Երեւանի գլխավոր հատակագի՞ծ, թե՞ շահույթ հետապնդող բիզնես նախագիծ

Երեւանի գլխավոր հատակագի՞ծ, թե՞ շահույթ հետապնդող բիզնես նախագիծ

2005-ին մշակված Երեւանի գլխավոր հատակագծի գործունեության ժամկետը, ինչպես հայտնի է, լրացել է դեռ 4 տարի առաջ` 2020-ին, ու որպեսզի գործող հատակագծի կյանքը մի քիչ երկարի, Երեւանի ավագանին Երեւան քաղաքի 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի գործողության ժամկետը երկարացրեց մինչեւ 2024-ի վերջը, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը։ Հատկանշական է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին` անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը։

Ուստի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը շտապում է, եւ վերջին ամիսներին մշակվել է մի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության մայիսի 30-ի նիստում ու հաստատվել վարչապետ Փաշինյանի կողմից: Ի դեպ, ներկայացված նախագծի փաթեթը ոչ միայն հանրային քննարկման չի դրվել, այլեւ կառավարության նիստին ներկայացվել է չզեկուցվող հարցերի շարքում։ Իսկ քննարկվող նախագիծը վերաբերում է ոչ թե միայն Երեւան քաղաքին, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներին եւ բնակավայրերին։

Նկատենք, որ նախագծի 26 էջանոց ամփոփաթերթում 16 կետով ներկայացված են մի շարք գերատեսչությունների (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, ՀՀ մի շարք նախարարություններ, վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչություններ) դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հիմնականում չեն ընդունվել, մի մասն էլ ընդունվել է կա՛մ մասամբ, կա՛մ ի գիտություն:

Այն, որ չզեկուցվող հարցերի շարքում, առանց հանրային քննարկման դրվելու, ներկայացվում ու հաստատվում է Երեւանի գլխավոր հատակագծի հետ կապված նախագծային փաստաթուղթ, ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանի կարծիքով՝ առնվազն զարմանալի է, երբ այդ կարգի հարցին այսպիսի երկրորդական նշանակություն է տրվում, բայց մյուս կողմից էլ՝ ընկալելի, քանի որ այս տարիների ընթացքում այդ նույն մասնագիտական հանրության կողմից չի եղել որեւէ հստակ ձեւավորված արձագանք կամ դիրքորոշում․ «Այն, որ մենք չունենք ձեւավորված մասնագիտական կարծիք, բնավ չի նշանակում, որ Երեւանի խնդիրները ծայրահեղ ծանր չեն։ Ես տարիներ շարունակ բարձրաձայնում ու կրկնում եմ, որ մեզ անհրաժեշտ է գնահատական տալ ամբողջ այն քաղաքաշինական գործունեությանը եւ առաջին հերթին նրան, ինչ տեղի ունեցավ մայրաքաղաքում։ Եվ եթե մենք սպասում ենք, որ դա պիտի անեն իշխանությունները, ապա դա նրանց համար դեռ ակտուալ չէ։ Փաստացիորեն, Ճարտարապետների միությունը՝ որպես մասնագետների հանրություն, ինքնաբացարկ ներկայացրեց եւ հեռացավ իր գործառույթից, որը կոչված էր նման հարցերում հստակ արտահայտելու իր դիրքորոշումն ու կարծիքը։ Այսինքն՝ Ճարտարապետների միությունը երբ դարձավ Ճարտարապետների պալատ, կարծես դադարեցրեց իր կապը հասարակության հետ եւ փորձեց հաստատել իր կապը պետական մարմինների հետ։ Թե ինչ ստացվեց՝ դա այլ հարց է, բայց միությունը՝ որպես միավորում, կոչված էր ապահովելու այդ կապը հասարակության հետ, մինչդեռ այսօր ո՛չ այդ կապը կա, ո՛չ արձագանքը, ո՛չ էլ դիմելու ցանկությունը իշխանությունների կողմից։ Ըստ երեույթին, իշխանությունները չեն էլ տեսնում մի միավորի, որին պետք է դիմել»։

Վարչապետի կողմից ստորագրված նախագիծը մի փաստաթուղթ է, որի հիման վրա մինչեւ հուլիսի 1-ը պետք է մշակվի ու հաստատվի գլխավոր հատակագիծը, սակայն, ճարտարապետի կարծիքով, քաղաքի գլխավոր հատակագիծ մշակելն օրերի հարց չէ, որը պետք է հասցնեն մինչեւ հուլիսի 1-ն ավարտել։ «Ավելին՝ գուցե լավ կլիներ, որ ամսի 1-ից ընդհատվեր, եւ ի վերջո դադարեր Երեւանում այսպիսի քաղաքաշինական «գործունեությունը»։ Սա իրոնիայով եմ ասում, բայց սա վաղուց արդեն հասունացած խնդիր էր, եւ բազմիցս եմ ասել, որ պետք էր դադարեցնել առնվազն քաղաքի կենտրոնական, պատմական թաղամասերում ակտիվ քաղաքաշինական գործունեություն ծավալելը։ Մենք պատրաստ չենք դրան, քանի որ չունենք ապագայի տեսլական։ Ինչ վերաբերում է գլխավոր հատակագծին, ապա լուրջ չէ դրա մասին խոսելը, որովհետեւ մենք նախ պետք է հասկանանք, թե այս քաղաքն ինչպիսին պետք է լինի, հետո նոր փորձենք դրա պատասխանը տալ արդեն մասնագիտական հարթությունում, իսկ դա տարիների աշխատանք է։ Մենք այսօր չունենք ոչ մի պատկերացում, բացի նրանից, որ Երեւանն այն տարածությունն է, որտեղ կարելի է բիզնես ծավալել՝ որպես մեր փոքրիկ երկրի մի մեծ մաս, գուցե՝ ամենակարեւոր։ Ես կարծում եմ, որ այսօր մենք 2 կարեւոր առանցք ունենք մեր երկրում՝ մեր մայրաքաղաքն ու մեր սահմանները։ Ըստ էության, մեկը մյուսի հետ կապված է, քանի որ մայրաքաղաքը փոշեծծիչի պես այդ ռեսուրսները դուրս է բերում ու իր մեջ է հավաքում։ Ես դեռ չեմ ասում ուրիշ խնդիրների մասին՝ էկոլոգիական եւ այլն, որոնք միշտ կան եւ որոնք եւս մայրաքաղաքի համար կարեւորագույն հարցեր են։ Ի՞նչ գլխավոր հատակագծի մասին է խոսքը, երբ մեր բնապահպանական գոտիները կառուցապատվում են, օրինակ՝ Հրազդանի կիրճը, որը կառուցապատվում է, երբ մենք կորցրել ու վերացրել ենք մեր կապը լանդշաֆտի, Մասիսի հետ․․․»,- ընդգծում է Բալյանը։

Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր հատակագծի ժամկետներին, ապա․ «Այն, որ գրված է՝ գլխավոր հատակագծի ժամկետն ավարտվել է, ինձ մոտ նոր հարցեր են առաջացնում․ իսկ մի՞թե եղել է գլխավոր հատակագիծ։ Ուրեմն այս բոլոր սխալները՝ մեկը մյուսի վրա կուտակված, դա արվել է ըստ գլխավոր հատակագծի՞, այդպե՞ս է պետք հասկանալ, թե՞ որ գլխավոր հատակագիծ մեր ժողովրդին պետք չէ։ Տարիներ շարունակ ես բարձրաձայնել եմ, որ մենք ունենք խնդիրներ թե՛ տարածքի ձեւավորման, թե՛ հուշարձանների պահպանման, թե՛ Երեւանի փոփոխվող կերպարի, թե՛ տրանսպորտի, թե՛ բնապահպանական եւ թե՛ բոլոր այլ ասպեկտներով։ Որն ուզում եք՝ վերցրեք, մենք բոլոր ոլորտներում թերացել ենք, ոչ մի խնդիր չկա Երեւանում, որ ասես՝ այս խնդիրը դրական է լուծվել մայրաքաղաքում։ Ես վատատես չեմ ուզում լինել, բայց եթե մեկն ինձ համոզի, որ որեւէ բան հաջողել ենք այս տարիներին՝ քաղաքի ճարտարապետական տեսքի, ճարտարապետական լեզվի, պատմամշակութային արժեքավոր շենքերի պահպանության կամ որեւէ այլ հարցում, ես կասեմ՝ լավ, բայց բոլոր քաղաքաշինական ասպեկտներում մենք թերացել ենք։ Երեւանը վերջին քառորդ տարում՝ 25 տարվա ընթացքում, եղել է ընդամենը բիզնես նախագիծ՝ շահույթ հետապնդող։ Այսինքն՝ միակ բնութագրումը, որ կարելի է տալ Երեւանի վերջին գլխավոր հատակագծին, դա բիզնես նախագծի իրականացումն է, որը, բնականաբար, չի եղել ի նպաստ քաղաքի կամ նրա բնակչության»։