Ընդունելության նոր կարգի փորձարկումը կսկսեն Տավուշի դպրոցներից

Ընդունելության նոր կարգի փորձարկումը կսկսեն Տավուշի դպրոցներից

Կառավարության որոշմամբ, փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: 

Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում, տվյալների ամփոփումից եւ վերլուծությունից հետո, նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար:
Ինչպես հայտնի է, Տավուշի մարզում 2021/22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, եւ այս ուսումնական տարում արդեն կլինեն նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները:

«Ընդունելության կարգում իրականացվող փոփոխությունները մեր առաջին շրջանավարտներին թույլ կտան բուհ դիմել ընդունելության նոր համակարգով: Մասնավորապես՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհերի ընդունելության նոր հնարավորություններ. սա հանդիսանում է նաեւ կրթության ոլորտում բարեփոխումների կարեւոր բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի ընդունելության քննություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարգավորման նպատակը, համաձայն ԿԳՄՍՆ-ի, նաեւ այն է, որ հենց այս՝ 2023/24 ուսումնական տարվա ավարտից հետո կիրառվեն ընդունելության քննությունների նոր թեստեր, որոնք կհամապատասխանեն չափորոշչի բովանդակությանը։ «Սա նաեւ նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Դրա արդյունքները՝ որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհեր ընդունելության համար: 2026 թվականից այս համակարգը կգործի Երեւանի եւ ՀՀ մարզերի մեր բոլոր շրջանավարտների համար»,- ասել է նախարարը, ում խոսքով՝ քանի որ այս մոտեցումը կիրառվում է առաջին անգամ, այն Տավուշի մարզի շրջանավարտների համար կներդրվի որպես հավելյալ հնարավորություն` շրջանավարտի ցանկությամբ:

Թե ինչ կտա ընդունելության այս նոր կարգը Տավուշի դպրոցների շրջանավարտներին, կլինի հավելյալ հնարավորությո՞ւն, թե՞ ավելի կբարդացնի շրջանավարտների կյանքը՝ դժվար է ասել, քանի որ այս պահին մանրամասներին ու նոր կարգով կիրառվող ընդունելության քննությունների նոր թեստերին ծանոթ չեն անգամ Տավուշի դպրոցներում։ Ամեն դեպքում, մի քանի տարի առաջ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը Տավուշի դպրոցներում դժգոհությունների տեղիք տվեց ու բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցրեց Տավուշի դպրոցներին ու այնտեղ սովորող աշակերտներին եւ ուսուցիչներին։