Աստծո առաջ փակ դուռ չկա, պետք է ընդամենը բախել․․․

Աստծո առաջ փակ դուռ չկա, պետք է ընդամենը բախել․․․

Նույն բանը չէ, երբ Աստծո սպասավորն է հանդիպում մարդկանց։ Փաշինյանը զուր է փորձում նույնացնել իր ու Բագրատ Սրբազանի հանդիպումները մարզերում,  «մրցույթի դուրս գալ» և մարզերում հանդիպումներ կազմակերպել։ Եթե  ուշադրություն դարձրել եք, Բագրատ Սրբազանն ասում է, որ շրջելու է փողոցներում, գնալու է մարդկանց տներ և զրուցի յուրաքանչյուրի  հետ։ Նա երբևէ չի մտածում, որ մարդկանց ներկայություն ապահովի, շոուներ սարքի, դրանք ցուցադրի դրսում կամ ներսում։ Նա պետական, վարչական լծակներ չունի, որ մարդկանց կամքի վրա բռնանա։ Նա գնում է մարդկանց սրտերի հետ խոսելու, իմանալու, թե արհավիրքի պահին ի՞նչ են մտածում մարդիկ։  Երբ Սրբազանն ասում է, որ իմ առաջ փակ դռներ չկան, նա դա որպես Աստծո սպասավոր է ասում։ Աստծո առաջ փակ դուռ չկա։, պետք է ընդամենը բախել․․․  

Աստված ուշադրություն չի դարձնում արտաքին դրսևումներին, նա  միայն սրտին է նայում․ «…որովհետև Աստված մարդու նման չի նայում, քանի որ մարդն աչքին երևացածին է նայում, իսկ Տերը՝ սրտին» 1 Թագավորաց 16.7: Ի՞նչ է նշանակում փակ դուռ, նախ դա հասկանանք։ Փակ դուռը անծանոթ աշխարհ է, առեղծված։ Սովորական մարդու համար այդպիսին է կյանքը։ Նույնիսկ այն մարդը, որ աշխարհ է կառավարում, նրա համար կյանքը փակ դուռ է և սրտերի հետ զրուցելու առաքելությունը չունի։

Հենց դա է պատճառը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» ազատագրական շարժումը, որն առաջնորդում է Բագրատ Սրբազանը, ՔՊ-ն՝ հանձինս մեկ անձի հրահանգի, փորձում է ձևակերպել որպես քաղաքական շարժում։ Երբ ականատես եմ լինում այս մաքուր շարժման դեմ ՔՊ-ի դիվային գալարումներին, չեմ կարող չհիշել Հրեաստանի հռոմեացի կուսակալ Պիղատոս Պոնտացուն: Հիսուս Քրիստոսի ձերբակալության հաջորդ օրը վերջինս հրեաներին հարցրեց, թե որն է Հիսուսի մեղքը, և նրանք չարախոսելով՝ Հիսուսին մեղադրեցին մարդկանց մոլորեցնելու, ինքն իրեն թագավոր անվանելու, կայսրին հարկեր չտալու մեջ: Ապա Պիղատոսը հարցեր տվեց Հիսուսին: Լսելով Նրան՝ կուսակալը հայտարարեց, որ ինքը Հիսուսի արարքների մեջ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել Նրան: Սակայն հավաքվածները պահանջեցին Հիսուսին մահապատժի ենթարկել: Բազմիցս է նշվել,  նշվում, որ Նիկոլ Փաշինյանի աստվածը իր աթոռն է ու իշխանությունը։ Հանուն դրա պահպանման , նա գործի է դնում իր խամաճիկների չարախոսությունը։ Եվ առաջին անգամ չէ այս պնդումը՝ հանուն իր աթոռի նա պատրաստ է ամբոխին տրամադրել անգամ Հիսուսի դեմ։