ՔՊ-ն շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը

ՔՊ-ն շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը

ՔՊ-ն ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը: Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ արտահերթ նիստը բոյկոտելու մասին։

«ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունը ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե իբր դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- ասաց Արծվիկ Մինասյանը

«Բայց քանի որ այս նախաձեռնությունը գտնվում է ԱԺ-ի ընթացիկ շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց, և առաջիկա հերթական նիստերի օրակարգից առաջ ենթակա է քննարկման՝ նախ հանձնաժողովում, ապա նաև ԱԺ-ի օրակարգում»,-հավելեց ընդդիմադիրը

Հիշեցնենք արտահեթ նիստը կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու վերաբերյալ ուղերձ ընդունելու օրակարգով էր։