Ֆրանսիայի վարչապետի գլխավոր հավակնորդը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

Ֆրանսիայի վարչապետի գլխավոր հավակնորդը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելլան, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ վարկանիշներով առաջատար է, վստահեցրել է, որ վարչապետ նշանակվելու դեպքում զորք չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին նա հայտարարել է France 2-ի հեռուստատեսային բանավեճի ժամանակ։

«Եթե վաղը ստանձնեմ վարչապետի պաշտոնը, ֆրանսիացի զինվորները չեն ուղարկվի Ուկրաինայի տարածք»,- ասել է Բարդելլան՝ ընդգծելով, որ «զորքեր ուղարկելը Ֆրանսիային կդարձնի հակամարտության կողմ»։

Նրա խոսքով, եվրոպական շատ պետություններ դեմ են դրան։

«Եվրոպական շատ երկրներ չեն ցանկանում, որ իրենց զինվորները ուղարկվեն Ուկրաինա»,- նշել է նա։

Բարդելլան ընդգծել է, որ մտադիր է խուսափել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների էսկալացիայից, «որը միջուկային տերություն է»։

«Այդ պատճառով ես դեմ եմ Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելուն, որոնք կարող են օգտագործվել ռուսական տարածքին հարվածելու համար», - ասել է քաղաքական գործիչը: