«Էս աշխարհը իմ աշխարհին խանգարում է»

«Էս աշխարհը իմ աշխարհին խանգարում է»

Հրապարակը շրջափակելու օրն էր. գոռացինք-գոռգոռացինք, շենքի շուրջբոլորը մի բոլ պտտվեցինք, պաշտոնյաներին հպարտ քաղաքացիներից պաշտպանելու համար ծառատունկն արեցինք, ու հոգնած ոտքերս քարշ տալով տուն եմ գնում: Ճամփաս Վերնիսաժով է անցնում, ասի տեսնեմ՝ ցավակիցս ու բախտակիցս` Լեւոն Ջավախյանն իր արծաթեղենի հե՞տ է, եթե հետ է, մի երկու բառ խոսեմ, սիրտս թեթեւանա: Այնտեղ էր։  Ծունկ-ծնկի բավականին երկար նստեցինք, ոտքս կարծես խերով էր` մի ապարանջան էլ ծախվեց, խոսեցինք, ու էս հոդվածն էլ էդ չավարտված զրուցի շարունակությունն է: 

Ցավ կա մեջը, խորն ու անամոքելի ցավ. մե՛կ իր արածով հպարտանում է, մե՛կ` փոշմանում, մե՛կ կռվում է, մե՛կ էլ ծեծ կերած երեխայի պես չգիտի` խռով պահե՞լն է ճիշտ, թե՞ իրիկնահացի սեղանի փշուրները կուլ տալը:
Նրա գիրը սիրեցի իրեն ճանաչելուց առաջ. երեւի նրանից է,  որ երկուսս էլ նախկին վարժապետ ենք, մերը կոնկրետ է. դիմացդ մարդն է, սովորեցրածդ արդեն հեղինակինն ու գիտնականինը չէ, հանրային է, ամենքինն է: Էդ Ամենքի, Ողջի գաղափարը որ դնում ես որպես երեխայի ապագա, դառնում է ամենասուրբ բարոյականությունն ու ամենանվիրական պարտականությունը: Ես վարժապետ էլ մնացի, իմն աշակերտը, ուսանողը,  ուսուցիչն  էին, Լեւոնն առաջ գնաց, ասաց` «էդ ինձ քիչ է. ես համայնի վարժապետն եմ, ես ազգ պիտի կրթեմ»: 

Զրույցի ավարտին «Ետ արի´» գիրքը նվիրեց, մի երկու բառ էլ էդ գրքից խոսեցինք, հետո` ես իմ ճամփով, ինքը`իր:
Ինձ համար գիրք տուն տանելը հիվանդանալու պես մի բան է. պիտի բուժվեմ, մինչեւ չկարդամ, դարակում չեմ քնացնում: Կարդացի ու կրակն ընկա: Ցավը` շատ, անորոշությունը` ծփացող, հույսը`աղոտ, լավատեսությունը`անհող ու պարզապես հռչակված…, ո՞ր մեկն ասեմ: Ու տես, որ մենակ է, շա՜տ է մենակ ու էն Վերնիսաժի զրույցը շարունակելու խնդիր ունի, համ էլ շատ բաներ իմ սրտից է գրել:

Հեռվից պիտի գամ. «Քիրվա» անունով պատմվածք էր գրել, մրցանակ էլ ստացավ, մրցանակ ստանալու մասին էլ մի նոր պատմվածք գրեց, արդարանում էր. «Թուրքը, որպես ժողովուրդ, իմ թշնամին է, որպես մարդ`իմ բարեկամը»:  Իր նման, բայց Հրանտ Մաթեւոսյանին սերնդակից ու գրչընկեր մեկն էլ Ադրբեջանում մի վիպակ գրեց`Աքրամ Այլիսլին (Ագուլեցի Աքրամը)`Ագուլիսի 12 եկեղեցիների, Լյուսիկի (Լուսիկ Ագուլեցու), դեպի Էջմիածնի լույսը գնացող ադրբեջանցու, հայի գերեզմանների վրա եւ գերեզմանների մեջ ապրող իր ժողովրդի մասին: Ջավախյանը հեշտ պրծավ. մի երկու մուշտի կերավ ընդամենը, Այլիսլիի գրքերն այրեցին, պարգեւները խլեցին, թոշակից զրկեցին, պահանջում էին գենետիկ զննություն անել, երկրից արտաքսել: Բայց պետությունը նրա համար քաղցած, անարգված, արժեզրկված կյանք է նախատեսել: Այդ մասին ես գրել եմ 2019-ին՝ «Հրապարակ» թերթում: Գրել եմ, որ ելք պիտի որոնել, լեզու պիտի գտնել, գրել եմ, քանզի 2018-ի համատարած խնդության մեջ ռիսկ կար, անորոշություն կար, սխալ կար, եւ  կային մարդիկ, ես էլ՝ նրանցից մեկը, ովքեր մտահոգ էին, որ, Ջավախյանի բնորոշմամբ` երկիրն ընկել է «հոգով շեղվածների» ձեռքը: Առանց այն էլ փխրուն, երերուն խաղաղությանդ դիմաց  օր-օրի հզորացող, արյունն աչքն առած թշնամուդ ներկայությամբ չգիտես` ում ես կարգում երկրիդ տեր: Մեր կանչը դա էր, թուրքը մեր աչքի լույսը չէ: Ուշացանք, արխային ընկանք, հաղթած, երկիր կառուցած տղերքի փոխարեն հրապարակ իջան անպատասխանատու հոխորտացողները:  Հիմա այս հոգով շեղվածների բրդած մածունն ենք ուտում, եւ այն դժկամորեն կուլ տվող հանրության պատկերն է «Ետ արի» գրքում: Այլընտրանք չեն թողնում.  պիտի ուտես`պատառ-պատառ, գդալ-գդալ, իսկ ով զզվանքից փսխում է, փսխածն էլ հետն են կերցնում: «Քիրվան» ժամանակից առաջ ընկած հուշում էր. չհասնենք այս օրին, քանզի սուր աչքերը տեսնում էին գալիք աղետը… իսկ մեր երկիրը`ճահիճ, մեր տղերքը`դինջ, հետո էլ… «դեմոկրատիայի բաստիո՜ն», «աշխարհի կենտրո՜ն», «եվրոնյուզի հերո՜ս»: Թվում էր, թե այդպես էլ շարունակվելու է, թե ժամանակը մեր ձեռքին էր, ու այն մենք էինք կանգնեցրել ու պիտի այսպես էլ կանգնած պահեինք:   
Ինձ դասական գրականությունն է կրթել, ինձ համար լեզուն սրբություն է, բառը, մակդիրը, սյուժեն, կառուցվածքը, երկի սկիզբն ու ավարտը շատ կարեւոր են, «մերկ» գրականություն չեմ սիրել, բայց այնքան ենք ընկել հանրայնորեն, որ «շիտակ խոսքն էշին են ասում» խոսույթն իսկը եւ իսկը մեր հագով է, եւ դա օրինաչափ ծնունդ է տալիս Լեւոն Ջավախյանի գրականությանը: Ուզենա, այլ ոճով կգրի, «լուրջ» գրականությամբ կզբաղվի, բայց իր նպատակն ուրիշ է: Այդ իսկ պատճառով չեմ խոսի ժանրային խնդիրներից, սյուրռեալիզմից, պոստմոդեռնիզմից, պարզապես մի գրական տխուր պատառ կհիշեցնեմ Մուրացանի «Առաքյալից»: 

Գյուղում իր առաքելությունն ավարտած Կամսարյանն ու կառապանը փախուստի ճանապարհին կառքի մեջ զրուցում են: Կառապանն իր խոսքը համեմում է այս պատմությամբ. մարդը սովից մեռնում է, ես ասում եմ` մի կտոր հաց տանք, չմեռնի, դու ասում ես` չէ, գարեհացը ստամոքսին վնաս է: Հիմա մենք ազգովին այս մեռնողի վիճակում ենք. սպիտակ հացատեր, սպիտակ ձեռնոցներով գրողդ, մտավորականդ չկա, Ջավախյանի արածին էլ անուն ես դնում ու գարեհաց անվանում: Ինքն ինձնից լավ է ասում. «Ինձ համար, օրինակ, նույնքան հոգեզմայլ են անճանաչ բանաստեղծ, Արցախի գոյամարտի մասնակից Գուսան Տոտիկի (Աշոտ Բեգոյանի)՝ նահատակ զինվորին նվիրված երկրաձիգ տողերն ու երգը, որքան ճանաչված բանաստեղծ Հակոբ Մովսեսի «Հո՜յ, հո՜յ մայրիկ…» վերերկրյա թառանչները: Ի՞նչ սիրտ պիտի լինի, որ անհաղորդ մնա այս պարզ ու անհավակնոտ տողերին.
 

Ամեն մեկդ մի բլուր՝ /  Տեղս պահեք բլուրում…:

Այսօր Ջավախյանի այս մոտեցման ու այս ոգով ստեղծված գրի մասին եմ խոսելու՝ «սպիտակ ձեռնոցներով» գրված գործերը թողնելով եկող բարի ժամանակներին: Խոսելու եմ ինքն իր հետ եւ ժամանակի հետ կռիվ տվող, ինքն իրենից խռոված, բայց ժողովրդի դարդով խորովված Ջավախյանի մասին:
«Ծանեցի ու ծամծմեցի ու մեջս ոչինչ չգտա: Ուզում էի ոգեղեն տաճար կառուցել, բայց ավաղ, դառը տառապանքով, սին մտածումներով ու լալագին հառաչանքներով լոկ ողորմելի տապանաքար շինեցի, որի վրա էլ հիմա իմ խոտոր ձեռքով գրում եմ. «Աստ հանգչի անկատար պատմվածքն այս»»
(«Ծնկան ծերին»): Յոթ տարի առաջ ասված այս բառերը համեստության շղարշ են քաշում իր արածի վրա. անկատար կյանքին անկատար, բայց ազնիվ գրականություն: «Ետ արի»-ն որքան ժամանակի բարքերի ու մարդկանց դատապարտում է, առավել քան` ինքնախարազանում: 

Կարծեմ` Իբսենն է ասում․ «Գրել՝ նշանակում է ինքն իրեն դատապարտել»: Ջավախյանը «կրկնահանցագործ է»: Հերիք չի՝ գրում է, ընդունված նորմերն էլ չի պահում: Բայց «նպատակն արդարացնում է միջոցները». «Իմ այս գիրքն էլ սիրուն տառերով, փունջ-փունջ բառերով եւ նախշուն տողերով հյուսված մի յուրահատուկ գորգ է, որի միջոցով փորձում եմ մոտ անցյալի դեպքերն ու իրադարձությունները կապել ներկա եւ ապագա սերունդների հետ: Դրա համար էլ երեսին`ուղիղ մեջտեղը, դեղին գույնով վերից վար նախշազարդեցի`ԵՏ ԱՐԻ…»:
 Իրապես`գիրքը մեր վերջին տարիների տարեգրությունն է: Ո՛չ արխիվ է պետք բացել, ո՛չ վկաներ ու ականատեսներ փնտրել՝  Ջավախյանի գրի իսկությունն ու անկեղծությունը փաստելու համար: Իրականությունն իր դաժան կոպտությամբ խփում է դեմքիդ, Ջավախյանն այն վերածել է գրի. «Տալի՜ս են, տալի՜ս են, պոռնիկի պես են տալիս. առան աշխարհդ, սյունյաց դարպասներդ, գուցեեւ Սյունիքդ… որ պատերազմ չլինի, որ կյանք լինի` թուրքի ոտքի տակ, գետնաքարշ, ստրուկի կարգավիճակով, միայն թե կյա՜նք, կյա՜նք, թեկուզեւ՝ անարժանապատիվ գոյությամբ» («Ողբ եղելոց»): Ահա եւ տվողը․ «Մարդ էլ իր երկրում քայլելու իրավունք չունենա ու շարունակի քայլե՞լ… Առնվազն անգլիական պադոշ պիտի լինես կամ թերեւս շպիոն, որ էդ ամենին դիմանաս… Ի՞նչ անես, մարդը աթոռ ա սիրում, ախր, շատ ա սիրում» («Հոպոպի փոշին»): Մի շտրիխ էլ՝ այլ պատմվածքից. «Մարդիկ կան, որ խոսել սովորել են խաբելու համար» («Երկինքը երկրում է»): Սրան հեգնանքն ու քամահրանքը կվայելի. «Հաղթահարել ատելությունը սիրով, սուտը` ճշմարտությամբ, բռնությունը` համբերությամբ»։ «Ասել ու այդ ամենը հաղթահարել էր Մահաթմա Գանդին, երբ նա ընդամենը քառասունհինգ կիլոգրամ էր: Իսկ ինչո՞ւ այդ նույնը չէր հաջողվելու Նիկոլ Փաշինյանին, երբ նա արդեն յոթանասունհինգ կիլոգրամ է» («Երիքովի անկումը»):

Որ գործը կիլոգրամով է, քանակով էլ ես ասեմ. ցավոք, մարդու ամենամարդաշատ հավաքը սեփական թաղումն է, սակայն այն մարդուն չի կենդանացնում եւ մասնակիցներին էլ չի ուրախացնում: Մեր մարդաշատ միտինգները հետագա թաղումներն էին գուժում:  

Եթե սրա կողքին դնում ես միջին մարդուն,  կենցաղին կառչած ցածի մարդուն, ընկած մարդուն, պաշտոնյա ազատամարտիկին, մանդատավոր սովածին, փորում ռումբեր պայթեցնող օլիգարխին, անտարբեր քաղքենուն,  ողբերգությունն իր բոլոր գույներով կանգնում է աչքիդ առաջ ու դառնում հասարակությանդ մերօրյա դիմանկարը, «ով էշ, մենք`փալան»,- ասում են ու սպասում: Ինչի՞ են սպասում, ի՞նչ են որոճում, ո՞ւմ են ապավինում: Զայրույթն ու անկարողությունն են ծնում անեծքի տողեր. «Անիծում եմ էն հային, որ հանուն մի կտոր հացի Արցախն ու Սյունիքի միջանցքը զիջելու է եւ Եղեռնը չճանաչելու դիմաց համբուրելու է թուրքի մեկնած «բարեկամության» արնաթաթախ ձեռքը, երիցս անիծում եմ էն հային, որին վաղը մայր են հայհոյելու, եւ նա իր նողկալի գոյությունը գերադասելու է սուրբ հայրենիքից: Էս ի՞նչ եղավ, ո՞ր ձորի մեջ, ո՞ր թփի տակ, ո՞ր ծմակում մոլորվեցիր, որդի՜ս… Զուլալ ակունքներից հիմա վախ է հորդում, արյունը լերդացել է պաղ երակներում… Նի՞րհն է պատել, թե՞ նինջը  քեզ, Երկիր Նաիրի…» («Ողբ եղելոց»):

Թշվառ երկիր, թշվառ վիճակ: Սրան պիտի հետեւի կա՛մ ողբը, կա՛մ լավատեսությունը: Ջավախյանը ձեռքը գցում է երկուսին էլ: Լավատեսությունը հռչակվում է, ողբը`ապրվում: Ահա նրա ողբը. «Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չկան բախտավորներ, չկան եւ բարեկամներ նախկին:
Ո՞ւմ  այսօր սիրտս բացեմ, ուսերիս բեռն է թշվառություն, եւ չկա հոգեկից ընկեր։
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չարիքը հեղեղել է աշխարհը, նրան ո՛չ վերջ կա, ո՛չ սահման:
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, լկտին հարձակվել է իր զոհի վրա, իսկ մարդկանց զվարճալիք - եւ միայն:
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, ուրախ են` խլելով վերջին պատառը մերձավորի:
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չարագործին` ընկեր, եղբորը կարծում են թշնամի:
 Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չի հիշում անցյալը ոչ ոք, բարու դեմ բարի չսպասես:
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ,  բութ են հայացքները, եղբորից  դեմքերն են շրջել:
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, սրտերում շահն է թագավորել, մի փնտրիր հենարան այնտեղ։
Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չկան արդարներ, երկիրը տրված է հոգով շեղվածներին… » («Ափ այն»):
Անձնական ու անանձնական ցավ, անորոշություն, փակ դուռ, համազգային ողբերգություն. «Արյան պղպջակներից դուրս էին լողում հինգ հազար քրքրված դիակներ, տասը-տասնհինգ հազար անձեռ, անոտ զինվորներ, գնդակներից ու արկերից բզկտված վիրավորներ, հազար-հազարավոր տնանկներ, սնանկներ եւ ավերված քաղաքներ, շեներ, գյուղեր եւ կոտրված սրտեր ու ավերված հոգիներ…»: Եվ արձագանքը․ «Ի՞նչ գրեմ, ո՞ւմ համար գրեմ, երբ կյանքն իմաստն է կորցրել: Իհարկե, լռությունիցս աշխարհից ոչինչ չի պակասի, եւ ոչ էլ իմ գրելով մի բան կավելանա… Հոգեկանս խանգարվել է․․․» («Հոպոպի փոշին»): 

Հանձնվելը միշտ էլ կա, ամենադժվարը սեփական սխալն ընդունելն ու ճշմարտության առաջ ձեռքերը վեր բարձրացնելն է. «Որքան էլ Դիոգենեսին հակաճառած լինեմ, ի վերջո ես եւս հայտնվել եմ ծիծաղելիի սահմանում: Մի տարբերությամբ`այս իրավիճակում ընդունելով ստանձնածս կատակերգուի դերն ու սխալս: Ուստի եւ համազգային շարժման զոմբիացման դեմ անողոք պայքարում գրիչս վայր եմ դնում եւ խոստովանում պարտությունս` սերունդներին թողնելով սույն Ղազագիրը» («Ղազագիր»): Ինքնախարազանումը ետդարձի կանչ է բոլոր մոլորյալների համար: Քարամահ անողներին Տերն ընդամենն ասաց`թող քար նետի անմեղը, ու հետ քաշվեցին բոլորը, Ջավախյանը ղազագիր է ստորագրում, որ ես էլ ետ գամ, ամենքս ետ գանք ու տեր կանգնենք էս ոտնահարված, անարգված ու դեպի մահը գնացող երկրին: 

Թուրքը եկել սեւաքար եկեղեցիդ տեսել է, անունը դրել է Ղարաքիլիսա (Սեւ եկեղեցի), Գլաձորի համալսարանի փլատակների պատի տակ նստած տերտերիդ տեսել է, անունը  դրել է Քեշիշքենդ (Տերտերի գյուղ), մտել է այսօրվա Վայքդ, տեսել է`քամոտ է, անջրդի, տապ,  անունը դրել է Սոյլան (թող անցի), բարձրացել է Ջերմուկ ու անունը դրել Իստիսու (Տաք ջուր), կարծես էդ տաք  ջուրը հետներն էին բերել, 7 մայրաքաղաքների, Սուրբ Էջմիածնի Այրարատ աշխարհդ  արեւմտյան Ադրբեջան է համարում, իսկ թագավորդ`բացակա,  դրսում` գետնին փռված, ներսում` գետին մտած, իսկ ժողովուրդդ`  թուրքի առեւտրին կարոտ, ուղտի ականջում քնած:

Արթնացնել է պետք, գրել է պետք, երբեմն թերեւս գեղարվեստից նահանջել է պետք, բայց պիտի ասվի, պիտի խոսվի: Ջավախյանը հավատում է գրին, գիտի, որ սա անհույս գործ չէ, եւ գրում է:

1945-ին իտալական կինոարտադրությունն աշխարհին առաջարկեց Ռոբերտո Ռոսսելիի «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը՝  Աննա Մանիանիի հրաշք կատարմամբ: Փողոցում գնդակահարվող Պինա-Մանիանին Իտալիային ֆաշիստ-ագրեսորից վերածեց զոհի, Իտալիային ոչ միայն ներվեցին ֆաշիստական ոճրագործությունները, այն նույնիսկ  «Մարշալի պլանի» շահառու դարձավ: Ֆիլմը երկիր փրկեց, ինչո՞ւ չի կարող Լեւոն Ջավախյանի խոսքը դարձի բերել մեր մեջ շատերին։ «Իմ ուսուցիչը փողոցն է, ինձ շրջապատող մարդիկ` կյանքը»,- ասել է Աննա Մանիանին: Լեւոնինն էլ Վերնիսաժն է` փողոցով ապրող փողոցի մարդկանց մեջ:  Ջավախյանը մունետիկ է, մեր օրերի մունետիկը, ով ականջից ականջ, դռնից դուռ հնչեցնում է արթնացման իր կոչնակը: Երկրորդեմ` ցավով, տագնապով, անորոշությամբ շաղախված մեր դառը օրերի տարեգրությունն է այս գիրքը եւ հասցեավորված կանչ:

Հանճարեղ Բայրոնին չբավարարեց իր գիրը, թողեց իր անգլիաներն ու իտալիաները, միացավ հույների ազատագրական պայքարին ու զոհվեց հանուն Հունաստանի ազատության, հանուն պատմական ճշմարտության: Քանզի հերոսների ու մշակույթների երկիր Հելլադան չպիտի մնար քոչվորներին ոտնակոխ: Հիմա մենք ենք այդ օրերի մեջ. մեր փնթի, թափթփված օրերի մեջ: Մեր ցնցոտիների վրա ոսկեկար կարկատաններ դնելու ժամանակը չէ, ուղիղ խոսքի, ցավացնող խոսքի ժամանակներ են: 

Չարիքը կգնա, կգան նոր ժամանակներ, ինչպես հիմա են ասում, կհաղթի Հոգեւոր Հայաստանը, այդ ժամանակ մի այլ հոդված կգրեմ Լեւոն Ջավախյանի մասին. էնտեղ Լոռեցի Օհանեսը կլինի, Նոդար Դումբաձեն կլինի, այլ մեծեր կլինեն, ու Լեւոն Ջավախյանից գիր ու պատասխան կուզենք նաեւ այս տողերի համար. «Գրականությունը մի կայսրություն է, որ սահման չունի: Դա մի տիրույթ է, որի թագավորը հենց ինքը` գրողն է: Գրողի խոսքը թագավորի խոսք է, որ աշխարհը պիտի իմանա: Ասողն անմասն չի լսողից: Ասելը վայելք է, լսելը` եւս: Ես ապրում եմ երկու սահմանի միջակայքում: Այնտեղ, որտեղ ակնթարթն է ծնվում` հաճույքի պահը: Անհապաղ հանձնում եմ մահվան ծոցին: Իմ գիրը մահացած կյանք է: Մահվան մեջ անմահությունն է ապրում» («Ձեր ոտքը զգույշ դրեք հայոց հողին»): Հիմա ժողովրդի մունետիկ Լեւոն Ջավախյանի ժամանակն է, արթնացման ժամանակն է, ետ գալու ժամանակը, հոգեդարձի ժամանակը:
Հետգրության փոխարեն: Գերտերությունների՝  Հնդկաստանի ու Չինաստանի արանքում մի երկիր կա՝ Նեպալ անունով: Երկրի անունն առնվազն 5 բացատրություն ունի՝ բրդի երկրից մինչեւ սուրբ երկիր: Իմ ծանոթներից մեկը, ով եղել է Նեպալում, ասում էր, որ տիբեթյան ցեղերից մեկի լեզվով Նեպալ՝ բառացի նշանակում է «բան կերե՞լ ես»: Սա նրանց բարեւն է եղել, դժվար են ապրել, հարցնողը միտք ու հնար չի ունեցել դիմացինին կերակրելու, ինքն էլ գուցե այդ պահին դեռ բան կերած չի եղել, բայց հարցրել է՝ կա´մ  ուրախանալու, կա´մ  կարեկցելու համար: Հիմա Լեւոն Ջավախյանն է. իր գրով ամենքիս հատ-հատ բարեւելու փոխարեն ասես անընդհատ հուշում-հարցնում է՝ էս երկրից, էս հողից, մեր պատմությունից, էն կորցրած երկրից, Դադիվանքից ու Գանձասարից, Շուշիից ու Հադրութից, մեր սուրբ տղերքից մեջդ բան մնացե՞լ է: Եթե մնացել է, ո՞ւր ես, ո՞վ ես, ի՞նչ ես: «Հարահոս ժամանակին տրված՝ առաջ ենք գնում, մինչդեռ գիրքը կանչում է՝ ԵՏ ԱՐԻ…»:

ՀԳ. Էս նյութը պիտի մնար, սառեր, վրայի քափը քաշվեր, բայց իմացա, որ հունիսի 19-ին Լեւոն Ջավախյանի ծնունդն է, դառնում է 74 տարեկան: Շնորհավոր ծնունդդ,  եղբա´յր. մաղթանքս` առողջություն, խնդրանքս`գիր, հայցում եմ ներողամտությունդ անկատար հոդվածիս համար: 

Վիկտոր Մարտիրոսյան
բանասիրական գիտությունների թեկնածու