Ազատագրական պայքար՝ օտարի և «ոչ օտարի» դեմ․․․

Ազատագրական պայքար՝ օտարի և «ոչ օտարի» դեմ․․․

Սա հայ ազատագրական  պայքար է, ինչպես հայտարարում է Բագրատ Սրբազանը։ Սովորաբար ազատագրական պայքարը ուղղված է լինում օտար պետությունների դեմ։ Այսօր հայ ազատագրական պայքարը տարբերվում է  տարբեր ժամանակահատվածների ազատագրական պայքարից նրանով, որ այսօր հայ ժողովուրդը միաժամանակ պայքարում է նաև սեփական իշխանության դեմ, որովհետև օտար պետությունները երկրի ինքնիշխան պետականությունը տապալում են Հայաստանի  իշխանության ձեռքով։ Դա հայ ժողովրդին, հայոց պետականությունը օտարի կողմից ծնկի բերելու ամենակարճ ճանապարհն է։  Սրա վկայությունն է Նիկոլ Փաշինյանի կողմից  Արցախն Ադրբեջան ճանաչելն ու հետևանքները, որը արդյունք է այդ հայտարարության՝  ընդհուպ մինչև հայաթափում, գլխատում։  

Նույնը, նույն սցենարով՝ պարտված, կապիտուլյացիա ստորագրած նույն դերակատարի միջոցով  կատարվում է Հայաստանում։ Հայաստանի հարյուրավոր մարտավարական դիրքեր առանց մի կրակոցի հանձնվել են թշնամուն, մեր սուվերեն տարածքում իշխանության թողտվությամբ տնավորվել է թշնամին։ Այսօր նույն փութաջանությամբ՝ Ադրբեջանի հետ ձեռք- ձեռքի տված հանձնվում է Հայաստանի շնչառությունն ապահովող տարածքները՝ սահմանազատում անվան տակ, մարդկանց ահաբեկելով, խախտելով նրանց իրավունքները, դուրս են հանում իրենց տներից, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել է, այս անգամ արդեն Հայաստանի մասով, որ այդ գյուղերը Ադրբեջանինն են։ Ադրբեջանն ու Հայաստանը սինխրոն աշխատում են նաև Արցախի առաջնորդներին, հերոսներին ձերբակալելու գործով։ Եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևն է ձերբակալ, գերի վերցրել Արցախի հերոսներին, հարցնել է պետք՝   Արցախի քաղաքապետերի՞ն էլ է Ալիևը ձերբակալել․․․ Հիմա մենք ումի՞ց գերիները պահանջենք՝ սեփական իշխանությունի՞ց, թե՞ Ալիևից։ Եթե խորանանք, կտեսնենք, որ տարբերություն համարյա չկա, երկուսն էլ աշխատում են հանուն Ադրբեջանի։ Կա՞ մի կետ, որ Փաշինյանը խոսել է Հայաստանի շահերից, գուցե չե՞նք նկատել։ Նման պարագայում խոսել, որ Բագրատ Սրբազանը քաղաքականությամբ է զբաղվում, առնվազն Ադրբեջանի  նպատակներն իրագործելու հայտարարություն է։ Սա հայ ազգային պայքար է։ Գուցե եզակի պայքար, երբ հայ ժողովուրդը իր մեջքը շտկելու համար պայքարում է օտարի և «ոչ օտարի» դեմ։  

Սա հայոց պատմության մեջ մնալու է որպես եզակի հայ ազատագրական պայքար ։