Սեփական հայրենիքին տեր կանգնելու պատրաստ ժողովուրդը

Սեփական հայրենիքին տեր կանգնելու պատրաստ ժողովուրդը

Իշխանափոխությունից հետո հայաստանցիները դեռ երկար կհիշեն, թե ում են 2018-ի գարնանը համարյա ազգովի բերել իշխանության: Մեկին, որ հանուն պաշտոնի պահպանման պատրաստ է թշնամուն զիջել ողջ երկիրը: Որ թշնամու դեմ խեղճանալով՝ երկրի ներսում առյուծ է կտրում: Բայց միայն այն պահերին, երբ շրջապատված է լինում մի քանի տասնյակ կամ հարյուր ոստիկանով: Երկրորդ անձին, որ բացարձակ զուրկ է ինքնուրույնությունից ու անընդհատ շնորհակալություն է հայտնում իրեն այդ բարձր պաշտոնին նշանակող առաջինին: Երրորդին, որը ևս ինքնուրույն միտք հայտնելու ունակություն հանդես չի բերում: Ընդամենը կրկնում է իրեն այդ պաշտոնին նշանակողի մտքերը: Բայց հայտնի է «հերոսական», այն է՝ թքելու կեցվածքով՝ երբ պաշտպանված է թիկնապահներով: Միաժամանակ, փոխաբերական իմաստով ասված՝ թքած ունի նաև նախկինում իր կողմից հայրենիք համարվող երկրամասի ճակատագրի վրա: 

Նկարագրված կերպարներն այն եռյակն է, որ ներկայացնում է մեր երկիրը ներսում կամ դրսում: Տարիներ առաջ ՀՀ երրորդ նախագահին բնութագրել էի այն խոսքով, որ շուրջ 100 տարի առաջ ազգությամբ հրեա հեղափոխական Տրոցկին էր օգտագործել ազգությամբ վրացի հեղափոխական Ստալինի առումով: Հաշվի չէի առել Այգեկցու առակի խորհուրդը, որ վատ կառավարիչ մեկին կարող է փոխարինել շատ ավելի վատը: Ու ավելի լավ է փայփայել առաջինին՝ երկրորդի ձեռքը չընկնելու համար: Եթե, իհարկե, չես կարողանում կտրել առաջինի գլուխը՝ ինչպես, իր ասելով, փոխաբերաբար խորհուրդ է տալիս քպկական «ազգընտիրներից» մեկը: Աչքիս 21-րդ դարի մարդը պետք է սեփական կաշվի վրա զգար այդ երևույթը, որպեսզի գիտակցեր այն, ինչի վերաբերյալ իր նախնիներից մեկը խորհուրդ էր տվել 800 տարի առաջ: 

2018-ին ժողովրդին հիմարացնելով իշխանության միջանցքներում հայտնված խմբակի մնացած անդամներն, իհարկե, ոչնչով լավը չեն վերը նշված եռյակից: Լավը չեն ո՛չ իրենց վարքով և ո՛չ էլ բարքով: Նրանք՝ եռյակի հետ միասին, բախտի բերմամբ կամ, ավելի ճիշտ, Հայաստանի երրորդ նախագահի թողտվությամբ հայտնվել են այն առանձնասենյակներում, որ երբեք չեն երազել (բացառությամբբ եռյակից առաջինի): Ու, բնականաբար, վայելում են դրա շնորհիվ իրենց բաժին հասած հաճույքները: Ինչը նշանակում է, որ դրանք կենաց ու մահու պայքար կմղեն ընդդեմ ժողովրդի: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ եթե 700 հազար մարդ էլ հավաքվի մայրաքաղաքի հանրապետության հրապարակում ու կից փողոցներում, Նիկոլը փորձելու է բռնի ուժով պահպանել իշխանությունը: Բայց ենթադրում եմ, որ բոլոր մնացածները կկորչեն տեսադաշտից՝ ճիշտ այնպես, ինչպես կորան 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից անմիջապես հետո:

Ի դեպ, 700 հազարը պայմանական թիվ չէր. 2021-ի ընտրությանը Նիկոլը ստացել էր 688 հազար ձայն: Եվ այդ ծավալն անընդհատ տարփողում էր որպես ժողովրդի կողմից իրեն տրված մանդատ, այն էլ՝ երկաթե: Բայց քանի որ մենք գործ ունենք անընդհատ կարծիք փոխող անձի հետ, 700 հազարն էլ նրա համար չի կոչվի ժողովուրդ: Եվ այդ դեպքում կհաղթանակի այն կողմը, որի առաջնորդողների անձնազոհության պատրաստակամությունը կգերազանցի Նիկոլի կողմից ցուցաբերվելիք բռնի ուժին: 

Հ. Գ. Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ սեփական հայրենիքին տեր կանգնելու պատրաստ ժողովրդի պատկերը հույս է ներշնչում, որ դա այդպես էլ կլինի: Եվ դեպի Երևան մարդկանց երթը կպսակվի հաղթանակով: