Սևակի անունով քննությունից ամենաբարձր միավորը ստացա

Սևակի անունով քննությունից ամենաբարձր միավորը ստացա

Երբ ես ընդունելության քննություն էի հանձնում հայ գրականությունից, ինձ ասացին, որ քննություն ընդունող Նինա Հովսեփյանը պաշտում է Պարույր Սևակին ու նրա հետ շատ մոտ է։ Բանավոր քննություն էր։ Տոմսը քաշեցի, պատասխանեցի հարցերին։ Վերջում նա ինձ հարցրեց՝ հայ գրականության մեջ ո՞ր բանաստեղծին ես առավել սիրում։ 
-Պարույր Սևակին,- այն ժամանակ Սևակը կար,- միայն Պարույր Սևակին։ 

Նինա Հովսեփյանը երևի չէր էլ պատկերացնում, որ ինձ ասել էին, որ ինքը սևակապաշտ է և կարող է քննությունից կտրել նրան, ով մեկ ուրիշին առավել է գտնում Սևակից։ Չնայած Սևակին էլ էի սիրում, բայց եթե չզգուշացնեին ինձ, կարող էի մեկ ուրիշի անունը տալ։  Աչքերը փայլեցին․
-Իսկ ինչու՞ նրան,- հարցրեց։ 
- Որովհետև նա եկել է մեր տուն և հորս գիրք  նվիրել։ Ասեմ, որ, իրոք, Սևակը եկել էր մեր տուն, մեզ հետ նստել, հաց կերել, նույնիսկ լաց եղել, երբ տեսել է, որ պապիկիս տրեխները հայրս սրբորեն պահում է։ Սևակը գիրք չուներ, մի անկազմ գիրք էր և մակագրությամբ նվիրել էր հորս, որը և ներկայացնում եմ։ 
- Միայն դրա համա՞ր, - հարցրեց Նինա Հովսեփյանը,- կարո՞ղ ես ասել, թե Սևակից ո՞րն է քո սիրած բանաստեղծությունը։
- Հայաստանը,- ասացի ու արտասանեցի․
Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ․․․

Այն ժամանակ ամենաբարձր միավորը հինգն էր, նշանակեց ու շոյեց գլուխս։ Հետագայում նա իմ դասախոսն էր և մտերիմ էինք։ Նրանց տուն շատ էի գնում։ Անընդհատ խոսում, պատմում էր Սևակից։ Հիշողությանս մեջ տպավորվել է, երբ նա   ասում էր, որ  Սևակը ամենաշատը վախենում է բամբասողներից, բանսարկուներից, զրպարտիչներից, մատնիչներից։ Նման մարդկանցից փախչում էր մղոններով ։ Այդ ժամանակ ես չէի պատկերացնում, թե ինչ աղետ է բանսարկու, մատնիչ  լինելը, իսկ այսօր, երբ բանսարկությունը, բամբասկոտությունը,  մարդուն վարկաբեկելը դարձել է օրակարգ, ու երկիրը կուլ է գնում այդ մեծ երախում, հասկանում եմ Սևակին։ Մարդուն, երկիրը կործանում են, բանսարկությամբ, ստով, կեղծիքով, վարկաբեկելով․․․

Մեկ էլ հիշում եմ Սևակի մահը ու դասախոսիս վիճակը, երբ նրանց տուն գնացինք․․․ Սևակի մազափունջը մասունքի նման պահու՜մ էր․․․ Ավտովթարից հետո դա տեսա իր տանը․․․ Տեսա  նաև Սևակի կիսանդրին։  Արժեքներ ունեինք, որոնք գնահատում, փայփայում էինք, 2018-ից հետո մեր բոլոր հոգևոր արժեքները զրոյացան․․․ Դրանով հիմք դրվեց երկիրը, ազգը վերացնելու սկիզբը․․․