Ով քնած է, արթուն կացեք․․․
Ինչ Սրբազանը Երևան ոտք է դրել, Նիկոլ Փաշինյանն անլեգալ է աշխատում ։ Ընդհատակ է անցել ու գաղտնի՛ է աշխատում, թեև նրա ձեռագրին ծանոթ ենք ու գիտենք, թե նա երբ է անլեգալ աշխատում։ Կապիտուլյացիայից հետո էլ ձայնը չէր լսվում։ Կառավարության շենքը անտեր էր թողել ու մարդիկ մտածում էին, որ այդքան ամոթից ու խայտառակությունից հետո չի երևա։ Բայց նա եկավ։ Հարմար պահի էր սպասում, որ մարդիկ զբաղվեն Արարատ Միրզոյանի ծեծաբանությամբ և գա ու ասի, որ իր դուխին տարել են։ Կամ թեկուզ վերջերս։ Երբ մարդկանց թվում էր, թե նա անհետացել է, Հայաստանի ողջ ոստիկանությունն ու ուժային համակարգը Օպերա էր բերել՝ ժողովրդի վրա։ Այսօր էլ ընդհատակից աչալուրջ հետևում է, թե Ադրբեջանն ինչպես է իր գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները կատարում, ինչ փութաջանությամբ ու սեղմ ժամկետներում։
Եթե մտահոգ է թվում ու հյուծված, ինչպես մամուլն է նկատել, ապա նրա համար, թե Ալիևին մինչև ուր կարող է քայլելով բերել։ Որ պահին Ալիևին չկարողացավ քայլելով բերել Հայաստան, այդ պահից երերալու է նաև իր աթոռը։ Տավուշյան շարժմանն է անթարթ հետևում, թե այն որ կետում է վրիպելու, որ «վրա հասնի» , ընդհատակից ու ասի՝ բա որ ասու՜մ էի․․․
Այսօր էլ իր թիմակիցները ժամանակից շուտ «ծակվում են» , ասելով՝ երկրորդ Արցա՞խ եք ուզում ստեղծել։ Սա ծրագրի բացահայտում է․ Արցախի նույն սցենարով հանձնում։ Փրկության միակ հույսը ժողովրդի արթնացումն է։ Այդ գործով զբաղված է Բագրատ Սրբազանը և այսօր առավել քան տեղին էր նրա այս արտահայտությունը՝ «Շատերի համար ընկալելի չի, թե «էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս»։
Նա արթնացնում է մարդկանց։ Երբ Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհվեց և 15 զինվորներ մոխրացան, բոլորս նույն հարցն էինք տալիս՝ արթուն մեկը չկա՞ր, որ զգուշացներ։ Մինչև հիմա էլ այդ հարցը կախված է մնում ու անպատասխան։ Այսօր Հայաստանն է վտանգի տակ։ Կրակ է, հրդեհ։ վաղը նույն հարցը չե՞ն տալու մարդիկ՝ մեկը չկա՞ր, որ ասեր, կրակ է, փրկեք ձեր տները, ապրուստը, հողը, երկիրը․․․ Այսօր այդ գործը կատարում է Բարգրատ Սրբազանը՝ տնետուն, փողոց առ փողոց ընկած զգուշացնում է՝ ով քնած է, արթուն կացեք․․․ Դավթի կոչը հիշեք, սա առասպել չէ, հայ ժողովրդի պատմությունն է․
Ով քնած է` արթուն կացեք,
Ով արթուն է` ձիեր թամբեք,
Ով թամբել է զենքեր կապեք,
ով կապել է` ելեք, հեծեք․․․
Կարծիքներ