Ադրբեջանում ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին

Ադրբեջանում ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին

Մենք մի թեթեւ մոնիտորինգ արեցինք, հասկանալու համար, թե Փաշինյանի գորընկեր Ալիեւի լրատվադաշտն ինչպես է արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ ուշագրավ բաներ հայտնաբերեցինք:

Պաշտոնական լրատվություն փոխանցող day.az-ն, օրինակ, օպերատիվ կերպով լուսաբանում է այսօր առավոտյան 08.00-ից սկսած անհնազանդության խաղաղ ակցիաներն ու բերետավորների կողմից ցուցարարներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքերը։ Կայքն ակտիվ հետևել է նաև երեկ՝ Հանրապետության Հրապարակից մեկնարկած երթին ու Բագրատ սրբազանի հայտարարություններին։ Day. Az-ում անհանգստացել են, թե` դեպի կառավարական ամառանոցներ երթը Բագրատ սրբազանի կողմից բախումների տանող քայլ է, չնայած Սրբազանն անընդհատ հորդորում էր և շարունակ հայտարարում, որ իրենք խաղաղությամբ են եկել եւ առաջարկում են Փաշինյանին` հանդիպել եւ գալ համաձայնության` իր հեռացման շուրջ: Նաեւ հավաքվածներից պահանջում էր որևէ ավելորդ խոսք չհնչեցնել, ու իրենց հետ չհամաձայնեցված քայլ չանել։ 

Ադրբեջանական կայքերի մեջ Day.az-ը «Տավուշը հանուն հայրենիքի» լուսաբանման տեսանկյունից բացարձակ չեմպիոն է։ Լրատվամիջոցը նաեւ նկատել է, որ շարժման ծավալները մեծացել են: Day.az-ի մեզ արդեն ծանոթ հեղինակը՝ Բայրամ Էլշադովը, մայիսի 26-ին, 2-3 ժամ տարբերությամբ շարունակ «վերլուծական» հոդվածներով էր հանդես գալիս` անդրադառնալով Բագրատ սրբազանին ու հանրահավաքին։ «Երևանյան բանտում նոր համալրում է լինելու. նոր քաղաքական վերադասավորումներ Երևանում» հոդվածում նա նշում է, որ քահանա -«կոռուպցիոներ» Բագրատ սրբազանը որոշել է վա բանկ գնալ ու շարժվելով դեպի կառավարական ամառանոցներ՝ բախման է տանում։ Եւ կարծում է, որ բավականին հայտնի անուններ կհանգրվանեն Երևանի բանտում։ Արձանագրում է, որ Սրբազանը «հասկանում է», որ ինքը քիչ ժամանակ ունի և վտանգավոր խաղի մեջ է մտել, իսկ ՀՀ իշխանություններն այլընտրանք չունեն, քան գնալ բախումների ու բիրտ ուժի կիրառման, ինչը կարող է նաև ողբերգական ավարտ ունենալ եւ բանտում կարող են հայտնվել թե Բագրատ սրբազանը, թե «ռազմական հանցագործներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը», նաև Իշխան Սաղաթելյանը։

Ամենազավեշտալին Սաղաթելյանի հիշատակումն էր, ով գրեթե չի երևում այս օրերին, բայց ադրբեջանցիների կոկորդում է` նրան չեն մոռանում։ Հոդվածն ավարտում է նրանով, որ ադրբեջանցին էլ է հասկանում, որ նույնիսկ նման ավարտի դեպքում արևմտյան երկրները լռություն կպահպանեն, քանի որ նրանց ծրագրերի մեջ չի մտնում Հայաստանում քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին մտահոգություններ հայտնելը կամ դատապարտելը։ 

«Կարապը, խեցգետինն ու գայլաձուկը հայկական տարբերակով. Երևանը բոլոր կողմերից քաշում են» հոդվածում Էյշադովը գրում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում է կարապի, խեղգետնի ու գայլաձկան մասին առակը։ Նա նշում է, որ Արևմուտքը որոշել է նոր մանիպուլյատիվ հնարքների դիմել, այնինչ նախկինում քաղաքական պորցեսները հիշեցնում էին շախմատային տախտակ՝ աշխարհի հզորագույն ուժերի միջև։ Իրավիճակի փոփոխությունը Էլշադովը կապում է հեղեղումների հետ ու նկատում, որ ամենաարագ արձագանքողն ու իրական օգնություն առաջարկողը Ռուսաստանի Դաշնությունն էր, իսկ Արևմուտքը խոր լռություն էր պահպանվում՝ գործնական քայլերի մասով։ Էլշադովը եզրակացնում է, որ Արևմուտքը ՌԴ-ի դեմ պայքարում փորձում է Հայաստանին քաշել իր կողմը` ցանկացած միջոց կիրառելով։ Եվ ավարտում է հոդվածն այն մտքով, որ Հայաստանը նման է այն սայլին, որն իրենց կողմն են քաշում կարապը, խեղգետինն ու գայլաձուկը։ 

Այն, որ երեկվա հանրահավաքը մեծաքանակ է եղել, փաստում է նաև Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը՝ 1news.az-ի իր հոդվածում։ «Հանրահավաքի նախապատրաստությունն աննախադեպ էր՝ համախմբվել էին բոլոր ընդդիմադիր խմբերի ուժերն ու ռեսուրսները կամ ընդդիմադիր բնույթ ունեցող շրջանակները։ Պետք է ասել, որ Բագրատ Գալստանյանի առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու, ընդդիմության ձեռքբերումն է։ Սակայն պայքարի անձնավորումը` ի դեմս Բագրատի, ով առաջադրվելու համար ունի իրավական և օրինական խոչընդոտներ՝ համարում եմ ընդդիմության թերացումը։ Ընդդիմության մյուս սխալը Փաշինյանի ամբողջ քաղաքական թիմի դեմ քարոզչությունն էր, ներառյալ պատգամավորական խումբը։

Հայկական ընդդիմությունը հայտարարում է, որ պատժելու է Փաշինյանի բոլոր աջակիցներին և կոչ է անում փաշինյանական պատգամավորներին քվեարկել Բագրատի օգտին։ Դրա համար անհրաժեշտ է եռապատիկ ավելի շատ մարդ փողոցում և տարաձայնություններ ու պառակտում իրավապահ համակարգում։ Սակայն ոստիկանությունը լեգիտիմ իշխանության կողքին է, Փաշինյանի կողքին է նաև Արևմուտքը»,-գրում է Մամեդովը։ Մամեդովը նկատում է, որ ԱՄՆ-ն արդեն գործուղել է իր Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրենին` օգնելու Փաշինյանին և հրահանգավորելու նրան։ Բայրամովն ընդգծում է, որ Ադրբեջանում մեծ ուշադրությամբ հետևում են այս իրադարձություններին, քանի որ ընդդիմության քայլերից է կախված սահմանազատման-սահմանագծման հետագա ընթացքն ու դրա ձևաչափը:

Minval.az-ը և Haqqin.az-ը օպերատիվ կերպով ներկայացրել են բերման ենթարկվածների քանակը, բախումները ցուցարարների ու բերետավորների միջև, ընդ որում, նյութերն ուղեկցվում են տեսանյութերով ու լուսանկարներով։