Շոլցը չի հավատում, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

Շոլցը չի հավատում, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս կարծիքը նա հայտնել է Բեռլինում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, միջոցառումից հատվածներ հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը։

«Ի դեպ, այն ժամանակ պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ Ուկրաինան, իբր, մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին: Դուք գիտեք [ՆԱՏՕ-ի անցած գագաթնաժողովների որոշումները], նման բան մոտ ապագայում չի սպասվում: Հավանաբար չի սպասվում նաև հաջորդ 30 տարիներին, ինչի  մասին ես նույնիսկ հրապարակավ հայտարարել եմ»,- ասել է կանցլերը՝ հիշելով 2022 թվականի սկզբին Մոսկվա կատարած իր այցը։

Նրա խոսքով, այս մասին ինքը խոսել է, այդ թվում՝ Կիևում, երկուսուկես տարի առաջ։
Ինչպես մայիսի 24-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում Ուկրաինային հրավիրել իր շարքերը Վաշինգտոնում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում, սակայն զգալի օգնություն կտրամադրի Կիևին։ Մինչ այս ամերիկացի պաշտոնյաները մի քանի անգամ հրապարակայնորեն ազդարարել էին, որ Կիևը Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշինքին միանալու հրավեր չի ստանա։