Զգույշ խոսեք լակոտության մասին

Զգույշ խոսեք լակոտության մասին

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը բավականին հետաքրքիր բառապաշար ունի: Եվ ես, որպես լրագրող, ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր ոստիկանապետին: Լակոտությունը ո՞րն է, Արամ Հովհաննիսյան: Ես էլ կասեմ՝ ավելի մեծ լակոտություն, քան Նիկոլի դուդուկի տակ պարելն է, չկա:

Արտահայտությունների մեջ մի քիչ զգույշ եղեք, պարոն Հովհաննիսյան, այլապես դրանք բումերանգի նման վերադառնալու և իրենց հեղինակին հարվածելու հատկություն ունեն: Մեկ օրում 300 մարդու եք բերման ենթարկել: 300 մարդ, ի՞նչ է՝ լակոտությո՞ւն էր անում: Եվ այդ երբվանի՞ց է սեփական իրավունքների համար պայքարելը, երկրի գոյության համար փողոց դուրս գալը դարձել լակոտության դրսևորում:

Թե բա՝ լրագրողներ, տեր հորը հորդորեք, որ իրեն նորմալ պահի… Արամ Հովհաննիսյան, դու լրիվ դեմք ես: Արի, ինքդ հորդորիր, ինչո՞ւ չես գալիս: Իսկ կարո՞ղ ես: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է հորդոր կարդալ մի մարդու գլխին, որ հարյուր հազարավոր քաղաքացիների է փողոց հանել: Բագրատ սրբազանի թիկունքին մի ողջ ազգ է կանգնած այսօր. քաջություն ունե՞ք, եկեք ազգին հորդորեք, որ չգնա Բագրատ սրբազանի հետևից: Ասենք ի՞նչ եմ ասում, ի՞նչ քաջություն, ձեզ դեռ խելք է պետք, որ կարողանաք մարդկանց հավատացնելու, որ Բագրատ Սրբազանն, իբր, իրեն նորմալ չի պահում: Պարոն Հովհաննիսյան, հապա մի հայացք գցեք Նիկոլի «ձիանոցի» ներսը, այնտեղ կա՞ խելացի մեկը, որ կկարողանա Բագրատ սրբազանին խելք սովորեցնել: Չկա: Ուսապարկերի պահեստ է դա, պարոն Հովհաննիսյան, և ոչ թե քաղաքական ձիանոց:

Ի դեպ՝ չփորձե՞նք պարզել, թե ով էր 2018-ին իրեն լակոտի պես պահում փողոցում: Ցուցարարնե՞րն էին լակոտություն անում, թե՞ ոստիկանները, պարոն Հովհաննիսյան: Ես անձամբ Ձեզ կխնդրեի տալ այս հարցի պատասխանը և կհորդորեի լինել առավելագույնս ազնիվ: Կկարողանա՞ք պատասխանել, կկարողանա՞ք ասել, որ այն ժամանակ ոստիկանությունը կարգ էր պաշտպանում, իսկ Նիկոլը լակոտություն էր անում: Թարմացնեմ Ձեր հիշողությունը: 2018-ին ավտոմեքենաների համարները թղթով փակած ոչ մի լակոտ բերման չի ենթարկվել, այդպիսի ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, նստարաններով փողոց փակող, ըստ ձեզ՝ լակոտություն անող ոչ մի ցուցարարի ոստիկանապետը լակոտ չի անվանել: Այն ժամանակվա ոստիկանապետը, ի՞նչ եք կարծում, այնքան դուխ չունե՞ր, որ հենց Նիկոլի արարքները լակոտություն որակեր, երբ նա իր կին ֆանատներից մեկի վարտիքով արագաչափ էր փակում ու հետն էլ ողջունում ոստիկաններին, թե բա «պրիվետ ատ Զիմզիմովա»: Ես շարքային լրագրող եմ, պարոն Հովհաննիսյան, չեմ կողմնորոշվում, դրա համար էլ Ձեզ եմ խնդրում ասել՝ Նիկո՞լն էր լակոտություն անո՞ւմ, թե՞ այն օրերի ոստիկանները, որ ուղտի լուրթ հայացքով ուղեկցում էին նրան:

«Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու անտեղի բերման չենք ենթարկում, տեսախցիկներով երևում է՝ ճանապարհը փակում են, վազում, լակոտի պես կանգնում»,- սրանք Ձեր խոսքերն են, պարոն Հովհաննիսյան, և Դուք ստում եք: Չգիտեմ ձեր տեսախցիկներն ինչպես, բայց լրագրողների տեսախցիկները բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ մարդկանց ուղղակի «գողցել» եք մայթերից, հետիոտնային անցումների վրայից, սեփական ավտոմեքենայի միջից… Չմոռանամ նաև հարցնել՝ երեկ կարմիր գլխարկներն ինչո՞ւ էին եկել ՀՅԴ գրասենյակ, հո բան չէ՞ր պատահել, ու արդեն չեք էլ հարցնում՝ պատգամավո՞ր է ձեր առջև կանգնած, թե շարքային քաղաքացի, որին կարելի է «գողնալ» ու պատասխան չտալ դրա համար:

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակից ավելի քան 100 հազար մարդ քայլեց դեպի կառավարության ամառանոց: Ամբողջ ճանապարհին ոչ մի ոստիկան չկար, ոչ մի ոստիկան չէր ուղեկցում երթը: Ինչո՞ւ, վստա՞հ էիք, որ սադրանքներ չեն լինի, թե՞ լսել էիք ցուցարարներին ուղղված Բագրատ սրբազանի հրահանգը՝ «անշնորհք բաներ չանել»: Փոխարենը, պարոն Հովհաննիսյան, զմռսել էիք «նիկոլանոցի» բոլոր մուտքերն ու ելքերը, որ օձն իր պորտով, հավքն իր թևով մուտք չունենա այնտեղ: Կարո՞ղ էր այդքան ժողովուրդ խելագար Դեբեդի պես քշել այդ ոստիկանական շարքերն ու լցներ Զանգուն: Կարող էր: Կարող էր ոչ միայն Նիկոլի դուխիներն իր հետ տանել, այլև Նիկոլին: Կարո՞ղ էին այդքան մարդով ևս մեկ անգամ ծեծել Արարատ Միրզոյանին: Կարող էին: Կարո՞ղ էին հիմնահատակ խորտակել ԱԺ պարիսպներն ու Ալենին «գողնալ» այնտեղից: Կարող էին: Բայց չարեցին, որովհետև Բագրատ սրբազանն ասել էր՝ «լակոտություն չանեք»: Իսկ դուք ինչպե՞ս արձագանքեցիք Բագրատ սրբազանի այդ զսպող հորդորին: Հաջորդ օրը դուք Բագրատ սրբազանին և նրան ուղեկցող այլ հոգևորականների քաշքշեցիք փողոցներում (տեսախցիկները ֆիքսել են): Ինչո՞ւ: Դա Ձե՞ր նախաձեռնությունն էր, պարոն Հովհաննիսյան, թե՞ ձեր շեֆը, որ, ի տարբերություն Բագրատ սրբազանի, կարգադրել էր ամեն գնով, անգամ անշնորհքության ու լակոտության, կանգնեցնել ժողովրդի առաջնորդին: Ցավում եմ, պարոն Հովհաննիսյան: Չէ՞ որ դուք կարող էիք լինել այն ոստիկաններից մեկը, որոնցից երիտասարդները կարող էին սովորել հասարակական կարգ ու պետության անվտանգություն ապահովել: Դուք այս ի՞նչ օրինակ տվեցիք նրանց: