Անի Սամսոնյանը գիտի` չի ասում, Էդմոն Մարուքյանը` չգիտի, չի ասում

Անի Սամսոնյանը գիտի` չի ասում, Էդմոն Մարուքյանը` չգիտի, չի ասում

Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը, որը նախկինում նաեւ այս կուսակցության խոսնակն էր, հանրությանը սոցցանցի միջոցով տեղեկացրեց, որ դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը։ Այդ մասին մենք անցած շաբաթ գրել էինք: Ներկայացրել էինք, որ Սամսոնյանը տարաձայնություններ ուներ Էդմոն Մարուքյանի հետ եւ ընդդիմադիր շաժման եւ Սրբազանի հանդեպ առավել հստակ դիրքորոշման կողմնակիցն էր, իսկ Մարուքյանը նախապայմաններ էր առաջ քաշում, թե` մինչեւ նախկինները չհայտարարեն, որ իրենք չկան, մենք շարժմանը չենք միանա: 

Սամսոնյանն իր գրառման մեջ բավականին լակոնիկ էր գտնվել. «Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին»` ուղղված իր նախկին ընկերներին։ Միակ հիշվող արտահայտությունն այն էր, որ նա շարունակելու է իր քաղաքական գործունեությունը։ Մեր հարցին, թե ինչով էր իր «քաղաքական գործունեությանը» խանգարում «Լուսավորը» Սամսոնյանը պատասխանեց․ «Շարունակելու եմ լինել քաղաքականության մեջ որպես ընդդիմադիր գործիչ, իսկ կուսակցության հետ կապված հայտարարության մեջ նշված է ամեն ինչ»: Իսկ որքանո՞վ է Անի Սամնսոնյանն ընդդիմադիր լինելու, արդյո՞ք այնքան ընդդիմադիր կլինի, որ կգնա, կկանգնի Բագրատ Սրբազանի կողքը, կծեծվի, նրա մազերից էլ կքաշեն ոստիկանները, Անին այլևս չցանկացավ հարցերին պատասխանել, ասելով, որ հիմա չի կարող, որ վերջին զանգի միջոցառման է մասնակցում։ 

Մենք փորփրեցինք Անի Սամսոնյանի ելույթները և գտանք մի ուշագրավ հատված, որը թերեւս բացատրում է կատարվածը: Մայիսի 9-ի ցույցից առաջ նա հայտարարել էր․ «Ես ակնկալում եմ, որ մարդիկ կմիանան այս շարժմանը, որովհետև այստեղ այլևս արդարացում չկա՝ նախկիններն են, ներկաներն են և այլն: Այստեղ կա արդար բողոք և իմ ակնկալիքը այն է, որ հնարավորինս շատ մարդիկ ցույց կտան իրենց կամքը և դժգությունը, որպիսի իշխանությունը արխային չլինի»: 

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ևս զերծ մնաց մեկնաբանություններից, ասելով միայն, որ չգիտի, թե ինչու է Անին գնում։