Մանրամասներ` «Ակադեմիական քաղաքից»

Մանրամասներ` «Ակադեմիական քաղաքից»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. «Քանի որ նախարարին կից հասարակական խորհուրդը մեզ համար կարևոր հարթակ է, մենք աշխատում ենք բոլոր կարևոր ռազմավարական ծրագրերն անպայման քննարկել խորհրդի անդամների հետ և լսել ձեր առաջարկներն ու դիտարկումները»:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ  բուհական և գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, որոնցում սովորում է 75 հազար ուսանող և 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3584 հետազոտող: «Ինչպես գիտեք, պետական ֆինանսավորումն էապես ավելացել է. 2018 թվականի նկատմամբ Կառավարությունը 2.8 անգամ ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Կառավարության ծրագրով և Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ՝ ունենալ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկում՝ ի հաշիվ, իհարկե, համակարգի միջազգային հեղինակության բարձրացման: Նախատեսված է նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացում և ինտեգրում. քանի որ պետությունը նախևառաջ պատասխանատու է հանրային սեկտորի, այսինքն՝ իր հիմնադրած բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, այս խոշորացումը վերաբերում է կոնկրետ դրանց՝ չնայած առաջարկը բաց է նաև մասնավոր սեկտորի համար»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր:

Նրա խոսքով՝ առաջինը դասական կլաստերն է, որտեղ հիմնականում իրականացվելու է հիմնարար ուղղություններով կրթություն: Դրանք հիմնական ֆունդամենտալ գիտություններն են, բնական և հասարակական, հումանիտար ոլորտը ու դրան զուգահեռ՝ նաև այդ ուղղությամբ հետազոտությունները: Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական և կյանքի գիտություններին վերաբերող կրթություն է իրականացվելու՝  համապատասխան հետազոտություններով: Հաջորդը տեխնոլոգիական կլաստերն է՝ կիրառական հիմնական գիտությունների և ճարտարագիտական ուղղությամբ կրթություն, այդ թվում՝ հետազոտություններ, փորձարարական մշակումներ և այլն: Կրթական կլաստերն իրականացնելու է կրթությանը և դրան հարակից գիտություններին վերաբերող կրթություն և հետազոտություններ, իսկ արվեստների կլաստերը՝  արվեստների ոլորտի կրթություն,  մշակութաբանական և հնագիտական ուղղություններ: Վերջին կլաստերը սպայականն է, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթությունն է՝ արտակարգ իրավիճակներ, ներքին գործեր, պաշտպանություն:
Սարգիս Հայոցյանը նշել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ենթադրում է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունն ու հետազոտական գիտական միջավայրն իրար կցորդված են՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառմանը և առևտրայնացմանը:

«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի: Այդ նպատակով այնտեղ նախատեսված են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային ժամանցի միջավայրեր ոչ միայն ուսանողների, դասախոսների ու գիտնականների, այլ նաև այն մարդկանց համար, որոնք կցանկանան քաղաքում որոշակի արժեքավոր ժամանակ անցկացնել: Այն նաև գիտական ու հետազոտական միջառարկայական կապեր է ձևավորելու, հաղորդակցման հնարավորություններ է ստեղծելու, քանի որ ազատ մտածելու և աշխատելու հանգիստ միջավայր է՝ նորարարական, փորձարարական լուծումների որոնման, ինովացիաների ու ստացված գիտելիքի կիրառման համար»,-փաստել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքի կառավարման համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը պետության կողմից 100 տոկոսով հիմնադրված կառույց է. հոգաբարձուների խորհրդում պետական բոլոր շահառու նախարարությունների ղեկավարներն են: Հիմնադրամը ստեղծվել է ծրագրի նախապատրաստման, իրականացման ու հետագայում նաև կառավարման նպատակով: Զուգահեռ մշակվում են օրենսդրական կարգավորումներ, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում առանձին անդրադարձ կլինի ակադեմիական քաղաքին:

Սարգիս Հայոցյանը նաև տեղեկացրել է՝ քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Այդ տարածքն ընտրվել է նաև այն պատճառով, քանի որ այդտեղով անցնում է երկաթգիծը: Բանախոսը շեշտել է, որ տարածքի ընտրության հարցում կոմունիկացիաների կարևորությունն ընդգծել է նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը: Ընկերությունը մշակում է նաև քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի և տեսադաշտի վերլուծություն, շինարարության և հարկայնության սահմանափակումներ և այլն: