Վստահ եմ, որ փորձելու են հայ առաքելական եկեղեցուն զրկել հատուկ կարգավիճակից

Վստահ եմ, որ փորձելու են հայ առաքելական եկեղեցուն զրկել հատուկ կարգավիճակից

ԱՄՆ Պետդեպը կրոնական ազատությունների զեկույցում անդրադարձել էր նաև Հայաստանին: Միացյալ Նահանգներին «մտահոգել էր» Եհովայի վկաների «ճնշված» կարգավիճակը՝ չնայած ամեն անկյունում կարող ենք տեսնել, թե ինչպես են վերջիններս փողոցներում ցուցանակներ տեղադրած բացահայտ հոգեորսությամբ զբաղվում: 

Պետդեպի զեկույցում չգիտես ինչու ԱՄՆ-ին մտահոգել էր այն, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին Սահմանադրության մեջ հատուկ կարգավիճակ ունի, նաև երկակի տպավորություն առաջացնող անդրադարձ էին կատարել Հայաստանի եզդիների մասով, իբրև մեր եղբայր եզդիները ուրախությամբ ողջունել են հայոց եկեղեցու պատմության հեռացումը դասացանկից:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Միացյալ նահանգները տարբեր հարցերի վերաբերյալ իբր զեկույցներ են փորձում հրապարակել և պարզ է, որ զեկույցներն իմպերատիվ ուժ չունեն, բայց իրենք այդպիսով փորձում են չափանիշներ ուրվագծել, որ այս կամ այն երկիրը պիտի վերանայի իր օրենսդրությունը կամ որոշակի քաղաքականություն վարի:

«Հիմա այս պարագայում` կլինի Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները, իմ դիրքորոշումը շատ հստակ է, հարցեր կան, որ որևէ երկիր իրավունք չունի իր քիթը խոթելու մեր օրենսդրության, Սահմանադրության մեջ: Հայ Առաքելական եկեղեցին պատմությամբ և իր իսկ գործունեությամբ է վաստակել սահմանադրական հատուկ կարգավիճակը: Եվ ոչ մի Ամերիկա, ոչ մի գերտերություն չի կարող մեզ ստիպել մեր ներքին կյանքը չկազմակերպել այնպես, ինչպես մենք ցանկանում ենք, կամ ինչպես պատմությունը մեզ թելադրել է»,-ասաց Սուրենյանցը:

Հարցին, արդյոք այս զեկույցից հետո նոր հարձակումներ կլինեն այս իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, քաղաքագետն ասաց, որ այդ հարձակումները ոչ մի օր չեն էլ դադարել։ 

«Միացյալ Նահանգների զեկույցները կազմվում են տեղական փորձագիտական շրջանակների մասնագիտական եզրակացությունների հիման վրա, այնպես որ կասկած չունենաք, որ այդ ձևակերպումները Պետդեպի զեկույցում հայտնվել են նաև, այսպես կոչված, պսևդո-արևմտամետ փորձագիտական շրջանակների պասով: Հետևաբար, այնտեղ ինչ-որ գրված է, Հայաստանի իշխանությունները գործնականում անում են և վաղուց են անում: Ես առավել քան վստահ եմ, որ փորձելու են եկեղեցուն զրկել սահմանադրական հատուկ կարգավիճակից:»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, արդյոք դա կհաջողվի՞ իշխանություներին, Սուրենյանցն ասաց, որ իր տպավորությամբ դա չի հաջողվի, քանի որ դժվար է պատկերացնում մի օրակարգ, որի շուրջ այս իշխանությունները կարողանան 680 հազար «այո» հավաքել:

«Մյուս կողմից, ամեն ինչ կախված է մեր հասարակության դիմադրողականությունից, իմունիտետից: Իշխանության մտադրությունը պարզ է, սակայն իշխանության ամեն մտադրություն պարտադիր չի, որ իրականություն դառնա»,- նկատեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահը:

Անդրադառնալով եզդիական համայնքի իբրև թե դժգոհություններին հայոց եկեղեցու պատմության առարկայի հետ կապված, Սուրենյանցը նշեց, որ չգիտի, թե ինչ տվյալների հիման վրա են հիմնվել, զեկույցում այդ կետը ներառելու ժամանակ, սակայն ինքը եզդիներից երբևիցե այդ կարգի խտրականություն հիշեցնող դժգոհություն չի լսել:

«Ավելին ասեմ, եզդիները ֆակուլտատիվ, արտադասարանական պարապմունքներ ունեն այն համայնքերում, որտեղ շատ են, օգտվում են կուլտուր-մշակութային բազմաթիվ ազատություններից: Բազմաթիվ եզդիների հետ եմ շփվել, նրանցից ոչ մեկը որևէ խտրական վերաբերմունքից չի բողոքել ես նման բան առաջին անգամ եմ լսում, չգիտեմ, Ամերիկայի Պետդեպարտամենտը որտեղից է դա վերցրել»,- շեշտեց Սուրենյանցը:

Սակայն, ակնհայտ է, որ եթե Պետդեպն այդ հղումն արել է, գուցե մեր եզդի հայրենակիցներից մեկ կամ երկու հոգի դժգոհություն հայտնած լինեն, որը վերագրելի չի ամբողջ եզդի ժողովրդին: 

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը կամ եզդիներն այնքան միամիտ կլինեն, որ մի զեկույցով իրենց հարաբերությունները կվերանայեն»,-նշեց Սուրենյանցը:

Քաղաքագետը նկատեց, որ մենք պետք է Վրաստանի իշխանությունների պես իշխանություն ունենայինք, որոնք կունենան կարմիր գծեր, ինչպես, օրինակ, օտարերկրյա գործակալների մասին օրենքն ըդնունելու համար Միացյալ Նահանգներն ու Եւրոպան փորձում են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, բայց Վրաստանի իշխանությունն ասում է՝ մի միջամտեք մեր ներքին հարցերին ու քթներդ մի խոթեք:

«Ես արևմտյան արժեքներին ու դեմոկրատիային կողմնակից եմ, և այնքան արժեքներ կան արևմտյան, որոնց ջատագովն եմ՝ դեմոկրատիա, մարդու իրավունքներ, իշխանությունների հաշվետվողականություն, իշխանությունների տարանջատում, և այլն, և այլն: Բայց ունիվերսալ արժեքներից զատ, յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում իր ներքին կյանքը ոնց կարող է կազմակերպել: Ամենայն հարգանքով Միացյալ Նահանգների կառավարության և նրանց ժողովրդի հանդեպ, ես չեմ ընդունում, որ որևէ գերտերություն նստի և թելադրի մեր ներքին կյանքի կազմակերպման ձևը»,-եզրափակեց Սուրենյանցը: