«Թալիբանը» կհանվի՞ ՌԴ «սև ցուցակից». Պուտինին զեկուցել են

«Թալիբանը» կհանվի՞ ՌԴ «սև ցուցակից». Պուտինին զեկուցել են

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ «Թալիբան» շարժումը կարող է հանվել արգելված կազմակերպությունների ցանկից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։

Ինչպես նշել է դիվանագետը, դիրքորոշումը փոխանցվել է այլ գերատեսչությունների հետ համաձայնությամբ։ «Դրական»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչ դիրքորոշում ունի այս հարցում։ 

«Բոլոր նկատառումները զեկուցվել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Մենք սպասում ենք որոշման ընդունմանը»,- հավելել է Քաբուլովը։

Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը հրավեր է ուղարկել «Թալիբան» շարժմանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար. «Նրանց (թալիբներին) հրավեր է ուղարկվել։ Ես դեռ չգիտեմ մակարդակի մասին»,- ասել է նա։