Եթե այդպես լիներ՝ հիմա Ալիևը գլուխը պատին պետք է տար 

Եթե այդպես լիներ՝ հիմա Ալիևը գլուխը պատին պետք է տար 

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը ճնշելու իշխանությունների փորձերը վաղուց են անցել «կարմիր գծերը»։ Կիրանցում բնակիչներին սև բերետավորների կողմից դաժան ծեծի ենթարկելու հանգամանքն ինքնին խոսուն փաստ էր։ Մինչ հարևան Վրաստանում իշխանությունների կողմից՝ բողոքի ցույցերը ճնշելու ցանկացած փորձ քննադատության է արժանանում արևմտյան երկրների ու կազմակերպությունների կողմից, Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ոստիկանության ապօրինությունները չեն էլ տեսնում։ 

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ուժերը կարող են լինել պրոարևմտյան, պրոռուսական, պրոադրբեջանական և այլն, սակայն այդ ուժերի համար կարող են լինել կարմիր գծեր։ Օրինակ, տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է և մենք ինչքան էլ ուզենանք դառնալ ԵՄ-ի, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի մաս, բայց կան կարմիր գծեր՝ ինքիշխանության, տարածքային ամբողջականության հարց և այլն։ «Ինչքան էլ կոնկրետ արտաքին վեկտոր չլինի այսօրվա Հայաստանի քաղաքականության մեջ, կարիք կա ունենալ լծակներ նաև ազդելու և ճնշելու համար որոշ հարցերում։ Դա կարող է ներառել նաև ազգային օրակարգ սպասարկող ուժերը, որոնք իրականում այլ օրակարգ են սպասարկում։ Օրինակ, հիշո՞ւմ եք, ոնց էին Ուկրաինայում 2013 թվականին միասին կանգնել աջակողմյան ուժերն ու ԼԳՏԲ ՀԿ-ները, նրանք ովքեր սպասարկում էին ծայրահեղ աջակողմյան օրակարգը և նրանք, ովքեր ամբողջությամբ ծայրահեղ լիբերալ օրակարգ էին սպասարկում, բայց միասին էին կանգնած։ Նկատի ունեմ, որ արտաքին ուժերի գործողությունների ու կիրառվող գործիքների հավաքածուն շատ բազմաշերտ ու տարբեր կարող է լինել՝ սկսած սեռական փոքրամասնություններից մինչև ծայրահեղ աջակողմյան գաղափարներ»։ 
Կա տպավորություն, որ պրոադրբեջանական թևն իր աջակցությունը նվազեցրել է Փաշինյանին, Մելքոնյանն ասաց, որ կարևոր է հստակ բովանդակությունը հասկանալ. «Երբ մենք կարդում ենք արևմտյան գործիչների, դիվանագետների, պետական գործիչների հայտարարությունները, շատ հաճախ տեսնում ենք բառակապակցություններ, որ մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը։ Մինչ այդ հանդիպում էին հայտարարություններ՝ մենք աջակցում ենք Հայաստանին։ Հիմա էլ են ասում՝ աջակցում ենք Հայաստանին, բայց հաճախ տեսնում ենք՝ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, Հայաստանի իշխանությանը և այլն, և այլն, և սրանք շատ պարզ մեսիջներ են, դրանք մինչև հիմա էլ կան»,-ասաց վերլուծաբանը։ Ապա հիշեցրեց 2022 թվականին Նենսի Փելոսիի այցը, ով Հայաստանում հայտարարեց, որ եկել է իր աջակցությունը հայտնելու Հայաստանի ժողովորդավարությանը, իսկ դա նշանակում էր աջակցություն հայտնել գործող իշխանությանը, ոչ թե Հայաստանին` որպես երկիր։ 

«Որևէ մեսիջ, որ աջակցության մակարդակը Փաշինյանին արևմտյան կողմից նվազել է՝ ես չեմ կարող նշել պաշտոնական մակարդակով։ Մեկ ամիս առաջ մենք տեսանք աննախադեպ սամմիթ՝ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ, մոտ մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայից մեծ պատվիրակություն էր եկել։ Նկատի ունեմ գործընթացը տեղի է ունենում, այն կարող է ցուցադրական չլինել, բայց աշխատանքը գնում է։ Եթե լիներ քաղաքական որոշում, որ` մենք չենք սատարում, չենք աջակցում, կունենայինք այլ պատկեր»,-ասաց Մելքոնյանը։ Նա հավելեց` ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, ոստիկանության պահվածքն է անընդունելի, մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարությունները հենց այս օրակարգերին պիտի վերաբերեին, ինչը չկա։ 

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Freedom House-ի վերջին անդրադարձը ՀՀ իշխանությունների գործելաոճին, Մելքոնյանն ասաց, որ իրականում դա ճնշման լուրջ միջոց չի, որովհետև թվով շատ քիչ պետություններ են ուշադրություն դարձնում, թե ինչ է հրապարակում Freedom House-ը։ «Եթե այդպես լիներ՝ Ալիևը պիտի գլուխը պատին տար, որովհետև այդ զեկույցներով ինքն ամենաներքևում է։ Freedom House-ի ցուցակում ամենաներքևում է` մամուլը, քաղաքացիների իրավունքները և այլն, և այլն, այսինքն, Ադրբեջանը թոփ 5-ում է, անտիռեյտինգում ամենաառաջինը լինելու տեղին կարող է հավակնել, բայց ոչ մի խնդիր չկա, չէ՞, Ադրբեջանի հետ՝ ոչ մի պատժամիջոց, ոչ մի ճնշում, ոչ մի ռեֆորմ՝ բարեփոխումներ Ալիևի կողմից։ Իրական քաղաքականության հետ այդ զեկույցները շատ կապ չունեն, տեղեկատվական դաշտում դրանք կարելի է օգտագործել, բայց` ոչ քաղաքականության մեջ»,-եզրափակեց Մելքոնյանը։