Ուշացած իմաստնացում
Ասում են, թե ընկերովի մահը հարսանիք է: Հետաքրքիր է, թե ինչ կասեր ժողովուրդն ընկերովի վախի վերաբերյալ: Այն երևույթի, ինչի ականատեսն ենք այս օրերին Ազգային ժողովի քպկական «ազգընտիրների» առումով: Դրանց շրջանակից մեկը, որ Նիկոլին ժառանգություն է մնացել նախկիններից, նույնիսկ առաջարկել է հրապարակել անվանական ցանկ, թե ում հետ է ուզում հանդիպել սրբազանը: Խոսքը գործարար Արսենյան Գուրգենի մասին է, ով տարիներ առաջ, չբավարարվելով ձեռնարկատիրական գործունեությամբ, կուսակցություն էր բացել: Իսկ ԱԺ հերթական ընտրություններին էլ այնպիսի հնարամիտ կազմակերպչական-ֆինանսական ծրագիր էր մշակել և կենսագործել, որ հայտնվել էր խորհրդարանում: Ինչն, անկեղծ ասած, շատերի նախանձն էր հարուցել. ասեմ, որ անձամբ եմ եղել դրա վկան:
Արսենյան Գուգոյի պահանջի մասին գրելիս հիշեցի խորհրդային հայտնի կինոնկարից «Խնդրում եմ, հրապարակե՛ք ողջ ցուցակը» («Огласите весь список, пожалуйста») արտահայտությունը:
Իսկ մեկ ուրիշն էլ պաշտոնապես հանդիպման հրավեր էր պահանջել: Երևի որպես ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդի, եթե, իհարկե, նման բան թույլատրվում է եկեղեցու կանոնակարգով: Այլապես, որպես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, սրբազանը, բնականաբար, չի կարող որևէ պաշտոնական առաջարկ անել: Չբավարարվելով պաշտոնական առաջարկով, երկրորդ «ազգընտիրը» պահանջել էր ներկայացնել նաև հանդիպման օրակարգը: Եվ երբ լրագրողները զարմացել են, թե պա՞րզ չէ, թե որն է լինելու օրակարգը, վերջինս պատասխանել է. «Ոչ: Ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը»: Բայց, որքան հայտնի է, օրակարգը հենց Կիրանցի, Ոսկեպարի և ընդհանրապես Տավուշի անվտանգությունն է: Իսկ վերջինիս դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետությանը: Որի խորհրդարանի անդամ է տվյալ անձը:
Ստիպված եմ քպկական «ազգընտիր», նախկին լրագրողին հիշեցնել, որ Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգության խնդիրն առաջացել է, նախ, իրեն խորհրդարան տարած Նիկոլի մեղքով: Եվ դա լուծել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ անձն այլևս որևէ կարևոր հարցով պատասխանատվություն չկրի: Որովհետև դրան հաջորդելու է անհաջողությունը, իսկ ինքը չքմեղանալու է, թե պատասխանատու լինելը դեռ չի նշանակում լինել մեղավոր: Երկրորդ, որպեսզի վերը նշված անձը չկրի որևէ պատասխանատվություն՝ նրան պետք է հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից: Եվ այդ հարցում անելիք ունի թե՛ ինքը, թե՛ վերը նշված՝ հնարամիտ սխեմայի հեղինակը և թե՛ իրենց շրջապատից բոլոր այն անձինք, ովքեր իսկապես մտահոգված են (եթե, իսկապես, մտահոգված են) Հայաստանի Հանրապետության ճակատագրով:
Սակայն, ինչպես երևում է, Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգության առումով մտահոգ քպկական «ազգընտիրը» ոչ միայն չի տեսնում, թե ինչպես է առաջացել խնդիրը, այլև չունի տեսնելու ցանկություն: Որովհետև դա կնշանակի, որ ինքը կասկածի է ենթարկում Նիկոլի համապատասխանությունը վերջինիս զբաղեցրած պաշտոնին: Իսկ դա, ինչպես հայտնի է, վտանգավոր դիտարկում է: Ճիշտ այնպիսի, ինչպիսին նկարագրված է անգլիացի վիպասան Ջ. Օրուելի «1984» վերնագրով հակաուտոպիական վեպում: Ինչի դեմ, բնականաբար, պետք է պայքարեն «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված երկրում: Բայց եթե դա ասվի իրեն, ապա ինքը, ենթադրաբար, խիստ կվիրավորվի: Չէ որ ինքը «ժողովրդավարության բաստիոնի»՝ իշխանության իրավատեր ժողովրդի կողմից ընտրված բարձրաստիճան պաշտոնյա է:
Ցավով պետք է խոստովանենք, որ ինքը միայնակ չէ: Որ ոչ իրական, կեղծ ժողովրդավարության կերպարի ներքո Հայաստանում հաստատվել է ոստիկանապետություն: Եվ, ինքը, որպես «ազգընտիր», մաս է կազմում այդ կեղծիքին: Եվ, ի տարբերություն Գուգոյի, որ ապրել է կյանքի հիմնական մասն ու հասել թոշակային տարիքի, ինքը դեռևս կարող է նպաստել մեր կյանքում փոփոխություններ մտցնելու օրակարգին և ապահովել մեր երկրի իրական և ոչ թե վիրտուալ անվտանգությունը: Ինչի համար անհրաժեշտ է ունենալ մարդկային համարձակություն և քաղաքացիական պատասխանատվության զգացում:
Ի դեպ, չգրված կանոնին համապատասխան, առաջին և երկրորդ որակները շատ հաճախ ձեռք են բերվում՝ երբ գործող բարձրաստիճան պաշտոնյաները դառնում են նախկին: Ինչպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում է: Վերջինս դուրս է եկել փողոց, հանդիպել է Բագրատ սրբազանի հետ, իսկ հետո հայտարարել է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա: Էստեղ են ասել՝ մարդ Աստծո, ինչու նույն կարծիքին չէիր մինչև պաշտոնաթող լինելը: Չէ՞ որ այդ դեպքում հոգեկան հաճույք կստանայիր՝ հենց ինքդ նախաձեռնելով քո արտահայտած ցանկության կենսագործումը: Բայց, մյուս կողմից, մտածում եմ, որ սա կարող է դաս լինել նրանց համար, ովքեր այսօր ի վիճակի են նպաստել Նիկոլի հեռացմանը պաշտոնից: Որպեսզի այնուհետև իրենք ևս չկրկնեն Արթուր Դավթյանի ուշացած իմաստնացումը:
Կարծիքներ