Ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի արձագանքին

Ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի արձագանքին

2024 թ. հունիսի 14-ին` ՀՀ դատական դեպարտամենտն իր վերլուծությամբ պարզած արդյունքներն է ուղարկել «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին՝ ի գիտություն և hraparak.am լրատվական կայքին, որն արդեն իսկ տպագրվել է:

Դատական դեպարտամենտի արձագանքը որոշակի առումներով դրական քայլ է իրենից ներկայացնում, սակայն մնացած առումներով՝ ամբողջովին առարկայազուրկ է: Նախ՝ դատավոր Հայկ Իսրայելյանի կոնկրետ գործողություններին վերաբերելի աղաղակող փաստական տվյալներին անդրադարձ չի կատարվել, կամ կատարվել է մակերեսորեն՝ ըստ նպատակահարմարության:
Դեպարտամենտի կողմից նշված այն տեղեկությունները, թե որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ Թիվ ՇԴ2/0037/01/15 քրեական գործով՝ «Դատավոր Հայկ Իսրայելյանը 1-տարի 4-ամիսների ընթացքում նշանակել է 15- դատական նիստեր և ըստ «Դատական տեղեկատվական համակարգ» ծրագրի՝ 15 դատական նիստից 12-ը նշված է որպես կայացած, դրանցից 4-ի ընթացքում քննվել են ինքնաբացարկի և փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ, 3 դատական նիստ չի կայացել՝ դատավորի այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու, դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու և վատառողջ լինելու պատճառներով»՝ ԹԵՐԻ Է ԵՎ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ:

Դատական դեպարտամենտի ղեկավարին և մնացած պատասխանատուներին տեղեկացնում եմ այն մասին, որ «Դատական տեղեկատվական համակարգ» կայքում տեղադրված տվյալների համադրության արդյունքում՝ ձեռք են բերվել անհերքելի փաստեր այն մասին, որ դատավոր Հայկ Իսրայելյանի աշխատակազմի կողմից համակարգում տեղադրվել և տեղադրվում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող, կամայական տեղեկություններ: Նշված փաստի առկայությունը հավաստելու նպատակով՝ տվյալ կայքից արդեն իսկ արտատպվել են համակարգչային քաղվածքներ, որոնց մասին լավատեղյակ է դատավոր Հայկ Իսրայելյանը և դրանք դատական նիստով ներկայացվել են վերջինին և, ի դեպ, նշեմ, որ դրանք վերաբերում են նաև դատավորի՝ իբր այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու հանգամանքին:
Դեպարտամենտի հրապարակային պատասխան գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ դատական դեպարտամենտի վերլուծության արդյունքները հիմնված են նշված համակարգում տեղադրված՝ սխալ տեղեկությունների վրա և ակնհայտ է, որ դեպարտամենտը տեղյակ չէ համակարգից և չի տիրապետում իրավիճակին, իսկ նման տվյալների հաշվառմամբ արդյունքներ գրանցելն՝ ուղղակի պատրանք է: Բացի այդ, սույն գործի դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ քանիցս բացահայտվել է դատավորի ոչ ձեռնահաս լինելու և գործի ելքով շահագրգռված լինելու ակնհայտ կողմնակալ վարքագիծը, որի հետ դատավորն ինքը՝ որոշակի առումով համաձայնել է: 

Դեպարտամենտի կողմից անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, թե անձի իրավունքի խախտման կամ կողմնակալ, ապօրինի որոշում կայացնելու դեպքում քաղաքացին կարող է դիմել Արդարադատության նախարարին կամ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ որդուս սպանության գործով դատավորի կողմից թույլ տրված հանցավոր խախտումների և ապօրինի որոշումների մասին հավաստող փաստաթղթերի տրցակներ են ուղարկվել նշված մարմիններին, սակայն ինչպես նշել եմ՝ «Դատաիրավական համակարգը վերածվել է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ», ուստի նույն համակարգից ակնկալել միջոցներ ձեռնարկել՝ առնվազն միամտություն կլինի:
Արդարադատության նախարարին, Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, անգամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին արդեն իսկ քանիցս ուղարկված դիմումները ստացել են այնպիսի ընթացք, ինչպիսի ընթացք է ստացել, օրինակ՝ դատական դեպարտամենտի սույն վերլուծության արդյունքները, այն է՝ առանց պատշաճ ստուգումներ կատարելու, առանց փաստաթղթեր պահանջելու և ուսումնասիրելու, առանց դրանք վերլուծելու և համադրելու, հերթական վերացական դրսևորմամբ արդյունքներ են արձանագրվել, նպատակ հետապնդելով՝ «Հռչակելու դատավոր Հայկ Իսրայելյանի անմեղությունը»:
Անդրադառնալով դատական դեպարտամենտի պատասխանում արձանագրված այն դիրքորոշմանը, թե, մեջբերում եմ. «Այսպիսի հանցագործությունների դեպքում հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքը կատարելու օրվանից անցել է 15-տարի: Տվյալ դեպքում սպանությունը կատարվել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Դա նշանակում է, որ վաղեմության ժամկետը լրանում է 2029 թվականի հոկտեմբերի 29-ին»՝ ապա արձանագրենք, որ ըստ դատական դեպարտամենտի՝ շտապելու և անհանգստանալու կարիք չկա, քանի որ դեռևս 5տ արի էլ կա, որ վաղեմության ժամկետն անցնելու հիքեր առաջանան՝ այն դեպքում, երբ Արտյոմ Ադանալյանի սպանությունից անցել է 9-տարի, երբ ընդամենը մի քանի ամսից՝ 2024 թվականի հոկտեմբերի29-ին, լրանալու է 10-տարին, իսկ 2029 թվականի հոկտեմբերի 29-ը սարերի ետևում չէ: Փաստորեն այս հանգամանքի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն տվայտված են առաջիկա 5-տարիների ընթացքում սպասվող ակնկալիքներով:

