Օգնելով Ուկրաինային, խուսափում ենք ուղիղ պատերազմից. Բերբոք

Օգնելով Ուկրաինային, խուսափում ենք ուղիղ պատերազմից. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նախազգուշացրել է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի համար վտանգավոր հետևանքների մասին, եթե կրճատվի օգնության տրամադրումը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային։

«Եթե մենք չշարունակենք օգնել Ուկրաինային, վտանգ կաի, որ Պուտինի զորքերը կկանգնեն Լեհաստանի հետ սահմանին։ Այնուհետև պատերազմն արագ կտարածվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,- ասել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հունիսի 17-ին:

«Դժվար է հաշվարկել, թե որքան պետք է վճարենք, եթե մենք ինքներս պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը։ Ի վերջո, դա հանգում է մեկ բանի՝ Ուկրաինային աջակցելը թույլ է տալիս մեզ հեռու պահել պատերազմը մեզանից»,- ասել է Բերբոքը:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է նաեւ փախստականների նոր հոսքի սպառնալիքի մասին։ «Եթե Ուկրաինան այլևս չկարողանա պաշտպանել իրեն, և ես այս խոսքերն ուղղում եմ հիմնականում նրանց, ովքեր մերժում են Կիևին օգնությունը, ապա միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փախչել: Ի վերջո, ո՞վ կցանկանա ինքնակամ ապրել խոշտանգումների և օկուպացիայի պայմաններում»,-հռետորական հարց է ուղղել գերմանացի դիվանագետը: 
Հայտնի է, որ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի արդեն ապաստան է գտել Գերմանիայում։

«Պարտությունը ճակատագրական հետևանքներ կունենա՝ ազատ Ուկրաինայի և ազատ Եվրոպայի համար, ուստի անհրաժեշտ է ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը»,- ընդգծել է նախարարը։ Նա կրկին կոչ է արել գործընկերներին ամբողջ աշխարհում շարունակել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։