Կարապետ Պողոսյանն ինքն է պահանջել իրենից արյուն վերցնել եւ փորձաքննության ենթարկել

Կարապետ Պողոսյանն ինքն է պահանջել իրենից արյուն վերցնել եւ  փորձաքննության ենթարկել

Արդեն 12 օր է՝ գյումրեցի քաղակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կալանավորված է, գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Ընտանիքը նրա հետ ընդամենը մի քանի անգամ է խոսել, այն էլ Նուբարաշեն տեղափոխվելուց հետո:  

Կինը՝ Անգին Մալխասյանը, Hraparak.am- ին ասաց, որ ամուսնու բջջային հեռախոսը ձերբակալման պահից անջատված   է, եւ ամուսնու հետ թույլատրվում է խոսել միայն քրեակատարողական հիմնարկներում տեղադրված կապի միջոցով, այն էլ՝ իրավապահների թույլտվությամբ :  

«Մենք էլ աշխատում ենք որևէ կերպ օրենք չխախտել, շարժվում ենք օրենքի տառով, գոնե այսկերպ կապը ամուսնուս հետ պահում ենք, ձայնը լսում եմ, առողջականից եմ տեղեկանում, գիտեք՝ բարձր արյան ճնշում ունի։ Ինքը կոտրվող չէ, էնտեղից հույս է տալիս, ասում է՝ լավ է լինելու ամեն ինչ, ոչ մի բանի մասին չմտածեմ, արգելել է իրեն տեսակցել, ասում է՝ հատկապես երեխաներին այստեղ չբերես» ,-ասաց իրավապաշտպանի կինը՝ նշելով, որ Կարապետ Պողոսյանի փաստաբանները  նրա կալանավորման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, ինչը որոշակի ժամանակ է պահանջում ։ 

Անդրադառնալով  քննչական կոմիտեի հաղորդագրությանը, որում ասվում է, թե Շիրակի մարզի 43–ամյա բնակիչը կալանավորվել է` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով, Պողոսյանի կինն ասաց, որ Կարապետը  ոստիկանությունից անձամբ պահանջել է իրենից արյուն վերցնել եւ ենթարկել լաբարատոր փորձաքննության։

Հիշեցնենք, որ գյումրեցի քաղակտիվիստին ձերբակալել էին հունիսի 5-ին, երբ  նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Նույն պահին Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ֆեյսբուքյան ուղիղ եթերով  հայտնում է, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։

Պողոսյանի ձերբակալությանը հաջորդել էր կալանավորումը։