ԵՄ-ն ռազմականացվում է. Օրբանը կրկին քննադատել է

ԵՄ-ն ռազմականացվում է. Օրբանը կրկին քննադատել է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խելահեղ և անպատասխանատու է համարում արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտությունը սրելուն և Ռուսաստանի հետ ուղիղ բախմանը։ 

Պատասխանելով Patriot YouTube ալիքի հարցերին, կառավարության ղեկավարը նաև ասել է, որ նման գործողությունները ստեղծում են նոր համաշխարհային պատերազմի վտանգ՝ միջուկային զենքի օգտագործմամբ։
Մեկնաբանելով Եվրախորհրդարանի գլխավոր խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերի վերջին առաջարկը՝ Եվրամիությունում պարտադիր զինվորական ծառայություն մտցնելու վերաբերյալ, Օրբանն այն անվանել է «խելագար գաղափարների մարմնացում»։ 

Բացի այդ, անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողություններին Արևմուտքի անընդմեջ ֆինանսական աջակցությանը, նա նշել է, որ «ավելի անպատասխանատու բան իր կյանքում չեմ տեսել»։
Վարչապետը նաև մատնանշել է միջուկային զենքի կիրառման մասին ցանկացած շահարկումների ծայրահեղ վտանգը՝ հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչ ոք սկզբում չէր ենթադրում, որ ԱՄՆ-ն ատոմային ռումբեր է նետելու Ճապոնիայի վրա։

Մատնանշելով Բրյուսելում տիրող պատերազմական տրամադրությունները՝ Օրբանն ասել է, որ «Եվրահանձնաժողովն աստիճանաբար վերածվում է ռազմական խորհրդի, իսկ Եվրախորհրդարանը՝ ռազմական մարմնի»։ Նրա կարծիքով, դա սպառնում է այն սկզբունքներին, որոնց վրա հիմնվել է Եվրամիությունը։ «Սա ոչ միայն պատերազմի մասին է, թեև սա, իհարկե, ամենակարևորն է, այլ նաև ողջ եվրոպական ժողովրդավարության կենսունակության մասին», - ընդգծել է նա:

Նրա պնդմամբ, ՆԱՏՕ-ի ղեկավարության ցանկությունը՝ ամբողջ դաշինքի համար որոշակի համակարգող դեր սահմանել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում, հակասում է նրա պաշտպանական բնույթին։ Օրբանը խոստովանել է, որ ինքն ուղղակի նյարդայինանում է տարակուսանքից, երբ լսում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի որոշակի առաքելության մասին: 

Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ «Եվրոպան սահում է դեպի պատերազմ», բայց «ինչ-որ կերպ դրան դիմադրությունը ավելի քիչ ուժեղ է արևմուտքցիների մտքում, քան հունգարացիների դեպքում»:
Համենայնդեպս, Հունգարիան չի մասնակցի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նման գործողություններին, «անկախ նրանից, թե ինչ փաստարկներ նրանք բերեն», ընդգծել է Օրբանը։ Այդ կապակցությամբ նա ասել է, որ հունիսի 6-9-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները կորոշեն «պատերազմի և խաղաղության հարցը» և կոչ արել աջակցել այն կողմերին, որոնք դեմ են Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակմանը և այլ երկրների ներգրավմանը դրանցում: