Սյունիքը քննություն կհանձնի

Սյունիքը քննություն կհանձնի

Աստվածաշնչում «Դու ասացիր»-ը մեծագույն բանաձև է, որով մարդը բարձրանում է ազատության միանգամայն այլ աստիճանի՝ զերծ պարտադրանքներից ու պայմանականություններից: Կարող ես լինել վեհ ու նվաստ, դավաճան ու հայրենասեր, բարի ու չար, գծուծ ու շռայլ… Դու՛ ես որոշում: Քեզ ճանապարհ ընտրելու ազատություն է տրված, որի վերջում էլ պահանջվելու է՝ ըստ քո ընտրության: 

Սրբազանի այցերը տարբեր պետական կառույցներ հենց այդ նպատակն ունեին։  Նա ոչ թե ինքն է գնահատական տալիս, թե ինչպիսին է տվյալ կառույցի ղելավարը՝ վե՞հ, թե՞ նվաստ, հայրենասեր, թե՞ դավաճան,  այլ կառույցի ղեկավա՛րն է իր գործով  ասում, թե ինքը ինչպիսին է։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Մինչև ՄԻՊ-ին, Արտաքին գործերի նախարարությանն այցելելը, մենք գիտեինք թե նման կառույցներ, ղեկավարներ ունենք։ Բայց երբ Սրբազանն այցելեց այդ կառույցները և նրանց համապատասխան վերաբերմունքը տեսանք, հասկացանք, որ նման կառույցներ չունենք, իսկ ղեկավարները պարզապես դրածոներ են, գոյության իմիտացիա է։ Դա Սրբազանի գնահատականը չէր, իրենք իրենց մասին տվեցին գնահատականը՝ դու ասացիր։ Հասկացողը հասկացավ, չհասկացողը,  միևնույն է, չի հասկանա։

Սրբազանի այցը տարբեր մարզեր նույն նպատակն ունի։ Կոնկրետ ասեմ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Այնտեղ կան քաղաքապետներ, մարզպետ, գյուղապետներ, որոնց մասին ժողովուրդը հստակ բնորոշում չունի։ Մի մասն  ասում է՝ հայրենասեր են, իրենց հողին տեր են, մյուս մասն էլ պնդում է, որ դավաճան են, իրենց հողի տեր չեն։ Սրբազանը Հիսուսի բանաձևով Սյունիք է գնում՝ դու ասացիր։ Այսինքն նա համայն հայության, ժողովրդի առաջ պարզելու է՝ իրենք իրենց հողի տե՞րն են, թե՞ թշնամու օրակարգով են աշխատում։ Գաղտնիք չէ, որ շատերը դեռ աշխատում են հայրենասիրության շղարշի տակ, իբր Սյունիքն անառիկ է, իրենք պայքարում են, մի մմ հող անգամ չեն տա։ Չնայած Սյունիքն արդեն «շան փայ է դառել» , նրանք դեռ հայրենասիրության խաղեր են տալիս։ Որպեսզի նյութս համեմեմ, մի օրինակ բերեմ։ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից արձակած նռնակների պայթյունների  ժամանակ պատահական հայտնվել էի մի  աղջկա կողքին, ով անհանգիստ շարժումներ էր անում։

Պարզվեց, որ նա Սյունիքի պատգամավորներից մեկի կինն է և անհանգստանում է ամուսնու համար։ Անուններ չեմ տալիս։ Ինչու՞ եք անհանգստանում,- զարմացա,- չէ՞ որ Սյունիքում պաշտոնյաները Նիկոլի կողմնակիցներն են։ Նրա վրա ոնց որ սառը ջուր լցրի, մի պահ մոռացավ իր անհանգստությունը և սևեռվեց ինձ վրա։ Դա այն ժամանակ էր, երբ ոստիկանությունը նռնակներ չէր գցել,  ու ինքը վախենում էր, որ ժողովուրդը կարող է մտնել  ազգային ժողով։ Հենց այդտեղ էլ խոստովանեց, որ իր ամուսինը Սյունիքից է, նույնիսկ շրջանը նշեց, ու հայրենասեր է։ Իսկ մյուսնե՞րը,- հարցրի։ Քանի որ մտածում էր, որ շարքային  «մայրիկ եմ» , անկեղծացավ․ «Մայրիկ ջան, իսկ դու գիտե՞ս, թե ինչ օյիններ է դնում Նիկոլը քաղաքապետների գլխին։ Կոնկրետ մեկի անունը նշեց, որ նրան սպառնում է, եթե իր դեմ գործի, 15 տարվա ազատազրկում է սպասվում։ Ի՞նչ անեն մարդիկ»։  «Իսկ ավելի լա՞վ չէ, որ բոլորով միասին ցուցմունք տան, որ իրենց վախեցնում է կոմպրոմատներով, քան դավաճանեն երկիրը։ Այդպես հատ- հատ բոլորին կջարդի»։ Ժպտաց՝ ու՞մ ցուցմունք տան։ 

Համեմելուց հետո ասեմ՝ որ Սրբազանի Սյունիք  հանդիպումը կատարվելու է Հիսուսի՝ «Դու ասացիր» բանաձևով։ էլ թաքնվելու տեղ չեն ունենալու․․․ Իրենք իրենց մասին խոստովանություն են տալու։ Կարծում եմ այս հանդիպումից հետո և՛ սյունեցին, և՛ համայն հայությունը կիմանա, թե ովքեր են իրենց ղեկավարները և ինչ ծրագրով են առաջնորդվում։ Սյունիքը քննություն կհանձնի։