Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով

Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով

Դարձվածները այլաբանական խոր իմաստ ունեն։ Վերցնենք թեկուզ այս մեկը՝ «Ուղտի պարը կամրջի վրա է բռնում»։  Նշանակում է՝ անտեղի ու վտանգավոր քայլ կատարել։ Քաղաքական այլաբանությամբ այս իմաստն ունի․  սատանայի պարը քաղաքական կամրջի վրա է բռնում։ Լսած կլինեք,  որ սատանան մազի վրա էլ է պարում ։ Սատանա ասելով նկատի ունեմ քաղաքական հազարավոր թակարդներ անցածին,  որը հաղթահարում է անցումները՝ խաբելու, ստելու, մանրևելու միջոցով և «մազի վրա է պարում»։ Այո, վտանգները մեծ են, բայց ինքը վստահ է ստելու իր հնարքների վրա և փորձում է զարմացնել։  

Ինչևէ, հանրությանը կհետաքրքրի, թե այս իրավիճակում, երբ երկիրը աղետի ու ցնցումների մեջ է, Փաշինյանն ինչու՞ մեկնեց Սյունիք։ Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում արյունը դեռ չի չորացել, հարյուրավոր մարդիկ ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով հիվանդանոցներում են, սահմաններին՝ օրհասական նոր հանձնումների սպասումների մեջ են, աղետի գոտին տնքում է ցավից, երկիրը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ,  ժողովրդի ցասումը հասել է գագաթնակետին, Նիկոլ Փաշինյանը Սյունիք է մեկնում։  Սյունիքի վիճելի գյուղերը նա գնացել էր մի քանի առումով, բայց ես կներկայացնեմ ամենագլխավոր պատճառը։ Երկու ամիս է, ինչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն է օրակարգում։ Նիկոլ Փաշինյանը չկա, ասես չի էլ եղել։ Քաղաքական օրակարգից դուրս մնալը նա շատ լավ պատկերացնում է, որ դա անթաղ մեռելի վիճակ է, երբ ամեն օր ավելի ու ավելի է տարածվում հոտը․․․ Նրա վերջին փորձը, երբ հեծանիվով էր ուզում մտնել օրակարգ, չստացվեց, Սյունիք մեկնեց։ Ասեմ, որ այն երկու ամիսը, երբ շարժումը գործում էր, նա այդ օրվանից նախապատրաստում էր «Սյունիք մեկնելու կադրերը, դերակատարներին»։ Իսկ ինչու՞ նրա պարը բռնեց հենց երեկ՝ կամրջի վրա․․․ Որովհետև նրան թվաց, թե արդեն պատժել, հաշվեհարդար է տեսել շարժման հետ, ձերբակալել է տվել՝ ըստ իր երևակայության,  ակտիվիստներին, շարժման մասնակիցների արյունն է թափել, ու նրանք արդեն «սսկված կլինեն»։ Իսկը ժամանակն էր Սյունիք գնալու և քաղաքական օրակարգն իրենով անելու․․․

Հիմնական նպատակը սա էր, որն իրականցնում էր իր սրտի պաշտոնյաների, ուժայինների ու  թշնամու երախի հանձնած ու անօգնական վիճակում գտնվող գյուղացիների միջոցով։ Նման միջոցներն արդեն սպառել են հազարավոր անգամ օգտագործված լինելու պատճառով և այն չի ազդի այն մասսայի վրա, որը դուրս է եկել էյֆորիկ վիճակից։ Կան նաև այլ նպատակներ, որոնք էլի կարևոր են՝ իրականացնելու իր ծրագիրը, բայց կարծում եմ հիմնականը սա է, որ ի ցույց դնի, որ ինքը  դեռ կա, օրակարգում է, կենդանության նշաններ է ցույց տալիս․․․ Քաղաքական օրակարգ է ուզում մտնել սյունյաց ողջյուններով, համբույրներով, գրկախառնությամբ․․․ Հերոսը շատ էր ուզում այդ դերը խաղալ։ Հանդիսատեսը  ծափահարում է նրան։ Սպասենք սերիալի ավարտին։