հայերն այլեւս ապրելու են իրական Հայաստանում, որը չի ունենալու հիշողություն եւ պատմություն: