Աչքիս վրա քեռի Քուչի, մի գդակ ա, հո մի քուրք չի՞․․․

Աչքիս վրա քեռի Քուչի, մի գդակ ա, հո մի քուրք չի՞․․․

Մանկությանս խաղն էր «կլասը», կավիճով ասֆալտի վրա վանդակների բաժանած սահման էինք գծում ու խաղում։ Գծելը ևս երկար բանակցություններ էր պահանջում. ո՞ր տարբերակն ընտրել՝ 1-ից մինչեւ 6-ը՝ x-աձեւ տարբերա՞կը, թե՞ ավելի մեծ 1-10-ը՝ քառակուսի վանդակներովը: Քարն ընտրվում էր, «կլասը» գծվում։ Սահմանից դուրս չպիտի գայինք։ Այսօր պետական մակարդակով Հայաստանում սահամանազատման ու սահմանագծման աշխատանքները «Կլաս» գծելու նման է ընթանում։ Նիկոլը կավիճը առել, ու Ալիևը որտեղ ցույց է տալիս, գծում, ցցերը տնկում ու ասում է՝ առ կարդաշ, թող քո ասածը լինի։ Մեր սահմանի ականներն էլ հանում, ու ասում է՝ թող իմ զինվորը պայթի ականի վրա, քո զինվորի գլխից մի մազ չպակասի։

Թումանյանի «Շունն ու կատուն» հիշում եք։ Ալիևն ուզում է, Նիկոլը Հայաստանը մի գդակի տեղ տալիս է․
Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի։ 

Ինչքանո՞վ է Հայաստան աշխարհը Նիկոլին ու իր խմբակին վստահում, որ կավիճն առել, փեշները վեր են քաշել ու սահման նկարում կամ «Կլաս գծում», այսօր տեսնում ենք։ Ժողովրդի համար անվստահելի, թշնամու օրակարգով աշխատող մարդիկ ՀՀ տարածքները՝ գյուղ առ գյուղ՝ վանդակների բաժանելով, հանձնում են թշնամուն։ 

Մասնագետները հիշեցնում են, որ վերջին անգամ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի տեղորոշում կատարվել է 1920-30-ական թվականներին։ Մի տեղ հանդիպեցի Գորիսի Ակսել Բակունցի անվան տուն թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի զրույց- հիշեցումը, մեջբերումն անում եմ ամբողջովին․ 

Ակսել Բակունցը 1924-26 թվականներին Գորիսում աշխատել է որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, իսկ 1926-31-ին՝ Երևանում, որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ Բակունցին պետությունն ընդգրկել է Զանգեզուրի եւ Քուրդիստանի սահմանագծային հանձնաժողովի կազմում՝ նկատի ունենալով նրա մասնագիտական ունակությունները, նաև այն, որ լինելով Զանգեզուրից, շատ լավ ծանոթ էր տարածքին, գյուղացու խնդիրներին:

 

«Հայաստանի կողմից լինելով մեր ներկայացուցիչը՝ այդ հանձնաժողովում Ակսել Բակունցը զգալի ավանդ է ներդրել պետական սահմանագծման գործում, հատկապես Կապանի հատվածում: Նրա ջանքերով Կապանի տարածաշրջանին են մնացել տասնյակ գյուղեր, անտառային հատվածներ, հողակտորներ, բացատներ, որոնց հանդեպ ադրբեջանցիները հավակնություն են ունեցել: Հայաստանի տարածքում գտնվող շատ գյուղերի համար մենք այսօր պարտական ենք Ակսել Բակունցին: Նա կարողացել է հօգուտ մեզ ընդլայնել Եղվարդ, Ուժանիս, Ագարակ, Մողես և այլ գյուղերի սահմանները: Հետագայում, երբ սահմանագծումը պիտի արվեր Գորիսի հատվածում, ադրբեջանական կողմը՝ զգալով Բակունցի սկզբունքայնությունն ու մասնագիտական պատրաստվածությունը, բողոքել է վերևներին եւ կարողացել է այնպես անել, որ նրան մեկուսացնեն հետագա աշխատանքներից»։ 

Սա ի՞նչ է հուշում։ Որ պետական սահմանի ճշգրտման հարցում պիտի ընդգրկված լինեն հայրենասեր մարդիկ, մասնագետներ։ Սակայն այդ հարցում ընդգրկվել են մարդիկ, որոնք թշնամու հետ սինխրոն աշխատում են։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի համար, աչքաչափով «կլաս գծող է»։ Հենց դա է պատճառը, որ Հայաստան աշխարհը ոտքի է կանգնել, որովհետև Հայաստանի պետական սահմանը գծում է Ալիևը՝ Նիկոլի ու իր նշանակած անհայրենիք մարդկանց ձեռքով։