Նորից քննարկվում է Պուտինի «գահաժառանգների» հարցը

Նորից քննարկվում է Պուտինի «գահաժառանգների» հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Տուլայի մարզի նահանգապետ Դյումինին իր օգնական նշանակելուց հետո կրկին ակտիվացել են քննարկումները Պուտինի «գահաժառանգների» վերաբերյալ։ Ըստ շրջանառվող տեսակետներից մեկի, որը ներկայացված է nezigar տելեգրամյան ալիքում, Դյումինի ապագան շատ բանով կախված է այն բանից, թե որպես նախագահի օգնական, ինչպես կդրսեւորի իրեն։ Նախագահի օգնական լինելը ռազմավարական լայն հնարավորություններ է բացում՝ պետական կառավարման համակարգում կարեւոր էլեմենտ դառնալուց մինչեւ չնկատվող ֆունկցիոներ լինելը, ով քիչ բան է որոշում։ Թե՛ 2016-ին, երբ Դյումինը նշանակվեց Տուլայի մարզի նահանգապետի պաշտոնակատար, թե՛ այժմ ակտիվ խոսվում է այն մասին, որ նա է լինելու Պուտինի «գահաժառանգը»։

Տեղեկատվական տարածքում այդ խոսակցությունների վերստին շրջանառումը գիտակցված քայլ է։ Դյումինն էլ, անշուշտ, տեղյակ է, թե նման թեզիսներն ինչպես են դրվում շրջանառության մեջ, եւ այդտեղ ինչ նյուանսներ կան։ Պետք է արձանագրել, որ նա աշխատում է դրանց ուշադրություն չդարձնել։ Հիշեցնենք, որ ժամանակին Դյումինին աջակցում էր նաեւ Եվգենի Պրիգոժինը։ Սակայն կարեւորն ուժային համակարգում նրա աշխատած լինելու հանգամանքն էր։ Դժվար թե այս պահին տեղին են «գահաժառանգի» մասին խոսակցությունները, սակայն, ամեն դեպքում, խոսակցություններն ակտիվորեն պտտվում են, հատկապես որ Դյումինը վայելում է առանցքային դեմքերի եւ Պուտինի անձնական վստահությունը։

Ըստ nezigar-ի, Դյումինի հետ համադրելի պոտենցիալ ունի նաեւ Պուտինի մեկ այլ օգնական եւս՝ Միրոնովը։ Նա նախագահի ապարատ է եկել 2021 թ. դեկտեմբերին, բայց այդ ժամանակվանից մինչ օրս հասարակության լայն շրջանակների համար գրեթե անհայտ է մնացել։ Սակայն նա Պուտինի կարեւոր հանձնարարականներն է կատարում` նախեւառաջ ՆԳՆ-ի հետ կապված։ Ներկայում Դյումինը կարող է ակտիվանալ արդյունաբերության եւ հատկապես ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով։ Սակայն, ամենայն հավանականությամբ, առավել կկենտրոնանա Պուտինի հանձնարարականների կատարման որակական աուդիտի վրա։ Ինչեւէ, իրականությունն այն է, որ այս նշանակումը հերթական անգամ ակտիվացրել է նմանատիպ խոսակցությունները։