Թե՛ բարոյական և թե՛ իրավական առումով այն աստիճանի վիավորանք և ցինիզմ է պարունակում մեջբերվածը, որ անգամ մարդկային ուղեղի մեջ չի կարող տեղավորվել և չգիտեմ ինչ բառերով պատասխանեմ դեպարտամենտի մեջբերված ձևակերպումներին, որպեսզի չանցնեմ էթիկայի սահմանները: Այսինքն, իրավաչափ գնահատելով մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության ավելի քան 9-տարվա տևողությամբ դատաքննության հանցավոր ընթացքը, 9-տարիների տառապանքն ու ցավն` այն դեպքում, երբ դեռևս դատապարտված անձինք չկան, դատական դեպարտամենտը հուսադրում է ինձ` պայմանով, որ առջևում դեռևս 5-տարի էլ կա՞...Սա արդեն անցնում է բարոյականության բոլոր սահմանները, բացառելով պետության պոզիտիվ պարտականությունը և փոխարենը փաստելով դատաիրավական համակարգի մասնավոր տիրույթում գործելու հանգամանքը:

Հարց եմ ուզում առաջադրել նշված դեպարտամենտին, եթե դատավոր Հայկ Իսրայելյանը դիտավորությամբ, անհիմն պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը, որոշումներ կայացնելու համար սպառում 8 և ավելի ամիսներ, կամ` ընդհանրապես նիստեր չի նշանակում, ապա մնացած 5 տարին չի՞ կարող նույն կերպ սպառել, երբ դրա կրկնակի ժամանակահատվածը՝ 10 տարին արդեն իսկ սպառել են, երբ բացահայտ շարունակում են «խոշտանգել» կյանքի իրավունքից զրկված որդուս սպանության գործի քննության ողջամիտ ժամկետները:

Դատական դեպարտամենտը նման պայմաններում կարո՞ղ է արդյոք երաշխավորել, թե քանի տարում կավարտվի այս գործի քննությունը, երբ գործն 9 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանի վարույթում է, բացի այդ՝ առաջին ատյանում ավարտվելուց հետո՝ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում կարող է շարունակվել գործի քննությունը և գերազանցել 5 տարին: Դատական դեպարտամենտը չի՞ վերլուծել այս հանգամանքները, իհարկե վերլուծել է...
Այն շահարկումները ,թե ԲԴԽ-ն չունի լիազորություն առանձին գործերի քննության ընթացքին որևէ կերպ միջամտելու, ապա հարկ եմ համարում նշել, որ այնուհանդերձ համակարգային հանցավոր սխեման հանգեցնում է ողջամիտ կասկածների առ այն, որ այսպիսի առանձնահատկություններով օժտված ցանկացած կոռումպացված գործի դատաքննության փոխհամաձայնեցված ընթացքը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի տեսադաշտում է և առանց վերջինի կամքի ու թողտվության՝ դատավորների այն «ԸՆՏՐԱՆԻՆ», որտեղ ընդգրկված է նաև Հայկ Իսրայելյանը, չեն կարող այս աստիճանի մանևրելով՝ առանձապես ծանր հանցագործություն կատարած հանցագործներին փորձել ազատել քրեական պատասխանատվությունից:

Բացի այդ, եթե Բարձրագույն դատական խորհրդին հայտնի են դառնում այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք դուրս են ԲԴԽ -ի լիազորություններից, ապա համապատասխան ՀՀ օրենքի համաձայն՝ ԲԴԽ-ն ուղղակի պարտավոր է այն ուղարկել ըստ պատկանելության, այլ ոչ թե թողնել անհետևանք, անհանգստություն չպատճառելով համապատասխան լիազորությամբ օժտված գործընկերներին:

Գալով վերջին ժամանակահատվածին՝ նշեմ, որ 2024 թվականի հունվարից մինչև օրս Հայկ Իսրայելյանը կայացրել է թվով 2 դատական նիստ, այն էլ նշանակելով աշխատանքային օրվա ավարտին: Արտյոմ Ադանալյանին սպանելու համար ամբաստանվող Արթուր Մարտիրոսյանը, գտնվելով ազատության մեջ՝ դատական նիստին չի ներկայացել, իսկ Հայկ Իսրայելյանը վերջինին բերման ենթարկելու կամ խափանման միջոցը փոխելու մասին որոշում չի կայացրել, իսկ կարո՞ղ է դատական դեպարտամենտը այս և թվարկված հարցերի կապակցությամբ պատասխան պահանջել դատավորից: Դատավորի անկախ լինելը՝ չի նշանակում անօրեն և սանձարձակ լինել: Սույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում, քանի որ միայն կարգապահական վարույթի շրջանակներում է հնարավոր հասնել համապատասխան եզրահանգման:
Վերը նշվածի համատեքստում մնում է ընդամենը փաստել, որ դատավոր Հայկ Իսրայելյանն, ըստ էության, «զրկված է» որպես անկախ և անկողմնակալ դատավոր, նաև արդարադատություն իրականացնելու իր առաքելությունից, ուստի դատավորը «գործիք է», «միջոց» դատաիրավական համակարգի կազմակերպված հանցավոր խմբի ձեռքին` անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար։

Հիշյալ դեպարտամենտն իր վերլուծությունների արդյունքում հարց առաջադրե՞լ է արդյոք սույն դատավորին, թե ներկա պահին ինչո՞ւ դատական նիստեր չկան նշանակված և որտե՞ղ են գործի նյութերը: Գործի նյութերի 60 հատորները սույն թվականի փետրվարի 2-ից ուղարկել է փորձագիտական կենտրոն` այն դեպքում, երբ դեռևս գոյություն չունի համապատասխան որոշում գործի նյութերը տվյալ փորձագիտական կենտրոնում թողնելու համար: Գրավոր դիմումներ են հասցեագրվել Հայկ Իսրայելյանին, խնդրել ենք կարգավորել այս իրավիճակը, հետ բերել նաև գործի նյութերը, սակայն վերջինը նպատակադրված է փորձաքննության պատրվակով ազատվել գործի նյութերից և դատական նիստեր չնշանակել:

Դեպքին մասնակից վկա է կանչվել հարցաքննության, առանց գործի նյութերի ինչպե՞ս է իրականացնելու դատաքննություն, այն դեպքում, երբ փորձաքննություն նշանակելու մասին բավարարված միջնորդությամբ հստակ նշվել է` փորձագետներին տրամադրել գործի այն բոլոր՝ 12-անուն փաստաթղթերը, նյութերն ու իրեղեն ապացույցները, որոնք բացառապես վերաբերվում են Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքներին և հագուստների վնասվածքներին, միաժամանակ նշվելով, որ անհրաժեշտության դեպքում փորձագետները զրկված չեն համապատասխան միջնորդությամբ հանդես գալու և դատարանից նյութեր պահանջելու հնարավորությունից: Տրամաբանությունից զուրկ և ոչ իրավաչափ գործողություններով սույն դատավորը փորձում է տուժող կողմիս արդար դատաքննության ողջամիտ ժամկետների հաշվին՝ դատական նիստերը հետաձգելու օբյեկտիվ պատճառաբանության պատրանք ստեղծել:

Դատարանը գտնվում է տուժող կողմիս միջնորդությունների փուլում, իսկ ներկա պահին ընդհատվել են դատական նիստերը և ես զրկվել եմ իրացնելու սպանված որդուս իրավունքները:
Կոչ եմ անում դատական դեպարտամենտին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն արդադարադատության՝ գեթ մեկ անգամ հանդես գալ արժանապատվորեն, համակարգին հարիր փաստերով ու ապացույցներով, հակառակ դեպքում ցանկացած պատասխան կարող է կրել ինքնանպատակ բնույթ: Պատրաստ եմ դեպարտամենտի ներկայցուցիչների հետ ցանկալի ձևաչափով և ցանկալի հարթակում հանդիպել, հրապարակային ներկայացնել վերոգրյալը հավաստող ապացույցներ:

«Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ՝ Ռուզան Ադանալյան