Անհայտ ծագման ձայնագրություններ են տեղադրում իրենց էջերում եւ կալանավորում մարդկանց 

Անհայտ ծագման ձայնագրություններ են տեղադրում իրենց էջերում եւ կալանավորում մարդկանց 

Իրավապահները շարունակում են «քայլել» մարդու իրավունքների վրայով: Ոստիկանները չորեքշաբթի օրը նռնակներ նետեցին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, արդյունքում քաղաքացիներից մեկը կորցրել է ձեռքը, մի քանիսը` մինչ այս պահը բժշկական կենտրոններում են գտնվում, սակայն դեռևս քրեական վարույթ չի նախաձեռնվել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը մեկ տասնյակի հասնող քաղաքացիներ ձերբակալվել են «խուլիգանության» համար, նրանցից մի քանիսը կալանավորվել են:

Թեմայի մասին զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:

- Ունե՞ք տեղեկություններ, թե որտեղ, ի՞նչ պայմաններում են կալանավորված անձինք այս պահին: Առհասարակ` ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին:

- «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ այս ընթացքում տարբեր ձերբակալվածների, կալանավորվածների, հիվանդանոցում գտնվողներին այցելել ենք, թե մենք` պատգամավորներս և թե փաստաբանները: Տարբեր քանակությամբ այցելություններ են եղել: Ունենք երկու հստակ քրեական գործ, որոնցով ազատ կարողանում են կալանավորել մարդկանց` մեկը հունիսի 12-ին տեղի ունեցած դեպքերին է վերաբերում, մյուսը` իշխանական կայքերում հայտնված ձայնագրությունները: Արդեն հինգ անձի մասին կա կալանավորման որոշում: Գնահատականս հետևյալն է` գործ ունենք ռեպրեսիաների հետ, երբ ցուցադրաբար մարդկանց ճնշում են, որի նպատակը մեկն է` հայ քաղաքացիներին հետ պահել ցույցերին մասնակցելուց, իրենց բողոքն արտահայտելուց: Տարրական մի բան ասեմ, որ ընթերցողին պարզ լինի, իշխանական կեղծ էջերում տարածված կեղծ ձայնագրությունների համար երկու հոգու են կալանավորել, այն պարագայում, երբ բարձրաստիճան իշխանականները նույն բնույթի խոսակցություն են ունեցել, սակայն գործ է հարուցվել ոչ թե ձայնագրություններում առկա տեսակետների համար, այլ` ապօրինի ձայնագրություն ունենալու փաստի համար: Մեր երկրում նման երկակի ստանդարտներով են գործում իրավապահները: Սա ակնհայտ քաղաքական պարզագույն հետապնդում է` քաղաքացիների աչքը վախեցնելու, նրանց լռեցնելու համար:

- Իսկ տեղյա՞կ եք` ով ինչ «հանցանք» է գործել: Տեղեկացանք, որ կալանավորվածներից մեկը պարզապես հանդգնել է պլաստմասե շիշ նետել` անհայտ ուղղությամբ:

- Պետք է թիրախներն առաձնացնել: Դրանք այն կուսակցություններն են, որոնք ողջ ներուժով մասնակցում են այս գործընթացներին: Օրինակ` Դաշնակցությունը: Այն գործարարները ու այն ընկերությունները, որոնք աջակցում են շարժմանը, նրանք նույնպես թիրախում են, թիրախում են նաև արցախցիները, ի դեպ արցախցիները թիրախավորված են դեռևս սեպտեմբեր ամսից: Բոլոր գործերում կեղծ դիպվածային փաստեր են: Այս ճանապարհով իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ կլինի բոլոր նրանց հետ, ովքեր մասնակցեն այս ցույցերին:

- Վայոց Ձորի մարզից էլ կանանց էին ձերբակալել` հարս ու սկեսուրի: Վարդորդին բենզինի գումար տրամադրելու համար:

- Դա էլ մի ուրիշ «նվաճում» էր, բայց որևէ գումար տալու փաստ չի հաստատվել, դրանք էլ էին անհայտ ծագման ձայնագրության հիման վրա արված գործողություններ: Երեք տարեկան երեխան` տանը հիվանդ վիճակով, սպասում էր մորը, երեք օր շարունակ առանց հաց ուտելու: Երեկ երիտասարդ կնոջը ազատ արձակեցին, իսկ սկեսուրին տնային կալանքի են ենթարկել: