ՀՀ Սահմանադրությունը «խոշտանգվում» է 2018թ-ից ի վեր

ՀՀ Սահմանադրությունը «խոշտանգվում» է 2018թ-ից ի վեր

Այս օրերին  վճռվում է ՀՀ հետագա ճակատագիրը, եւ կարելի է ասել, որ այն կախված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողությունից: Իսկ այդ հաջողությունը հիմնականում կախված է ճիշտ ռազմավարությունից եւ Բագրատ Սրբազանի` առաջնորդող դիրքի պահպանումից` նաեւ Փաշինյանի հեռանալուց հետո:  Հասարկության մեջ այդ հարցում կա կոնսոլիդացիա. թե քաղաքական ուժերի, թե շարքային քաղաքացիների համար պայքարը շարունակելու միակ պայմանը դա է: Ընդդիմադիր ուժերը պատրաստ չեն որեւէ այլ թեկնածու տեսնել` բացի սրբազանից: Այստեղ սակայն խոչընդոտող հանգամանք կա` սրբազանը երկքաղաքացի է` բացի ՀՀ-ից, ունի նաեւ Կանադայի քաղաքացիություն: Ոմանք կարծում են, որ այս իրավիճակում, երբ ՀՀ պետականության գոյությունը վտանգված է եւ կարող ենք անցնել անդառնալիության կետը, խոսել Սահմանադրության կետերի պահպանության մասին, տեղին չէ: Հատկապես այն պայմաններում, որ ՀՀ Սահմանադրությունն արդեն վեց տարի է`«խոշտանգվում» է, խախտվում, ոտնահարվում: 

Դրա սկիզբը դրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր նախագահության ժամանակ` 2018 թվականի հունվարին, որպես  նախագահի թեկնածու առաջադրեց  Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ԱԺ-ում ընտրվեց նախագահ: Հիշեցնենք, որ  ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Մինչդեռ  «Հրապարակը» այդ օրերին հոդվածների շարք հրապարակեց եւ հարցումներ արեց բրիտանական կառավարություն, որ պարզի, թե երբ է դադարել Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը եւ պարզվեց, որ մի քանի տարի պակասում է պահանջվող ժամկետից: 

Արմեն Սարգսյանի թեկնածությունը բուռն դժգոհություն առաջացրեց ՀՀ քաղաքական դաշտում, բայց, քանի որ այդպես էր որոշել Սերժ Սարգսյանը, նա դարձավ ՀՀ նախագահ: Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ դաշինքը: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ամպագորգոռ ելույթներ ունենում Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հետ կապված: Անգամ 2018թ- ապրիլի 21-ին, հանրահավաքներից մեկի ժամանակ, իր հետ բանակցելու եկած նախագահ Արմեն Սարգսյանից Փաշինյանը պահանջեց Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու «բարաթը»: Արմեն Սարգսյանը խոստացավ այն հետո իրեն ցույց տալ:  Ցույց տվեց, թե ոչ, դժվար է ասել, սակայն հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսել է` ամեն ինչ կարգին է: Իրականում Արմեն Սարգսյանը «հարմար» նախագահ էր ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլեւ` հետագայում վարչապետ դարձած Փաշինյանի: Կար մի կարեւոր  գործոն` Արմեն  Սարգսյանը անգլոսաքսոնական աշխարհի «վստահված անձն» էր Հայաստանում: Նա մնաց որպես ՀՀ նախագահ, եւ իր լուռ համաձայնությամբ Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, ՀՀ սահմանադրությունը բազմիցս ոտնահարվեց Փաշինյանի կողմից, իսկ Արմեն Սարգսյանը դրան չառարկեց: 

Իհարկե, ճիշտ է երկրի մայր օրենքը պահելը, սակայն այդ մասին խոսել այն իրավիճակում, երբ երկրի վարչապետը խախտում է այդ սահմանադրության բազմաթիվ կետեր, անհեթեթ է; Բերենք մի քանի օրինակ: 

Հոդված 14.  Զինված ուժերը և պաշտպանությունը
 
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Հայաստանում ՀՀ զինված ուժերը մատնված են անգործության եւ չեն պաշտպանում երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: 

Հոդված 19.Հայկական սփյուռքի հետ կապերը
1    Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:

Փաշինյանական իշխանության օրոք պառակտվեց Հայաստան- սփյուռք կապերը, պառակտվեց նաեւ սփյուռքը` բաժանվելով սեւ ու սպիտակի: 

Հոդված 26.Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
- Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես են մարդիկ խոշտնգման ենթարկվում բերման ենթարկվելիս կամ ոստիկանության ու քննչական մարմիններում: 

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
 Բոլորը հավասար են օրենքի առջև:
 Հղի կինը ենթարկվում է վրաերթի ու մահանում: Իսկ մեղավորն ազատության մեջ է, քանի որ Փաշինյանին ուղեկցող ավտոշաասյան վարորդն է: Նման փաստերը շատ են:

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
Շատ են փաստերը, թե Փաշինյանի իշխանությունն ինչպես է խեղդում ազատ խոսքը, ճնշում լրատվամիջոցներին, լրագրողներին: 
 
Հոդված 44.Հավաքների ազատությունը
 1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

Այս հոդվածը խախտվում է գրեթե բոլոր հանրահավաքների ժամանակ, երբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկում ցուցարարներին: 

Հոդված 51.Տեղեկություններ ստանալու իրավունքը
 1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Կարճ եւ կոնկրետ` Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ...

Այս ցանկը կարելի է շատ երկար լրացնել: Սրանք ընդամենը Սահմանադրության խախտումների վերաբերյալ ոչ մասնագիտական` լրագրողական դիտարկումներն են: Մասնագետներն այս հարցի շուրջ ավելի երկար ու հանգամանորեն խոսում են փաստերով: Այս ամենից հետո խոսել Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության մասին, ասել` թե դա խոչընդոտում է նրան լինել ղեկավար պաշտոնում, տեղին չէ: