Թուրքիայի իշխող դաշինքում տարաձայնություննե՞ր կան

Թուրքիայի իշխող դաշինքում տարաձայնություննե՞ր կան

Մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխող «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքում հակասություններ են ծագել:

Ըստ պնդումների՝ խնդիրներ են առաջացել մասնավորապես դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի և «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Սակայն նման լուրերի տարածման ֆոնին «Türkiye Gazetesi» թերթը հայտնում է, որ կուլիսային աղբյուրների համաձայն՝ Էրդողանը հերքել է խնդիրների առկայության մասին պնդումները:

«Գուցե վերջին օրերին ստեղծվել էր այնպիսի մի ընկալում, ըստ որի՝ կարելի էր հասկանալ, թե «Ժողովուրդ» դաշինքի ներսում ինչ-որ խնդիր կա: Դաշինքի ներսում ոչ մի խնդիր չկա: Հարգարժան Բահչելիի հետ ունեցած հանդիպմանը դա ևս մեկ անգամ հաստատել ենք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» դաշինքը ստեղծվել էր 2023-ի մայիսին համապետական ընտրություններին ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի համատեղ մասնակցությունն ապահովելու համար: Դաշինքն ընտրություններում հաղթել էր ձայների մեծամասնությամբ: