Փաշինյան, ու՞ր է անհետացել Արցախի հայությանը տրվող ամենամյա միջպետական վարկը
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ամեն տարի Արցախի կարիքների համար միջպետական վարկ է փոխանցել ԼՂՀ պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ Վարկի չափը կազմում էր ավելի քան 300 միլիոն դոլար կամ 144 մլրդ դրամ։ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։
Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։
Սա դեռ ամենը չէ. փետրվար եւ մարտ ամիսներին փոխանցումներ նորից եղել են, իսկ Փաշինյան, ԵՄ եւ ԱՄՆ կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանին է փոխանցվել 270 մլն եվրո ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից։
Հայաստան եկած այս ֆինանսական հոսքի արդյունքն այդպես էլ չի երեւում։ Մինչ այսօր գեթ մեկ արցախզի պետությունից լիարժեք որեւէ օգնություն չի ստացել։ Արցախից բռնի տեղահանվածների գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը։ Ոչինչ չի արվում գոնե մնացածին արժանապատիվ աջակցելու համար։
2-3 տարիների միջպետական վարկը և վերը թվարկած գումարները բավարար են արցախցիների սոցիալական խնդիրները կարգավորելու համար։ Այդ վարկը տալիս էինք Արցախի բնակիչներին, այլ ոչ թե Արցախի բնությանը։ Հիմա Արցախի բնակիչները այստեղ են, տունուտեղ կորցրած, ամեն ինչից զրկված։ Ինչո՞ւ այդ վարկը չի տրվում իրենց, Փաշինյան։ Ողջ հայությունն է սպասում պատասխանի․․․
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր
Կարծիքներ