Սրբազանից է կախված պահը զգալն ու անհրաժեշտ քայլ անելը

Սրբազանից է կախված պահը զգալն ու անհրաժեշտ քայլ անելը

Նախորդ հոդվածում ներկայացրել էի Բագրատ սրբազանի հիմնական առաքելությունը, հիմա տեսնենք, թե ինչ խնդիրների է բախվում սրբազանը հայաստանյան հասարակության պառակտվածությունը վերացնելու ճանապարհին: Այս մեկով, ինչն ավելի շատ փոխաբերական իմաստով է ներկայացված, ցանկանում եմ հուշել նրան, թե ինչպես է հնարավոր հասնել նպատակին: Կամ սրբազանի բազմիցս կրկնած՝ չակնկալիքներին: Դրա համար օգտագործելու եմ ռուս գրող Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի երրորդ մասը. դա «Դանկոյի սիրտը» լեգենդն է: Ուշադիր կարդալու դեպքում կարող ենք տեսնել, որ այն առնչություն ունի մեր այսօրվա իրականության հետ: 

Կարծում եմ, որ դրան քչերն են ծանոթ՝ հատկապես երիտասարդներից, եւ պետք է ներկայացնել բովանդակությունը: Երեք կողմից անտառներով շրջապատված տափաստանում ապրում էին ուժեղ ու համարձակ մարդիկ: Նրանց տարածքի վրա են հարձակվում այլ ցեղեր եւ բնիկներին քշում անտառի խորքերը: Նեխած ճահիճներով անտառում մարդիկ ոչինչ անել չեն կարողանում ու մահանում են հիվանդություններից: Տեսնելով, որ այլ ճար չկա, նրանք որոշում են ետ գնալ ու հանձնվել թշնամիների ողորմածությանը: Այդ պահին առաջ է գալիս Դանկո անունով գեղեցիկ ու համարձակ մի երիտասարդ: Նա հանձն է առնում անտառի միջով, հակառակ ուղղությամբ, առաջնորդել նրանց ու ազատել դժոխքից: 

Բայց դժոխքից ազատվելու ճանապարհն անցնում էր հենց դժոխքի միջով: Ու մարդիկ սկսում են տրտնջալ, թե իրենց առաջնորդողն անփորձ երիտասարդ է ընդամենը: Իսկ երբ մի օր էլ փոթորիկ է սկսվում, նրանք կանգ են առնում ու մեղադրում, իրենց կարծիքով, «չնչին ու վնասակար մարդուն», ով խաբել է իրենց ու դրա համար պետք է մեռնի: Իսկ Դանկոն ապշած նայում է իրեն շրջապատող չար ու թուլակամ մարդկանց: Բայց նրանց փրկելու ձգտումն ավելի է ուժգնանում եւ, ձեռքով պատռելով կուրծքը, այնտեղից հանում է վառվռուն սիրտն ու պահում գլխավերեւում: Արեւից էլ պայծառ սիրտը լուսավորում է շրջապատը, եւ նետվելով առաջ՝ Դանկոն նրանց հանում է անտառից: «Դանկոյի սրտից անընդհատ ծորում էր բորբ արյունը: Դանկոն, մի հայացք նետելով լայնարձակ երկրի վրա, հպարտ ծիծաղեց ու մեռավ: Նրա կողքին դեռ բոցկլտում էր քաջարի սիրտը». այս տողերով է ավարտվում պատումը:

2018-ի գարնանը մեզ թվաց, թե մեր Դանկոն Նիկոլն է, ով, ճիշտ է, գեղեցիկ չէր, բայց «դուխով» էր, ու ժողովուրդն էլ նրան «փրկիչ» բնորոշեց: Բայց շատ չանցած պարզվեց, որ նա ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ համարձակ էլ չէ, ու «դուխով»-ն ընդամենը գլխարկն էր: Պարզվեց նաեւ, որ սուտասան է ու, որպես վարչապետ, սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը: Եվ բավական ժամանակ անց Դանկոյի դերում հանդես եկավ հոգեւորականը, որին ոչ ոք չէր սպասում: Դանկոյի նման՝ նա էլ առաջնորդեց մարդկանց դեպի լույսը, բայց եղավ մի պահ, որ մարդիկ կանգ առան՝ կորցնելով հավատը: Որպեսզի հաղթահարի մարդկանց անտարբերությունն ու հավատի բացակայությունը՝ սրբազանին եւս վիճակված է սեփական սրտի լույսով լուսավորել նրանց ուղին նիկոլական դժոխքից: Դժվար է ասել, թե իրականության մեջ ինչպես կարտահայտվի դա, բայց մի բան պարզ է. աթոռին սոսնձված Նիկոլն ինքնակամ չի հեռանալու: Ու, ըստ այդմ, գալու է մի պահ, որ սրբազանից պահանջվելու է այնպիսի մի քայլ, որ չէր արվի սովորական պայմաններում: Կամ՝ չէր անի մեկ ուրիշը: Ու հենց իրենից է կախված՝ զգալու այդ պահն ու անելու անհրաժեշտ քայլը: