Բագրատ սրբազան՝ առասպե՞լ, թե՞ իրականություն

Պահն է, կարծեմ, խոստովանելու, որ մենք այսօր մի քիչ ավելի ենք հավատում Փոքր Մհերի մասին պատմություններին, քան մեր անհոգ ժամանակներում, երբ չէինք նկատում, թե ինչպես են չարությունը, սուտն ու կեղծիքը հին հնդկական դիցաբանությունից հայտնի Պուտանայի պես փորձում գաղտագողի սողոսկել մեր կյանք: Չէինք նկատում, մինչդեռ այդ չար ու այլանդակ կինը՝ Պուտանան, գալիս էր մեր միջից հանելու հավատը, սպանելու մեր Աստծուն: Ժամանակին, երբ հին հնդիկներն էլ էին բավականին անհոգ, չնկատեցին, որ գեղեցկուհու կերպարանք առած Պուտանան եկել է թունավորելու դեռ օրորոցում գտնվող իրենց Աստծուն՝ Կրիշնային: Կրիշնայի մայրացուն, ոչինչ չկասկածելով, թույլատրեց, որ Պուտանան կրծքով կերակրի իր որդուն: Եվ Պուտանան, նախապես թունավորելով իր ստինքները, կուրծք տվեց Կրիշնային: Բայց այդտեղ տեղի ունեցավ հրաշք` Կրիշնան Աստված էր եւ նախապես գիտեր, թե ով է եկել իրեն կերակրելու: Նա իր աստվածային ողջ ուժով այնպես է ցավեցնում Պուտանայի ստինքները, որ այդ չարքը ցավից գոռում է, փորձում է փախչել: Կրիշնան, սակայն, պահում է նրան եւ կաթի հետ խմում է նաեւ նրա կյանքը: Պուտանայի անշնչացած մարմինն ընկնում է գետնին՝ ստանալով իր նախկին այլանդակ ձեւերը: Հնդիկ հովիվները հետո կպատմեն, թե ինչպես են մաս-մաս արել Պուտանայի հսկա մարմինը եւ այրել, իսկ բարձրացած ծուխը հաճելի հոտ է արձակել: Պուտանան հետագայում հայտնվել է նաեւ հունական դիցաբանության մեջ եւ դարձյալ դեմոն՝ չարք: Նրա անունն իր վերջնական իմաստն ստացել է իտալերենում ու այդ իմաստով էլ գործածվում է մինչ օրս՝ որպես «գիշերային թիթեռնիկին» բնութագրող եզր:
Նպատակս, իհարկե, Պուտանայի մասին այս հեքիաթը պատմելը չէր: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում է ՀՀ այս պուտանկա իշխանություններից ազատվելու հարցը: Բայց մինչ դրան անցնելը նշեմ, որ Պուտանան եւ պուտանկան տարբեր բաներ են: Պուտանայի մասին արդեն իմացանք, իսկ ահա պուտանկան գործվածքի տեսակ է` հայտնի են «ռուսական պուտանկա», «ուղղանկյուն պուտանկա», «շրջանաձեւ կլոր պուտանկա» տարատեսակները: Դա խառը, շատ հանգույցներով գործվածք է, այնքան խառը, որ դրա անվանումից է առաջացել «путаница» բառը, նշանակում է՝ անկարգություն, շփոթություն, թյուրիմացություն:
Եվ, ուրեմն, ինչպե՞ս ազատվել մեր պուտանկա իշխանություններից: Այ, այս հարցն է ինձ տանջում 2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվանից, շուտով կլրանա 4 տարին, որ տանջվում եմ: Դեռ ինչքա՞ն կտեւի այդ տանջանքը, կավարտվի՞ մի օր, թե՞ ես ավելի շուտ կավարտվեմ, չգիտեմ: 2018 թվին սրանք կերպարանափոխված Պուտանայի պես խաբեությամբ մտան մեր տուն ու սկսեցին իրենց թունավոր ստինքներով կերակրել մեզ: Ու մենք այնքան անհոգ էինք, որ չլսեցինք անգամ Տիրոջ ձայնը՝ մի խմեք այդ աղբյուրից… Մի այնպիսի ուժ էլ չունեինք, որ թունավոր կաթի հետ իրենց կուլ տայինք: Ու այսպես մնացել ենք՝ բա հիմա ի՞նչ անենք…
