Ի՞նչ է քննարկել Բագրատ սրբազանը բժիշկների հետ

Ի՞նչ է քննարկել Բագրատ սրբազանը բժիշկների հետ

Երեկ Անի գրանդ հյուրանոցում Բագրատ սրբազանը հանդիպել է 200-ից 300 բժիշկների հետ, քննարկել մի շարք օրակարգային հարցեր: Բժիշկ Գևորգ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ հանդիպմանը ներկա բոլոր բժիշկներն աջակցում են Բագրատ սրբազանին և նրա գլխավորած շարժմանը: Գրիգորյանի կարծիքով՝ բժիշկները քաղաքական գործիչներ չեն և սրբազանի հետ հանդիպմանը ոչ թե կոնկրետ առաջարկություններով են հանդես եկել, այլ իրենց աջակցությունն են հայտնել, սրբազանի հետ քննարկելով նաև որոշ մասնագիտական հարցեր.

«Հանդիպման նպատակը գաղափարների փոխանակումն ու Բագրատ սրբազանի նպատակները հասկանալն էր: Բժիշկները դա յուրացրին, խոսվեց նաև բժշկական բարոյագիտության մասին: Ներկաները՝ սրբազանի գլխավորությամբ դատապարտեցին այն ռեպրեսիվ գործողությունները, որոնք կիրառվում են բուժաշխատողների նկատմամբ, վերջին ցայտուն օրինակը փորձառու մասնագետին սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատելն էր: Իդենտիֆիկացրեցինք այդ ամենի պատճառը, որի անունը մեզ՝ բոլորիս քաջ հայտնի է: Խնդրի լուծումը թաքնված է տվյալ անձին իշխանությունից զրկելու մեջ: Ներկա էր մոտ 300 բժիշկ, անգամ նստելու տեղ չկար, որոշները կանգնած էին: Ինչ վերաբերում է պայքարի մարտավարությանն, ապա բժիշկները չէ, որ պետք է այն առաջարկեն: Բագրատ սրբազանը գիտի իր գործողությունների մարտավարությունը և այս պարագայում մեր խնդիրը միայն սրբազանի կողքին լինելն է, նրան ամեն կերպ սատարելը: Մենք՝ բժիշկներս քաղաքական գործիչներ չենք: Մարտավարական և ռազմավարական խնդիրներին վերապահորեն ենք մոտենում: Բնականաբար բոլորս էլ ցավում ենք, որ մեր հայրենիքը կտոր-կտոր նվիրաբերվում է դարավոր թշնամուն, սակայն սրբազանի կողքին կագնելուց բացի այլ բան չենք կարող անել: Ցույցերի ժամանակ էլ կարող ենք տեսնել, եթե ոչ հազարավոր, ապա հաստատ հարյուրավոր բժիշկների, ովքեր իրենց աշխատանքին հավասար կարևորում են փողոցային պայքարի դուրս գալը»,- նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ այս իշխանությունները բուժաշխատողներին նույնպես վախի մեջ են պահում, սակայն մարդկանց համար որքան էլ աշխատանքը կարևոր լինի, առաջին հերթին կարևոր է՝ անվտանգ պետություն ու պետականություն ունենալու գաղափարը. «Ոչ ոք չի ցանկանում կորցնել աշխատանքը, սակայն կան կարմիր գծեր, որոնք հատելուց հետո ամեն ինչ երկրորդական է դառնում: Օրինակ ինձ 2018-ից հետո շուրջ երեք տեղից հեռացրին աշխատանքից, սակայն ես մինչ օրս չեմ դադարում ասել իմ տեսակետը: Լավ մասնագետը երբեք առանց աշխատանքի չի մնա: Մասնագիտության մեջ հմուտ մարդիկ մշտապես պահանջված են: Ո՞ւմ է պետք, եթե պահպանես աշխատանքդ ու հայրենիք չունենաս, միևնույն է կրկին սարսափելի վիճակում ես հայտնվելու: Մեզ նախ պետք է պետություն, պետականություն, կրոն ու արժեհամակարգ, այլ ոչ թե թշնամու լծի տակ ապրել»: