Բաց նամակ Բագրատ Սրբազանին

Բաց նամակ Բագրատ Սրբազանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Բարձրաշնորհ Տ․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
Սրբազա’ն Հայր

Համոզված եմ, որ Ձեզ համար անտանելի հոգեկան ցավ կլինի, եթե բաղձալի իշխանափոխությունից հետո ձևավորված ժամանակավոր կառավարության կամ դրանից հետո ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարության գործունեությունը ինչ-ինչ՝ Ձեզնից անկախ պատճառներով ավելի խորացնի Հայքի կործանումը կամ նպաստի նրա կործանմանը։

Ոչ-ոք երաշխավորված չէ վաղվա իրականության տարբեր դրսևորումներից, որոնցից են, օրինակ՝ Աստված մի արասցե, գալիք կառավարություններից մեկի ժողովրդասեր ու անաչառ ղեկավարի կյանքից անժամանակ հեռանալը, և այդ առիթը օգտագործելով մի նոր՝ գուցե Ն․Փ․-ից էլ ահավոր մարդակերպի կողմից իշխանության բռնազավթումը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր Հայր` Ձեզ համար շատ ընկալելի է Երկրի վրա Աստծո Օրենքների առկայության և այդ Օրենքներով ապրելու ու գործելու հույժ կարևորությունը, և սրանից ելնելով՝ մեկ անձի, այլ ոչ՝ Աստծո Օրենքների հետ մի ամբողջ ազգի ճակատագիրը կապելու վտանգավորությունը։

Լինելով նաև կիրթ անձնավորություն, հասկանում եք, որ Անկախ Հայաստանում կա Ազատության մեծ վակուում հենց Աստծո Օրենքներից հեռու Սահմանադրության պատճառով։ Սահմանադրության կարևորությունը լավ է հասկանում թշնամին՝ իզուր չէ նա այսօր պահանջում այն ավելի հեռացնել Աստծո Օրենքներից՝ արդարությունից ու ճշմարտությունից։

Բայց Սահմանադրության կարևորությունը հասկացել են նաև մեր ազգի նվիրյալները, որոնք հարյուրամյակը մեկ՝ անկախության տարբեր դրսևորումները ամրապնդող սահամնադրություններ են ստեղծել։

Ի երջանկություն մեզ, մեր կողքին ապրող և ստեղծագործող ազատության Ասպետը՝ Պարույր Հայրիկյանը ավելի քան 20 տարի առաջ սկսեց մշակել բացարձակ ժողովրդավարական հիմունքներով Աստվածահաճո աննախադեպ սահմանադրություն։
Նրանում առկա դրույթները ու մեխանիզմները թույլ են տալիս ժողովրդի կողմից մշտապես՝ ամեն վայրկյան վերահսկել երկրի ղեկավարների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում անմիջապես այն կասեցնել։
Այդ է պատճառը, որ առկա ռեժիմը՝ ի դեմս կոռուպցիայի մեջ ոտքից գլուխ ընկղմված Ս․Ս․-ի եւ Ն․Փ․-ի՝ իրենց տրված այդ Բացարձակ ժողովրդավարական սահմանադրության նախագիծը մշտապես չտեսնելու են տալիս։

Համոզված եմ, որ ընկալում եք բացարձակ ժողովրդավարական դրույթների ու մեխանիզմների վրա հիմնված այս սահմանադրության օր առաջ ընդունման հույժ կարևորությունը պետական անվտանգության ու մեր ճակատագրում նրա դարմանիչ դերի առումով, և ժամանակավոր կառավարության առաջնային սահմանադիր դերը։

Ժամանակավոր կառավարությունը չի կարող իր վրա վերցնել արտաքին հարաբերությունների ուղղությունը տվողի դերը։ Այդ դերը ժողովրդինն է՝ իր կողմից ընտրվելիք կառավարության միջոցով։ 
Ժամանակավոր կառավարության դերը ճգնաժամային ընթացքը կանգնեցնելն է ու դրանից դուրս գալու լուծում տալը՝ այն է՝ բարեփոխված բացարձակ ժողովրդավարական սահմանադրությամբ արագորեն անաչառ ընտրություններ կազմակերպելը։
Մինչ այդ հարաբերությունները հարկ ունեն սառեցվելու՝ հենց սկզբից ճշմարիտ ու միջազգային իրավունքներին հարիր վերաբերմունք արտահայտելով մեր սահմանների վերաբերյալ՝
- թշնամին ՀՀ-ում և Արցախում պիտի ետ քաշվի 2020-ի նոյեմբերի 9-ի դիրքեր
- Արցախի հայերը պիտի վերադառնան տուն՝ ՄԱԿ-ի խաղաղապահների ուղեկցությամբ ու հետագա պաշտպանությամբ
- պիտի փաստվի Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքը (միակ այդպիսինը Վիլսոնի գծածն է)
- պիտի փաստվի այդ տարածքից հայության վտարումը ցեղասպանության միջոցով (միջազգային հանրությունը ընդունել է հայոց ցեղասպանության իրագործումը մինչև 1923 թ; նույնիսկ առանց կոտորածի վտարումը ցեղասպանություն է)
- պիտի կարծիք արտահայտել, որ հարևանների հետ նոր՝ ՈՉ ժամանակավոր կառավարությունը կբանակցի այդ՝ միջազգայնորեն ընդունված տարածքների հենքի վրա։

Կարծում եմ` համաձայն եք, որ իրավունք չունենք ժողովրդին զրկել քաղաքակիրթ միջոցներով իր իրավունքները պաշտպանելուց ու դատապարտել արյունաքամության ու մահի՝ 3-4 տարին մեկ ցեղասպանվելով ու փողոցներում արդարություն պահանջելով։

Բացարձակ ժողովրդավարական սահմանադրության նախագիծը տեղադրված է հետևյալ հղումով` demos.am

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր
Ձերդ Սրբազնության Սուրբ Աջին` Ռուզաննա Թովմասյան