Ես ակամա հիշեցի մեր Փոքր Մհերին: Ով չգիտի, ասեմ, որ Փոքր Մհերը «Սասնա ծռեր» էպոսի հերոսական սերնդի վերջին ներկայացուցիչն է՝ Դավթի ու Խանդութ Խաթունի որդին։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան (Վրաստանի կողմերը), 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում, որին կոչում են Մհեր՝ պապի անունով։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ եւ գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են եւ իրար չճանաչելով` մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ, եւ անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ, հաղթում, սպանում Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլեւս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ։ Ծանր մտորումների մեջ, զգում էր, որ իր հերոսական կյանքը մոտենում է ավարտին։ Ողբում էր, ուժերն օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները` սաստկանում։ Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սեւ Ագռավաքարի առաջ։ Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա։
- Եթե ես խփեմ թրովս ժայռին,- ասաց նա ինքն իրեն,- եւ ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ։
Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված է հասցնում ժայռին եւ երկու մասի ճեղքում Ագռավաքարը։ Վերջին անգամ ժպտում է Մհերը արեւի լույսին, շոյում ձիու բաշը եւ մտնում ներս, ինչից հետո ժայռր փակվում է նրա հետեւից ու քարանում։ Մինչ օրս միայն մի հովիվ է տեսել Մհերին։ Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ։ Քարը բացվում է ու երեւում է հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա։
- Մհեր,- ուրախանում է հովիվը,- ե՞րբ ես այստեղից դուրս գալու։
- Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա դուրս գալ։ Երբ որ երկիրը քանդվի եւ նորից արարվի, գարու հատիկը լինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ՝ դուրս գալու ժայռի միջից։
Այդ օրվանից այլեւս ոչ ոք նրան չի տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին եւ Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալին է՝ իր սմբակներով խփում, հողից դուրս բերում։ Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի խրխինջը:
Մհերը, անշուշտ, մի օր դուրս է գալու Ագռավաքարից, բայց դրա համար պետք է, որ սուտն ու կեղծիքը նախ վերանան աշխարհիս վրայից: Եթե նկատել եք, Բագրատ սրբազանն ամենից շատ հենց դրանից է խոսում, ասում է՝ ճշմարտությունը պետք է հաղթի ստին ու կեղծիքին: Դրանից հետո միայն մենք կկարողանանք կանգնել դեպի Աստված եւ լույս տանող ճանապարհի վրա: Բայց ինչպե՞ս հայտնվեց Բագրատ սրբազանը... որպես անմահ ու անժառանգ Մհեր… Գուցե այն պատճառով, որ մենք արդեն արթնացանք թմբիրից ու հասկացանք, որ մեզ խաբո՞ւմ են, որ մեր քթից բռնած տանում են դեպի ոչնչացո՞ւմ, որ մեր մատաղ սերնդի բերանին թունավոր ստինքնե՞ր են հպվել: Եթե շատ իրապաշտ լինեմ, պիտի ասեմ՝ այս իրավիճակում մեզ հենց Բագրատ սրբազանն էր պետք, որ չկարողանայինք անուն կպցնել, քաղաքական խաղեր տալ: Բայց ես հիմա չեմ ուզում իրապաշտ լինել: Ինձ համար այս ամենն առասպել է եւ թող առասպելական ավարտ ունենա՝ Բագրատ սրբազանի ոգու ուժով չարը մեռնի, ու գա փրկությունը:
Կարծիքներ