Փայտի պադոններ են դրել, որ մարդիկ այծի պես ցատկոտեն

Փայտի պադոններ են դրել, որ մարդիկ այծի պես ցատկոտեն

Դեռ Երեւանի ընտրությունների նախօրեին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ նախընտրական քարոզչության շրջանակներում Մաշտոցի պողոտայի Փակ շուկային հարակից գետնուղին բացեց՝ փուչիկներով, կարմիր ժապավենով բացում արեց։ Իսկ օրեր անց՝ հենց առաջին անձրեւի ժամանակ պարզվեց, որ ջրահեռացման համակարգ չեն կառուցել՝ կոսմետիկ նորոգում են արել եւ անձրեւաջրերն այնպես են կուտակվում, որ մարդիկ չեն կարողանում անցնել։ Քաղաքապետարանն արդարացավ, թե՝ գումարը չի բավարարել, ջրահեռացման համակարգն էլ հին է՝ չի գործում։ Եւ շաբաթներ առաջ քաղաքապետարանը սկսեց կրկնանորոգումը՝ հավանաբար պակասող ջրահեռացման համակարգը կառուցելու, անձրեւատարները նորոգելու համար։

Արդեն ամսից ավելի է Մաշտոցի պողոտայի այդ անցումը՝ հարակից տարածքներով փակ է, եւ գետնուղին են նորոգում եւ հարակից մայթերը, բայց աշխատանքները ոչ մի կերպ չեն ավարտվում, որովհետեւ շաբաթը մի քանի օր շինարարներն աշխատում են, մյուս օրերին՝ հանգստանում։ Եւ Մաշտոցի պողոտայի մի հսկա հատված՝ եւ աջ մայթին, եւ ձախ, ուղղակի անանցանելի է։ Մարդիկ շրջանցելով, ջրափոսերի վրա լոք տալով են քայլում։ Կանգառներում հնարավոր չէ տրանսպորտ նստել, փողոցի բանուկ մասով են գնում՝ մայթի բացակայության պատճառով։ Մի խոսքով՝ անհարմարություններ են ստեղծվել, հիմա էլ նոր լուծում են գտել` փայտե պադոններ են շարել, որ մարդիկ այծի նման թռչկոտելով քայլեն դրանց վրայով։

Սա էլ հո Աջափնյակի մետրոն չի, որ ասենք՝ միլիոնների ծախս է պահանջում եւ տեւական աշխատանք։ Տարրական բաներ չեն կարողանում նորմալ կառուցել եւ ստացվում է, որ կրկնակի ծախսեր են անում նույն գործը գլուխ բերելու համար եւ այնքան վատ են անում, որ կառուցվածը քանդվում է, ինչպես Վանաձոր-Ալավերդի ճանապարհը թղթի տնակի պես ջուրը քշեց տարավ։ Ասֆալտը ճաքում է ու փոս ընկնում։ Երեւանի ոչ մի հեղեղատար չի գործում։ Փաստորեն, քաղաքային տնտեսությունը մի կերպ՝ մազից կախված գոյատեւում է՝ Աստծու բարեհաճությունը աղերսելով, որ ուժեղ անձրեւ չգա, երկրաշարժ եւ այլ տարերային աղետներ չլինեն։